Հաշտությանն ընդառաջ


Հայ թուրքական հարաբերություններին անդրադառնալիս, ակամա հայտնվում ես քաղաքական, ինչու չէ, նաև հոգեբանորեն փակուղու առջև, երբ, թվում է, թե դարերից եկող փոխադարձ ատելությունը երբևէ չի վերանալու: Սակայն դրությունը փոխելու միտում է կարծես թե նկատվում: Անկախ Հայաստանի համար աննախադեպ, ինչպես նաև ճկուն դիվանագիտական քայլ էր Աբդուլա Գյուլին մեր երկիր հրավիրելը: Հիրավի, միջազգային կառույցների համար ակնբախ է դառնում հարաբերությունները շտկելու Հայաստանի պատրաստակամությունը, և ինքնին ծանր կացության մեջ է հայտնվում օսմանյան հակահայկական քաղաքականությունը: Ինչ խոսք, ՀՀ նախագահի ինքնահատուկ որոշումը շատերին և նույնիսկ վերջինիս քաղաքական վաղեմի գործընկեր Ռոբերտ Քոչարյանին էլ հանկարծակիի բերեց: Ուստի չուշացան նաև քաղաքական ուժերի կարծիքներն ու գնահատականները` հայ-թուրքական հարաբերությունների և դրանցում Սերժ Սարգսյանի դերակատարության վերաբերյալ: «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը նշում է. - Ես մի քիչ ավելի տեղեկացված եմ այդ առումով: Համարում եմ, որ ճիշտ քայլ է ջերմացումը, որովհետև որքանով որ ես գիտեմ, Ռուսաստանը ձեռնարկում է արևելյան եվրոպական խորհուրդ ստեղծել, որտեղ լինելու է Թուրքիան: Ռուսաստանի հետ դաշնակից է դառնում փաստորեն: Եթե Թուրքիան ետ է քաշվելու ամերիկյան ՆԱՏՕ-ի մղումներից, Եվրախորհրդին անդամակցելուց և գալու է արևելյան եվրախորհուրդ, շատ շուտ կգա այն ժամանակը, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի, թե ուր է գնում: Ռուսաստանի հետ է լինելու, ինչպես այսօր է, թե՞… Ինչո՞ւ չէ, հուսանք, որ թուրքը կարող է ընդունել ցեղասպանությունը` գուցե մասամբ, գուցե որոշակի, բայց` ընդունել: - Ըստ Ձեզ` որն է նախընտրելի Հայաստանի համար: - Ոչ մեկը չի կարող հասկանալ, թե մեր իշխանությունը որ կողմում է: Օրինակ` ռուսը համարում է, որ երկու աթոռի վրա է նստած, դեռ չի կողմնորոշվել, խաղեր է տալիս: Ճիշտն ասած` ես էլ չգիտեմ: Անձամբ ես համարում եմ, որ Հայաստանը պետք է հակված լինի Ռուսաստանի Դաշնության հետ ամենասերտ հարաբերություններ ունենալ: Ասեմ ինչու. այս տարի 70 % տրանսպորտը գալիս է ՌԴ-ից, իսկ անցած տարի 50 % էր: Պատկերացնում եք` պետբյուջեին հավասար գումարներ են: Արտերկրում պաշտոնյա, մեծահարուստ հայերը ամենաշատը Ռուսաստանում են: ԱՄՆ-ի երևանցիների 80 %-ը խնամող են աշխատում` հրեաների երեխաներին են ճոճում: Իսկ ըստ «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի. -Բացասական եմ դիտում, որ Դաշնակցությունը որոշում է հանրահավաք անել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման կոնտեքստում: Իրենց հանրահավա քը ավելի շատ հակաթուրքական ուղղվածություն ունի: Հայաստանի իշխանության ջանքերը պետք է նպատակադրվեն հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերութ յունների արագ կարգավորմանը: - Իսկ Ձեր կարծիքով հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հեռանկար կա՞: - Այո, ես հավատում եմ այդ գաղափարին գրեթե իմ ողջ գիտակցական, քաղաքական կյանքի ընթացքում: Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու Սերժ Սարգսյանի արած քայլերը, եթե լինեն հետևողական` մեր կուսակցության կողմից կողջունվեն: Անկախ այն հանգամանքից, որ մենք կասկածի տակ ենք դնում Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը, դրական ենք գնահատում հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու նրա քաղաքականությունը, Սերժ Սարգսյանի` Աբդուլա Գյուլին հասցեագրված նամակը: Հաճելիորեն ասում եմ, որ Սերժ Սարգսյանի հրապարակային հայտարարությունները արտաքին քաղաքականության հարցում, էապես տարբեր են Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններից: Այլ խնդիր է, որ այդ քայլերի հետևողականությանը փոքր-ինչ չեմ հավատում: - Իսկ ինչո՞ւ չեք հավատում: - Որովհետև Սերժ Սարգսյանը առայժմ չի ստեղծել նոր համակարգ: Ես խիստ կասկածում եմ, որ կարող է ստեղծել: Ինքը, ըստ էության, դեռ կատարում է Ռոբերտ Քոչարյանի ստեղծած արատավոր համակարգի մենեջերի պարտականությունները: Իր կողքին չկան նոր թիմ, նոր գաղափարներ: Իսկ Ռ. Քոչարյանի համակարգը առաջնորդվում էր` «3 ճակատ մեկ սահման» տխրահռչակ բանաձևով: Շատ կուզենամ սխալված լինել և շատ կուզենամ, որ իշխանությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ապացուցի, որ իսկապես հետևողական են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Հուսանք` պատմական հայրենիքը վերադարձնելու երազանքը գոնե մասամբ կհաջողվի իրականության վերածել:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ