Հա՞ որ…


Հայոց աշխարհում աշնանամուտը ըստ երևույթին հարուստ է լինելու իրադարձություններով: Համենայն դեպս, սեպտեմբերյան առաջին օրերը առաջիկա ամիսների համար նման ընթացք են խոստանում: Ահավասիկ, հերթական սեպտեմբերի 1-ը, որով նաև նոր շաբաթը սկսվեց, դարձյալ առանձնացավ մի շարք ուշագրավ հակադրություններով: Այսպես, հեռուստաէկրաններից չեն իջնում հիմնովին վերանորոգված դպրոցները ներկայացնող կադրերը, որոնք իսկապես նորոգ են ու գեղեցիկ: Սակայն, միաժամանակ, քիչ չեն նաև այնպիսի կրթջօախները, որոնք կարգի բերելու ժամանակն էլ է վաղուց հասունացել, բայց հերթը համառորեն ուշանում է: Եթե հաշվի առնենք, որ հայրենի կառավարությունը կախարդական փայտիկ չունի` բոլոր կրթական հաստատությունները միանգամից պատշաճ տեսքի բերելու, ապա եթե գոնե հաջորդ սեպտեմբերին դեռևս խորհրդային տարիներից անխնամ մնացած շինությունները ևս նորացվեն, ուրեմն այս հարցն էլ կարելի կլինի վերջնականապես լուծված համարել: Եվ քանի որ մեր զրույցը սեպտեմբերի 1-ով սկսեցինք, նշենք նաև, որ այս տարի ևս ստիպված ենք արձանագրել` անվտանգ երթևեկության հարցն այդպես էլ չի լուծվում: Ճանապարհային ոստիկանությունն իր ներկայությունը զգացնել է տալիս միայն այդ օրը, իսկ մյուս 364 օրերին նրանց ավելի շատ կարելի է տեսնել` կարգազանց վարորդներ «որսալիս»: Ի դեպ, չնայած կոռուպցիայի դեմ ահագնացած պայքարին, այնուամենայնիվ, հայրենի պաշտոնյաները այդպես էլ չեն կարողանում ձերբազատվել «կաշառք» կոչվող անդուր հիվանդությունից: Այսպես, օրերս նորից հայտնի դարձավ, որ գումարը վերցնելու պահին ձերբակալվել է ոստիկանության մի աշխատակից: Երևույթը, որքան սովորական, նույնքան էլ զարմանալի է: Նախ` մեր օրերում արդեն ռիսկի գործոնն է չափազանց մեծ, և հետո` վերցրած գումարի չափը… Տվյալ դեպքում ընդամենը երկու հազար դոլարի դիմաց ձախողակ ոստիկանն իր «պատվավոր» տեղն զբաղեցրեց կաշառակերների ցուցակում` ասվածից բխող բոլոր անցանկալի հետևանքներով հանդերձ: Դեռևս խորհրդային ժամանակների մնացուկ այս երևույթը, թեպետ, մինչև վերջերս լիարժեքորեն պահպանել է իր արդիականությունը, բայց նույն ժամանակները հիշեցնող մի այլ երևույթի` սպեկուլյացիայի մասին կարծեք թե իսպառ մոռացել էինք… Վերջին օրերին դարձյալ համոզվեցինք, որ ցանկացած երևույթի ի հայտ գալու համար ընդամենը բարենպաստ նախադրյալներ են անհրաժեշտ: Եվ իրոք, բենզինի ճգնաժամը, որքան էլ ժամանակավոր, բայցևայնպես չխանգարեց մեր որոշ հայրենակիցների` կենսական դարձած այդ հեղուկի «տակից վաճառք» եղկելիությունը վերածնելու և գինը մի քանի անգամ բարձրացնելու: Եվ մինչ շիկանում էին բենզինային կրքերը, «անհավատալին` ակնհայտ» դարձնող հայտարարությամբ հանդես եկավ Հայ Ազգային Կոնգրեսը: Հանուն շաբաթ օրը կայանալիք ֆուտբոլային խաղի` Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը հետաձգեց վաղօրոք հայտարարված ուրբաթօրյա հանրահավաքը: Ի դեպ, սույն անսպասելի հայտարարությունն ավարտվում է այսպես. «Պայքար, պայքար մինչև վերջ: Հաղթելու ենք»: Հուսանք, որ այս անգամ կոչն, իր ողջ վճռականությամբ, մաղթանք է` ուղղված մեր հավաքականի անդամներին…