«Սերն է, որ կփոխե մարդուն»


Ամերիկացի մեծ հայորդու ծննդյան 100-րդ տարեդարձը միաժամանակ նշվեց Ֆրեզնոյում և Երևանում: Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում, ուր նրա սիրտն է թաղված, Դավիթ Երևանցու հեղինակած քանդակի շուրջբոլորը հավաքվել էին սարոյանական հոբելյանական կառավարական հանձնախմբի անդամները, ՀՀ վարչապետը, ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանության ներկայացուցիչները, Սարոյանի և Պուշկինի անվան հանրակրթական դպրոցների աշակերտներ, մտավորականներ… XX դարի գրական հսկայի պարզ ու խորունկ մարդկային կերպարը սկսեց կենդանանալ Մեք Գրեգորի շեփորի կանչով, Սարոյանի ձայնի հեռարձակմամբ, ապա սկսեց ամբողջանալ առաջին իսկ ելույթով: Խոսքաշեն Դավիթ Մուրադյանը խոշոր շտրիխներով պատկերավոր ուրվագծեց ամերիկյան հողից աշխարհի հետ մտերմիկ զրուցող հայազգի գրողի դիմանկարը` բնութագրական գույներ քաղելով նրա ստեղծագործության էջերից: Ամեն ինչ իմանալով անողոք իրականության մասին` Սարոյանն իր գրչով հույս և մխիթարություն էր սերմանում բարության կարոտ մարդկային սրտերում, հավատ ներշնչում սեփական հաջողության իրագործելիության նկատմամբ: Սրանով էլ նա հավասարապես հոգեհարազատ է հայերին ու ամերիկացիներին, ովքեր Սարոյանի գրական աշխարհում տեսնում են իրենց դասական կենսագրության ընդհանրացումը, մարդկային տեսակի անվրեպ նկարագրությունը: Հիմնականում հոր և որդու փոխհարաբերութ յուններով բացահայտելով կյանքի իրողությունները` նա զգացմունքառատ շեշտադրությամբ է ներկայացնում մարդկային կեցությունը: Հոր փորձառությամբ ու իմաստությամբ նորելուկ սերունդներին մարդասիրության դասեր տալիս` «Սերն է, որ կփոխե աշխարհը», «Ես գիտեմ ճշմարտությունը, բայց ավելի լավ բան եմ որոնում» բանալիով: Նույնաշունչ ելույթների գեղարվեստական եզրափակումը գրողի անունը կրող դպրոցականների փոքրիկ բեմականացումն էր: Գրողի 3 հասակները ներկայացնող պատանինե րից ամենափոքրին, ով նույն անուն ազգանունն ուներ, ներկաները համարեցին ամերիկահայ դասականի վերածննդի խորհրդանիշ: Վերստին հիշատակվեցին հանրածանոթ մտքերը` դրանց ամփոփիչ բանաստեղծականությամբ համակելով սարոյանապաշտ ներկաներին: Սարոյանական հանդիսությունների կիզակետը առջևում է: Նրան իր ստեղագործություն ների մեջ որոնողները լիահույս են` վերջապես արժանանալ երկերի լիակատար ժողովածուի հրատարակությանը: Հայաստանի քարը, ծառը, արևն ու մարդուն սիրող գրողի հոբելյանը, կարծում եմ, պատեհ առիթ կհանդիսանա ինքնատիպ այս մարդաբանի բազմաբովանդակ աշխարհը, բեղուն ժառանգության հայ գրասերին անհայտ շերտերը պատշաճ ամբողջացնելու համար:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ