Ս.Օհանյանն ընդունեց ՀՀ կառավարական կազմկոմիտեի անդամներին


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, երկուստեք աշխատանքային համագործակցության շրջանակներում ընդունեց ՀՀ կառավարական կազմակերպչական կոմիտեի անդամներին: Հանդիպման սկզբում քննարկվեցին «Մենք հաղթանակի ժառանգներն ենք» միջազգային ակցիայի մասնակիցների` ս.թ. հոկտեմբերի 4-ից 6-ը Հայաստան կատարելիք այցի և այս շրջանակներում Հայաստանում անցկացվելիք միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մանրամասներ: Ի դեպ, վերոնշյալ ակցիան կազմակերպվում է 2006թ.-ից և արդեն հաջողությամբ անցկացվել է Մինսկում` 2006թ.-ին (Բելառուսի Հանրապետություն) և Ալմա-Աթայում` 2007թ.-ին (Ղազախստանի Հանրապետություն): Կազմակերպվելիք միջոցառումների շրջանակներում Երևան են ժամանելու նաև ակցիայի կազմկոմիտեի նախագահ, ՌԴ ՊետԴումայի պատգամավոր Գենադի Սելեզնյովի և կազմկոմիտեի շտաբի պետ, աֆղանական պատերազմի մասնակից, բանակի գեներալ Վ.Երմակովի գլխավորած պատվիրակությունը, ինչպես նաև համանուն պատվիրակություններ ԱՊՀ անդամ-երկրներից` Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա, Ղազախստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Ղրղզստան և Թուրքմենիա: Անցկացվելիք միջոցառումների շարքում կընդգրկվեն գիտամեթոդական կոնֆերանսներ, հանդիպումներ ռազմական ինստիտուտների կուրսանտների, Երևանի կայազորի զինծառայողների, ԲՈւՀ-երի ուսանողների, հանրակրթական դպրոցների աշակերտների հետ: Ինչպես նաև թատերականացված գալա-համերգ` Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում` «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել» խորագրով: Կկազմակերպվի նաև հանդիպում ԶԼՄ ներկայացուցիչների հետ, ապաև` մամլո-ասուլիս` Ակցիայի կազմկոմիտեի անդամների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը նշեց, որ այս շարքի միջոցառումները ևս նպաստում են մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության բարձրացմանը: Այնուհետև քննարկվեցին 2009թ. փետրվարի 19-ին Երևանում անցկացվելիք «Աֆղանստանից ԽՍՀՄ զորքերը դուրս բերելու» 20-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքները: ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդգծեց, որ կարևորում է համագործակցությունը աֆղանական պատերազմի վետերանների միության հետ. «Աֆղանական պատերազմին մասնակցած և պատերազմի դառնությունները ճաշակած տղաներից շատերը մասնակցել են նաև արցախյան գոյամարտին, որոնք, ինչպեսև վերջիններս, պետք է իրենց փորձը և ռազմահայրենասիրական նկրտումները փոխանցեն մատաղ սերնդին»: Հանդիպման ավարտին ՀՀ կառավարական կազմակերպչական կոմիտեի անդամները` ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի հետ մեկտեղ նախանշեցին անելիքները մոտ ապագայում: