6 միլիարդ` 9/11-ի դիմաց 


 

Մարդկության դեմ ուղղված ոչ մի ոտնձգություն վաղեմության ժամկետ չունի և չի կարողանա անպատիժ մնալ: 2001-ի սեպտեմբերի 11-ին նյույորքյան ահաբեկչության վերջնական գնահատականն էլ չի տրված` դրա կազմակերպիչների, նպատակի մասով: Բայց օրերս դրա զոհերի հարազատներին փոխհատուցման վճիռ է կայացվել:

Մանհեթթենի դաշնային դատավոր Ֆրենկ Մաասի հրապարակած որոշմամբ` «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցը, «Թալիբան» շարժումը և Իրանը պարտավոր են նրանց 6 միլիարդ դոլար վճարել (տեղեկացրել է AssociΖted Pressը-):

Որպես հայցվոր հանդես է եկել Փենսիլվանիայի բնակչուհի Էլեն Սարացինին, ում ամուսինը երկվորյակ աշտարակներին բախված օդանավերից մեկի կապիտանն էր: Մեկ տարի առաջ դաշնային մեկ այլ դատավորի որոշմամբ այդ ահաբեկչության պատասխանատու էին համարվել ոչ միայն «Ալ-Քաիդա»-ի գրոհայիններն ու թալիբները, այլ նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Համընեին և լիբանանյան «Հըզբոլլա» խմբավորումը:

Թեհրանը մեղադրվում է առ այն, որ իրանական հատուկ ծառայություններն իրենց տարածքում կարող էին ձերբակալել ահաբկիչներին և կանխել հարձակումը: Դրանից զատ, Վաշինգտոնի տվյալներով` սեպտեմբերյան գրոհներից հետո իրանական իշխանությունները միջազգային ահաբեկչական խմբավորումների մի քանի անդամների օգնել են ապաստան գտնել:

Դատավորները փորձում են հիմնավորել իրենց այս տեսակետները` թեև ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը շատ ավելի վաղուց պաշտոնապես հերքել էր Թեհրանի մասնակցությունն ահաբեկչությանը (գրել է РБК-ն):

Որոշումը` որոշում, բայց երկուսն էլ կայացվել են դատավորների կողմից, և դատարանի վճիռների մասին ոչինչ չի ասվում: Առավել ևս` պետության կողմից փաստեր չեն առաջադրվում: