540 հազար եվրո` կես տարում 


 

Հին Հռոմն այնքան է ձգում մարդկանց, որ այստեղ եկողները ջրավազանների մեջ մետաղադրամ էին նետում, որպեսզի նորից վերադառնան: Մինչ օրս գրեթե ամենուր պահպանվում է այդ ավանդույթը, թեև շատերը չգիտեն դրա ծագման սկզբնաղբյուրը:

Նոր Հռոմում, բնականաբար, նույնպես զբոսաշրջիկները դրամ են նետում ջրավազանների մեջ: Եվ ընթացիկ տարվա առաջին 6 ամիսների ընթացքում նշանավոր Տրեվի շատրվանն աննախադեպ եկամուտ է բերել քաղաքին` 540 հազար եվրո: Մինչ այս` դրա ջրերում ողջ տարվա ընթացքում կուտակվում էր շուրջ 700 հազար եվրո: Այդ գումարները սովորաբար հանում են կամավորները` ոստիկանների հսկողությամբ և տրամադրում բարեգործությանը (գրել է EuroΗΖg-ը):

Հռոմի խոշորագույն այս շատրվանը նշանավոր է ոչ միայն որպես մշակութային հուշարձան: Այն ճանաչվել է նաև շնորհիվ արտիստուհի Անիտա Էկբերգի, ով Ֆեդերիկո Ֆելինիի հայտնի «Քաղցր կյանք» ֆիլմում լողանում էր դրա ջրերում:

Մետաղադրամ նետելն էլ իր կանոններն ունի. 1 հատ մետաղադրամը` որպեսզի նորից վերադառնան այդ քաղաք, 2 հատը` սիրային հանդիպման համար, իսկ երեք հատը` որպեսզի հարսանիքը չուշանա: Անցյալ տարի Տրեվի շատրվանին «պահ տված» գումարներով աղքատների համար էժան սուպերմարկետ է բացվել: