Հայ երգը` անանց սեր


Սուսաննա Սաֆարյանի համար հայ երգը անանց սեր է, անդավաճան ուղեկից, որը չի լքում ոչ մի պահի և ամեն վայրկյան պարուրում է էությունդ: Արդ, ավելի քան երեքուկես տասնամյակ նա այդ երգից առած ջերմությունից փորձում է բաժին հանել բոլորին: Հիմա արդեն ինքն էլ դժվարանում է հաշվել, թե քանի ելույթ ու մենահամերգ է ունեցել: Չի մոռանում սակայն առաջին բեմելը. Սևանի մշակույթի տան դահլիճում ժողգործիքների պետական նվագախմբի նվագակցությամբ նրա երգն, իսկապես, թովել էր ունկնդրին: Հետո արդեն, երբ որոտընդոստ ծափերը հուշել էին, որ ելույթը հաջողվել է, աղջնակը ետնաբեմում չի կարողացել արցունքները զսպել: - Հուզվել էի,- ասում է Սուսաննան:- Այն ժամանակ մի զգացողություն ունեի միայն` հուսախաբ չանել ինձ բեմի «ուղեգիր» տվողներին և չհիասթափեցնել հայ երգի երկրպագու ներին: Այսօր էլ, ամեն կատարումից առաջ նույն հուզմունքն եմ ապրում: Երգը ինձ համար միջոց է` մարդկանց հետ զրուցելու, նրանց հոգիներում նիրհող կարոտներն արթնացնելու, հայ երաժշտարվեստի գանձարանը պեղելու… Հանկարծ հասկացա, որ մշակութաստեղծ հայ մարդը հեռանում է իր իսկ ստեղծած արժեքներից. հեռացել է այնքան, որ չգիտի էլ, թե ինչ խաղիկներ են թրթռում իր շուրթերին.. Հույզերը հորդում են, երբ Սուսաննան երգից է խոսում: Խոսում է ու երգում, երգում է ու հիշում… Այդպես էլ հենց ստեղծագործում է: Իսկ ձայնը… տարիները ոչ միայն չեն խամրեցրել, այլև «արծաթազօծել» են, ասես, նրա հոգեթով ելևէջուն ձայնը: Անաղարտ պահել հայ երգը, չաղճատել այն` տուրք տալով վաղանցիկ վայրիվերումներին, հայեցի մատուցել և հնարավորության դեպքում` հարստացնել ազգային երգադարա նը. իր համար ելակետային այս սկզբունքներին անդավաճան` Սուսաննան նաև ստեղծագործում է: Ինչպես ինքն է ասում` ստեղծագործել ասվածը փոքր-ինչ այլ է իր պարագայում: Ինքը միայն ըմբոշխնում է հայրենի երկրի գեղեցկությունը, տպավորվում ամեն պահով, զմայլվում բնության կատարելությամբ… Լցվում է տեսածով ու զգացածով: Իսկ այդ ամենը հանկարծ երգ են դառնում` մեղեդի ու պոեզիա: Փոքր-ինչ հումորով, բայց երկյուղածությամբ է պատմում, թե ինչպես մի վաղ առավոտ քայլերն իրեն Սևանի ափ տարան: - Պահի վեհությունը բառերով արտահայտել չեմ կարող, բայց կախարդվել էի ասես: Մեկ էլ մի ալիք փարվեց ինձ ու կարծես լվաց ավազին եղած բոլոր հետքերը: Մի փայտիկ գտա ու ավազի վրա գրեցի ներսումս ալիքվող երգի տողերը. երեք քառյակ: Հետո վազեցի տուն, ուր հյուրընկալվել էի, և գրիչ ու թուղթ բերեցի` ավազին գրածս արտագրելու: Այդպես է միշտ` նույն պահին եթե գրի չառնեմ, հետո չեմ հիշում, որովհետև չեմ որոնում բառն ու հանգը. դրանք ինքնաբուխ «գալիս» են,- իրեն հատուկ անկեղծությամբ պատմում է երգչուհին: Էությամբ անչար` չի ուզում խոսել անարվեստ կատարումների մասին, ընդվզում է, բայց` - Ճանապարհին հանդիպող անպիտան խոտը պետք չէ արմատախիլ անել կամ նույնիսկ` տրորել: Նա էլ իր չափով պիտի գոյատևի: Եթե կարող ես` ինքդ վեր կանգնիր, մրցակցիր: Գրագետ կատարումները, իհարկե, շատ քիչ են մեզանում: Ի վերջո` ունկնդիրն է գնահատողը, և որքան էլ գովազդներով փորձես շեղել, միևնույն է` երգը հոգով են ընկալում: Իսկապես` արվեստն ի վերուստ պարգև ու նաև` պարտադրանք, իսկ ճշմարիտ արվեստագետը` ընտրյալ է հիրավի: -Հարություն որդիդ էլ երաժշտարվեստն ընտրեց ու ինքնահաստատման առաջին քայլերը խոստումնալից են կարծես: Ի՞նքդ ուղղորդեցիր, թե նրա համար էլ դա հոգու պահանջ էր: - Մեր ազգային բլուլն է նա ընտրել… Ավելի ճիշտ` չի ընտրել, դրա հանդեպ սերը կամ հակումը ժառանգել է հորական պապից: Երբեմն ինքս էլ զարմանում եմ, թե առաջին հայացքից շատ պարզ այդ նվագարանով քանի-քանի ուրիշ նվագարանների «ձայնով» է նվագում: Կոնսերվատորիայի 3-րդ կուրսի ուսանող է` շնորհալի մանկավարժ Սամվել Երկնափշյանի կուրսում: Հիացմունքս ու ուրախությունս, իհարկե, թաքցնում եմ նրանից, բայց շատ եմ ուզում, որ կարողանա ճիշտ մատուցել մեղեդին: Ի դեպ, Հարություն Սաֆարյանը նոր է վերադարձել միջազգային փառատոնից, որի շրջանակներում` Եգիպտոսում, Սիրիայում, Հորդանանում իր շվիով հաջողությամբ ներկայացրել է հայկական մեղեդիներ: Ինչպես ասում են` ձանձրանալու ժամանակ չունի երգչուհին: Յուրաքանչյուր համերգից հետո (իսկ դրանք սակավադեպ չեն և միշտ անցնում են բազմամարդ համերգասրահ ներում) նա արդեն հաջորդ բեմելին է պատրաստվում: Եվ ամեն անգամ` նույն երկյուղածությամբ: Հայաստանի բոլոր բնակավայրերում նա իր կատարումների ջերմ երկրպագուներն ունի: Սիրո°վ են սպասում նրա երգերին, ինչն էլ հենց պարտավորեցնում է որոնել անվերջ ու միշտ գտնել այն մեղեդիները, որոնք մարդկանց սրտերի հետ են խոսելու:

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ