ԵՐԲ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՓՆՏՐՎԱԾ 


 

- Ձեր ողջ աշխատանքային կենսագրության մեջ պաշտոններ զբաղեցրել եք Համո Սահյանի անմիջական միջնորդությամբ: Մեծ քնարերգուի վաստակի, հարգանքի, հեղինակության շնորհիվ էր, որ Դուք դարձաք շրջկոմի առաջին քարտուղար: Մինչդեռ Սովետմիության փլուզումից հետո մոռացաք Սահյան բանաստեղծին` Մեծին և Մարդուն, քանզի նոր եկող իշխանության կողմից Դուք ընկալվում էիք արդեն հնի կարկառուն ներկայացուցիչ: Այստեղ Ձեզ չէր փրկի և ոչ մի  միջնորդություն: Դա էր երևի պատճառը, որ Դուք հեշտությամբ մոռացաք մեծ պոետին, Ձեր հովանավորյալին, ով մեռավ ծայրահեղ աղքատության մեջ, միայնակ, սոված, նեղացած աշխարհից ու Ձեզնից...

Իր հայրենի Սիսիան քաղաքի առթիվ մտահոգություն հայտնած բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԿԿ Սիսիանի շրջկոմի առաջին քարտուղար Շչորս Դավթյանին այսպես է պատասխանել Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը: Մեր թերթը ևս արձագանքել է Շչորս Դավթյանի անհանգստություններին, որովհետև մենք մեր աչքերով ենք տեսել Սիսիանը, ցավ ապրել, որ նախկին շրջկենտրոնն իսկապես այսօր սիրտ է սղոցում իր տեսքով, գործազրկությամբ, արտագաղթով: Բայց, նախ անդրադառնանք Համո Սահյանին մոռանալու խնդրին:

Հազիվ թե քաղաքապետը բարեկամություն է անում բարոյականության հետ, քանի որ նա հրապարակավ զրպարտում է Համո Սահյանի հիշատակի հավերժացմանն իր ողջ գիտակցական կյանքը նվիրած մարդուն, ով ստեղծել է «Համո Սահյան» հիմնադրամը, հրատարակում է գրքեր, կազմակերպում հիշատակի խնկարկումներ, ամեն ինչ անում, որպեսզի մեր դասական քնարերգության վերջին ներկայացուցիչներից մեկի բանաստեղծությունը մշտապես մնա որպես ազգային հարստություններից մեկը:

Շչորս Դավթյանն իր մտահոգությունները չի ուղղել քաղաքապետի գործունեությանը, սուր քննադատության չի ենթարկել նրան, որևէ վիրավորական խոսք չի հնչեցրել: Մինչդեռ կարող էր գրել, որ այս քաղաքապետի գործունեության առնչությամբ մարդիկ նամակ են հղել նախագահ Սերժ Սարգսյանին` պահանջելով պաշտոնանկ անել Աղասի Հակոբջանյանին: Հիշեցնենք այդ նամակից տողեր.

- Գաղտնիք չէ, որ տարվա այս ժամանակահատվածում հողագործին ֆինանսներ են պետք սերմացու, պարարտանյութ, վառելիք և անհրաժեշտ այլ գյուղնյութեր ձեռք բերելու համար: Եվ ահա, օգտվելով հողագործի համար անպատեհ ժամանակից, քաղաքապետը դատի է տվել բազմաթիվ մարդկանց, դատարանի միջոցով պարտադրելով վճարել սեփականաշնորհված հողերի հարկը` հակառակ դեպքում սպառնալով բռնագրավել սեփականաշնորհված հողերը: Հենց հողերի նկատմամբ սեփականության իրավունքի հարկադիր կարգով դադարեցնելու պահանջով էլ քաղաքապետը դիմել է դատարան: Ավելացնենք, որ քաղաքապետը հիմնականում դատի է տվել այն մարդկանց, ովքեր 2008 թ. ՏԻՄ ընտրություններում իրեն ձայն չեն տվել: Իսկ զավեշտալի է, որ դատի է տվել նաև բազմաթիվ մեռած մարդկանց և նրանցից հարկ է պահանջում: Սիսիանի քաղաքապետ Ա. Հակոբջանյանն իր պաշտոնավարության երկուսուկես տարիների ընթացքում`

ա. բիզնես ոլորտում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ (հանքարդյունահանում, էլեկտրաէներգիայի արտադրում և այլն), որն արգելված է ՏԻՄ օրենքով.

բ. Սիսիան քաղաքը վերածել է քարուքանդ փողոցներով, փոշու և կեղտի մեջ կորած անհրապույր, մարդկանց առողջության համար վտանգավոր գյուղաքաղաքի.

գ. տեղական տուրքերի համար առանց հիմնավորման սահմանել է ամենաբարձր սահմանանիշը, որի հետևանքով երկու տարվա ընթացքում բազմաթիվ խանութներ ու կրպակներ փակվեցին` զրկվելով ապրուստի փոքրիկ միջոցից.

դ. մանկապարտեզների վարձավճարը նախկին 1000 դրամի փոխարեն դարձրեց 3000 դրամ, այն էլ կասկածելի կերակրացանկով.

ե. համայնքային աշխատողներին ստիպում է պարտադիր մուծումներ կատարել իր ստեղծած «Սիսիան» հիմնադրամին, որի միջոցները երբևիցե չեն ծառայել Սիսիան քաղաքին: Այս ցանկը երկար կարելի է շարունակել` ներառելով խոշոր չափերի հասնող ընտրակաշառքները, Շաքիի ջրվեժի և Սիսիանի ավազահանքի յուրացումը, ձևական մրցույթների անցկացումը, պետության ու համայնքի միջոցների հաշվին միայն այն փողոցի ասֆալտապատումը, որտեղ գտնվում է իր նորակառույց «ապարանքը», և այլն, և այլն:

Սա գրել են սիսիանցիները և հրապարակել մամուլում: Մինչդեռ Շչորս Դավթյանն այս ամենին չի անդրադարձել: Իսկ եթե անդրադառնար, ի՞նչ էր պատասխանելու Աղասի Հակոբջանյանը, որի կերպարի «նրբագծերն» ավելացնելու համար էլի մի փաստ հիշենք.

- Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Սիսիանի քաղաքապետի տեղակալ Աշոտ Գրիգորյանի դատավարությունը: Նա մեղադրվում է քրօրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասի` պաշտոնական լիազորությունների չարաշահման մեջ: Ըստ հայցի, նա և քաղաքապետարանի ֆինբաժնի պետ Համիկ Ստեփանյանը Սիսիանի բնակիչ Անահիտ Ղուկասյանից խարդախության միջոցով նրան պատկանող Սիսիական 39/2 հասցեում գտնվող հողաբաժնից պահանջել են 1700քմ տարածք: Արդյունքում` Անահիտը կրել է 11 մլն 255 հազար դրամի վնաս: Ըստ որոշ տեղեկությունների, սա արվել է Սիսիանի քաղաքապետ, ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանի ցուցումով: Սակայն վերջինս հրաժարվել է օգնել իր ենթականերին` ասելով, «արել եք, պատասխան տվեք»: Մեղադրյալները «քսիֆ» են ուղարկել քաղաքապետին, որ եթե շարունակի իրեն պահել նման կերպով, ապա դատարանին կպատմեն իրականությունը:

Անկեղծ ասած, կարող էինք այս շարքը շարունակել, սակայն բավարարվենք այսքանով, իսկ մեր ունեցած հարուստ տեղեկություններն էլ պահենք մեր մտքում և նախկինում լույս տեսած բազմաթիվ հրապարակումներում... 

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ