79-ՐԴԸ` 204-ԻՑ


Պեկինյան մարզահանդեսը, իսկապես, մնայուն էջ դարձավ ոչ միայն հայ մարզական, այլև Հայաստանի պատմության մեջ: Ոչինչ, որ այս անգամ բրոնզաձույլ էին մեր դյուցազունների նվաճումները: Դա էլ, թերևս, նոր սկզբի, ավելի ստույգ` նոր շարունակության խորհրդանիշ է: Այո, տևական ժամանակ հաղթողի դափնիները «երես էին թեքել» ու դրանք կրկին «վերհիշեցին» հայազգի իրենց տերերին` հանձին Ռոման Ամոյանի և Յուրի Պատրիկեևի (հունահռոմեական ըմբշամարտ), Տիգրան Վ. Մարտիրոսյանի, Գևորգ Դավթյանի, Տիգրան Գ. Մարտիրոսյանի (ծանրորդներ) և Հրաչիկ Ջավախյանի (բռնքամարտ): ... Այսօր ինձ համար շատ ավելի կարևոր է այս նվաճումների հոգեբանական կողմը: Մի բան է, որ ի լուր աշխարհի հռչակվում է Հայաստան երկրի հաջողությունների մասին, այլ բան` թե որքանով է դա վերաճում ոգեւորության բուն երկրի ներսում: Դառնու՞մ է այն սեփական ուժերի հանդեպ վստահության բարձրացման խթան, վերաճու՞մ է արդյոք համազգային վճռականության, դառնու՞մ է առաջին լուրջ քայլը հազարամղոն ճանապարհին. սա է, որ ավելի կարեւոր է: Չէ՞ որ, երբ մեզնից յուրաքանչյուրը հավատա, որ մենք իսկապես կարող ենք եւ ունակ` դառնալու հաղթող երկիր, հաղթող հասարակություն, էլ ոչինչ անհասանելի չի լինի այդ նույն ճանապարհին: Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Հուզումներն ու անհանգիստ օրերն արդեն անցյալ են: Սակայն հաղթանակի ոգևորությունից նորացված հավատն ու պատասխանատվությունը, և, իհարկե, օլիմպիադայից քաղած դասերը, հատկապես մեր մարզիչներին, մղում են` հենց այսօրվանից սկսել քառամյա տքնաջան աշխատանքը: Այսինքն` ճիշտ ընտրությունից մինչ դեռևս չգերազանցված նոր ցուցանիշային արդյունքների նախապատրաստում: * * * Օլիմպիական մարզական թիմի պատվիրակության ղեկավարը` Հայաստանի ԱՕԿ նախագահի տեղակալ, Սիրողական բռնցքամարտի եվրոպական ասոցիացիայի փոխնախագահ, բռցքամարտի միջազգային ֆեդերացիայի տեխնիկական հանձնաժողովի անդամ Դերենիկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ համոզմամբ` - Ցանկացած հաղթանակ կամ պարտություն ամենապերճախոս ցուցանիշն է այն աշխատանքի, որը ներդրվել է: - Շնորհավորում ենք պեկինյան հաջողությունները, որոնք սոսկ 6 մարզիկներինը չեն: Իհարկե, արժանին մատուցելով նրանց, համոզված ենք, և հենց իրենք էլ կպնդեն, որ վերջնարդյունքում դա կոլեկտիվ հաղթանակ է` կամային ներուժի, ֆիզիկական լավ պատրաստվածության, պատասխանատվության անվրեպ համադրմամբ: Դուք ինչո՞վ եք պայմանավորում այս հաջողությունը, որ մեր համերկրացիները համարում են հայ մարզարվեստի լավագույն ավանդույթների վերածնում և հետագա` ավելի մեծ նվաճում ների նախադուռ: - Շնորհակալությո°ւն: Մեր ժողովուրդն իր ջերմ ընդունելությամբ մեզ ավելի պարտավորեցրեց: Այն վայելքը, որ ապրում ենք ամեն անգամ` մեր Եռագույնը բարձրացնելիս, վեր է ամեն տեսակ ուրախությունից: Մեր մարզիկների ձեռքբերումները սպասված էին, իհարկե: Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարի դժվարին պատասխանատ վությունը ստանձնելու օրից Գագիկ Ծառուկյանն, իսկապես, ջանքեր ու միջոցներ չի խնայել` հայ մարզիկներին լավագույնս նախապատրաստելու ցանկացած մրցելույթի: Նա կարողանում է հորդորել ու ոգևորել, բայց նաև պահանջկոտ է, անհաշտ` առաջին հայացքից ամենաչնչին թերացման հետ ու թերացողի հանդեպ: Թե° մարզիչներիս, թե° մարզիկներին նա հավատ ներշնչեց սեփական ուժերի հանդեպ և, ամենակարևորը` արժանապատվության կոչեց: Պետք էր տեսնել նրա ապրումները` մեր ամեն մարզիկի մրցելույթի պահին. հազիվ թե որևէ մեկը նրա չափ հուզվեր: Պետք է երախտիքի խոսքեր ուղղեմ նաև Հայաստանի նախագահին, ով անձամբ էր եկել` սատարելու օլիմպիականներին: Իր ներկայությամբ նա, իրոք, բարոյական հենարան էր: Միշտ չէ, որ երկրի Նախագահն անձամբ է մտահոգվում իր երկրի մարզական հաջողություններով: Պարոն Սերժ Սարգսյանի ներկայությունն ակամա հիշեցրեց 1996-ը, երբ Ատլանտայում Արմեն Նազարյանը օլիմպիական չեմպիոն դարձավ, իսկ Արմեն Մկրտչյանը` արծաթե մեդալակիր, բայց մենք չարժանացանք այսպիսի գնահատանքի: Այն ժամանակվա ղեկավարը «պատիվ» չհամարեց` չեմպիոնին կամ պատվիրակությանը շնորհավորել: Եվ, ընդհանրապես չի կարելի անտեսել այն իրողությունը, որ վերջին տարիներին կտրուկ բարեփոխվել է մեր իշխանությունների վերաբերմունքը սպորտի հանդեպ. զանազան խրախուսանքները, բարձր արդյունքների գնահատանքը, վարձատրութ յունը, մարզադահլիճների, դպրոցների վերանորոգումն ու մարզագույքով հագեցնելը… Այս ամենը անհետևանք մնալ չէին կարող: 25 մարզիկներից բաղկացած մեր օլիմպիական թիմը, ինչպես գիտեք, մեդալների հաշվարկով 30-րդ, իսկ ընդհանուր ցանկում 79-րդ տեղում է: Իհարկե, կարող էինք ավելի վերին հորիզոնականներում լինել, ինչի համար ասյուհետև ավելի մեծ ջանադրությամբ պիտի աշխատենք, սակայն, չմոռանանք` 79-րդն ենք` մասնակից 204 երկրներից: - Հաղթողների անձերին ու նրանց գրանցած ցուցանիշներին այսօր չենք անդրադառնա. մարզասերները տեղյակ են ամեն ինչից: Պատմեք, խնդրում եմ, հետաքրքիր ինչ-որ միջադեպ` հայ օլիմպիականների պեկինյան առօրյայից: - Օլիմպիական գյուղ հասնելու առաջին իսկ օրը շատ հետաքրքիր մի «կանխասացություն» եղավ, որը խաղերի ավարտից հետո միայն «վերծանեցինք» հումորով: Մեր պատվիրակությանը հատկացված էր B-6 շենքը, որը Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներին հատկացված կացարանների հարևանությամբ էր: Հնարավոր անցանկալի միջադեպե րից խուսափելու համար խնդրեցինք այլ կացարան: Հատկացրին դիրքով ավելի հարմարավետ (պոլիկլինիկային, ճաշարանին, ինֆորմացիոն կենտրոնին մոտ)` G-6 շենքը: Ստացվեց, որ 6 թիվը «ճակատագրական» էր` 6 մեդալով էլ վերադարձանք: Ուզում եմ անպայման նշել մեր թիմի անդամների` մարզիկների, մարզիչների և աշխատանքային խմբի բարձր կարգապահությունը, ինչի շնորհիվ բոլորը շրջապատի հարգանքն էին վայելում: Վերադարձի պահին հատկապես այնքան վարձատրված զգացի ինձ, երբ շենքը հանձնելիս ընդունողները սենյակներում որևէ կոտրված կամ կորցված իր չհայտնաբերեցին: Երկու հետաքրքիր անակնկալ էլ մենք էինք նախապատրաստել. իհարկե, Գագիկ Ծառուկյանի մտահղացմամբ: Մինչ 29-րդ ամառային օլիմպիական խաղերի մեկնարկը, 29 տարվա կոնյակներ էինք ուղարկել Պեկին` մեր ԱՕԿ-ի և Պեկին-2008 օլիմպիական խորհրդանիշերով: Բոլորի համար դա լավագույն անակնկալ էր, և ամենակարևորը` ինքնատիպ: Իսկ վերջին օրը, երբ պատվիրակության ղեկավարների խորհրդակցությունում ամփոփվելու էին օլիմպիադայի արդյունքները, իմ օգնական Անժելա Միրզոյանի հետ կես ժամ առաջ բոլորի սեղաններին դրեցինք մեր նախապատրաստած 2-րդ անակնկալը` թալիսման-առյուծիկները: Բառերով կդժվարանամ նկարագրել, թե ինչ հիացական բացականչություններ էին հնչում: Հետո բոլորը միահամուռ ծափահարեցին Հայաստանին… Հայաստանի դեսպանատանը կազմակերպված ընդունելությունը նույնպես շատ տպավորիչ էր: Եկել էին բոլոր հրավիրվածները` տարբեր երկրների դեսպաններ, Եվրոպայի ՕԿ-ի նախագահը, մարզաշխարհի միջազգային ֆեդերացիաների նախագահներ… Իրենց ծանրաբեռնված ժամանակից տրամադրել էին` սիրով ընդունելով մեր հրավերը ու նաև այդ կերպ արտահայտելով իրենց վերաբերմունքը` մեր երկրի հանդեպ: - Կարո՞ղ ենք վստահ լինել, որ վերականգնվում է մեր մարզական հաղթանակների բարի ավանդույթը: - Ես համոզված եմ: Դրան նպաստող բոլոր նախադրյալներն ունենք. բարոյահոգեբանական մթնոլորտը, որ ստեղծված է երկրիս իշխանությունների կողմից, և անձամբ Հանրապետության նախագահի սատարումը: Ասում են` «մի ծաղկով գարուն չի գա», բայց բոլորս ականատեսը եղանք, թե մեկ անհատի` Գագիկ Ծառուկյանի նպատակամղվածությունը ինչպիսի կտրուկ փոփոխություններ առաջ բերեց մարզաշխարհում: Ընթացքը ավելի խոստումնալից է` դատելով նրա ծրագրերից ու վճռականությունից: Նախ` պետք է ավելի բարձրացնել նշաձողը. չէ՞ որ մեր ժողովուրդը ցանկանում է փոխված, ավելի ազնվացած տեսնել մեդալների գույնը: Բայց խոսքը միայն օլիմպիական հաղթանակների մասին չէ: Ծրագրել ենք նաև Հայաստանում աշխարհի առաջնություններ անցկացնել, այլ վայրերում պատվով մասնակցել բոլոր մրցաշարերին: Եվ, վերջին հաշվով, Հայաստանի օլիմպիա կան կոմիտեն ու Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը անչափ կարևորում են առողջ սերունդ կրթելու ազգանպաստ գործը. բոլոր հայ մանուկներն ու պատանիները սպորտով զբաղվելու հնարավորություն պիտի ունենան, և նրանց ծնողները չպետք է մտահոգվեն` դրա համար լրացուցիչ նյութական միջոցներ հայթայթել:

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ