Միայն գիտելիքով կարելի է զսպել սանձարձակությունն ու ագրեսիան


Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, այցելեց Երևանի Չարենցի անվան միջնակարգ դպրոց: Նոր ուսումնական տարվա մեկնարկի հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև հյուրեր, ծնողներ: Արարողությունը հանդիսավոր խոսքով բացեց Ս. Օհանյանը, աշակերտներին ուղղված շնորհավորական խոսքում մասնավորապես նշելով. - Սիրելի աշակերտներ, ծնողներ Հարգելի ներկաներ, Շնորհավորում եմ բոլորիս` նոր ուսումնական տարվա և° գիտելիքի, և° դպրության օրվա առթիվ: Այս օրը հատկանշական է մեր ժողովրդի համար. հայը, իր ամբողջ պատմության ընթացքում պահպանել է դպրոցն ու դպրությունը` մերթ ընդ մերթ կորցնելով այն: Մենք մեծ ուշադրություն պետք է դարձնենք դպրոցին, գիտելիքին` առհասարակ, որի միջոցով դաստիարակվում են ոչ միայն երեխաներ, այլև ծնող, քաղաքացի, մարդ: Ասել է թե` մենք բոլորս աշակերտներ ենք: Ես` որպես ուժային գերատեսչության ղեկավար, վստահաբար ասում եմ ձեզ, որ այսօր միայն գիտելիքով կարելի է զսպել սանձարձակությունները, ագրեսիան: Վստահաբար ասում եմ նաև, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը միշտ հովանավորում, աջակցում է դպրության օջախներին և համագործակցում վերջիններիս հետ: Կրկին շնորհավորում եմ բոլորիս գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ և ցանկանում բեղմնավոր ուսումնական տարի: - Այնուհետև աշակերտներին շնորհավորական խոսք հղեցին ծնողները, որոնք իրենց ելույթներում ընդգծեցին, որ աշակերտին ճիշտ կրթություն և ուղղորդում տալու համար անհրաժեշտ է ոգևորություն, որը գալիս է նաև ծնողներից, որոնցև կոչ արեցին լինել առավել աչալուրջ և իրենց գործով օգնել ուսուցիչներին: Ապա ելույթ ունեցան աշակերտներ` իրենց հասակակիցներին կոչ անելով ավելի լավ սովորել` հետագայում բարձունքներ նվաճելու համար: Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ դպրոցի աշակերտներից կազմված պարի խմբակը: Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տոնական միջոցառմանը ներկա էին սպաներ, հյուրեր, ծնողներ: Արարողությունը հանդիսավոր խոսքով բացեց ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, որը նշեց, որ հիրավի գեղեցիկ և սքանչելի օր է, քանզի այսօր հայ ժողովուրդը կարևոր և գեղեցիկ տոն է տոնում` գիտելիքի և դպրության տոնը, որը տոնն է մեր մտքի և հոգու: Ապա բարեխոսություն խնդրեց առ Աստված, որ նա մեզ պարգևի բեղմնավոր գործունեություն և մաղթեց, որ Տերը անսասան, և իր հովանու, և իր աջի տակ պահի մեզ ամենքիս: Այնուհետև սաներին ողջունեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը պաշտպանության նախարարության ողջ անձնակազմի, ղեկավարության և իր անունից շնորհավորեց սաներին` գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Նախարարը նշեց, որ օրը հատկանշական է նաև մեր զինված ուժերի համար. այսօր մեր դպրության օջախները համալրվում են նոր աշակերտներով, սաներով, և, որ սա սկիզբն է` հետագայում կիրթ քաղաքացի և լավ մասնագետ դառնալու: Ս.Օհանյանը նշեց նաև, որ այսօր պետք է հիշենք բոլոր նրանց, ում կյանքի շնորհիվ կանք, ապրում ենք և արարում խաղաղ պայմաններում` հիշելով նաև մեր Արցախյան ազատամարտի հերոս Մոնթե Մելքոնյանին, նրա անցած ճանապարհն ու սխրանքները, որոնք օրինակ պետք է ծառայեն և արտացոլվեն ուսուցման գործընթացում: Շնորհավորական խոսքով սաներին ողջունեցին նաև Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներ, հանրակրթական առարկաների դասավանդողներ, ինչպես նաև ծնողներ: Ապա, ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պետ, փոխգնդապետ Վ.Ոսկանյանը նախարարին ներկայացրեց «հՏսՊՈՑօ ՀՏրրՌՌե ամսագրի վերջին համարը, որտեղ զետեղված են վարժարանի սաների լուսանկարները. ի դեպ, վերջիններս, ս.թ. հունիսին մասնակցել են ՀԱՊԿ շրջանակներում Ղրղզստանում անցկացված ՀԱՊԿ անդամ-պետությունների ռազմամարզական վարժարանների սաների մասնակցությամբ զորախաղերին և ցույց տվել լավագույն արդյունքներ: