ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ


Վերջին մեկ ամսում Հայաստանի անմիջական հարևանությամբ` Հարավային Օսեթիայի շուրջ ծավալվող իրադարձություններն աշխարհաքաղաքական նշանակության փոփոխությունների կատալիզատորի դեր ունեցան: Ռուսաստանին հաջողվեց աշխարհին ապացուցել, որ Կովկասը գտնվում է իր շահերի տիրույթում, և, որ այստեղ խաղաղության միակ երաշխավորն ինքն է: Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներին այդպես էլ չհաջողվեց ՆԱՏՕ-ում իր գործընկերներին համոզել` միջազգային մեկուսացման ենթարկել Ռուսաստանին: Ընդամենը երկու օր առաջ կայացած Եվրամիության գագաթաժողովում քննարկվեց Ռուսաստանի հետ հետագա հարաբերությունների հարցը, և ընդունված փաստաթղթում բառ անգամ չկար Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին: Այս ամենի արդյունքում կովկասյան տարածաշրջանում մեծանում է Ռուսաստանի ազդեցությունը: Քաղաքագետների կարծիքով` ընթացիկ տարվա վերջում Վրաստանը կանդամակցի Հյուսիս-ատլանտյան ռազմաքաղաքական դաշինքին կամ գոնե կսկսվի նրա անդամակցության գործընթացը: Այս հանգամանքը, ըստ որոշ վերլուծաբանների, կբարդացնի իրավիճակը, քանի որ Կովկասում նոր բաժանարար գծերը նոր լարվածության տեղիք կարող են տալ: Սակայն, ի դեմս Վրաստանի, Կովկաս ՆԱՏՕ-ի մուտք գործելուն զուգահեռ, տարածաշրջանում արդեն ակնառու է աշխարհաքաղաքական մեկ այլ միավորի հնարավոր ծնունդը: Խոսքը Կովկասի անվտանգության համագործակցության պլատֆորմ ստեղծելու վերաբերյալ Թուրքիայի առաջարկի մասին է: Այն դրական արձագանք է գտել տարածաշրջանի երկրներում, և երեկ ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովը Ստամբուլում քննարկեց այդ առաջարկին առնչվող խնդիրներ: Իսկ Երևանում սպասում են Թուրքիայի արտգործնախարարության պատվիրակությանը, որը բացի հիշյալ առաջարկության շուրջ քննարկում ներից, կհստակեցնի նաև սեպտեմբերի 6-ին Երևանում Թուրքիայի և Հայաստանի նախագահների հավանական բանակցությունների օրակարգը: Թուրք քաղաքագետների շրջանում կարծում են, որ Կովկասի անվտանգության համագործակցության պլատֆորմ ստեղծելու առաջարկով, Թուրքիան հայտնվել է աշխարհաքաղաքական երկընտրանքի առջև: Կասկած չի հարուցում, որ հիշյալ` կովկասյան պլատֆորմում առաջնային դիրքեր կունենան տարածաշրջանի երկու հզոր պետությունները` այսօր ՆԱՏՕ-ի հետ խնդիրներ ունեցող Ռուսաստանը և Հյուսիս-ատլանտյան դաշինքի անդամ Թուրքիան: Անկարայի այս նախաձեռնությունը, թերևս, կարելի է խիզախ քայլ համարել, նկատի ունենալով, որ դա արվել է այս տարածաշրջանում Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունների լարվածության ֆոնին: Ըստ էության, խնդրո առարկա նախաձեռնությամբ փորձ է արվում ստեղծել Եվրամիության նման աշխարհաքաղաքական մի նոր միավոր` Կովկասյան տուն, որտեղ բոլոր հարցերը պետք է լուծվեն` բոլորի շահերը հաշվի առնելով: Կովկասում, հատկապես էթնիկ հակամարտությունների առկայության պայմաններում, սա շատ բարդ խնդիր է: Այդ հակամարտություններում Թուրքիան ինքը, այս կամ այն կերպ, միջնորդավորված կամ «թաքնված», այնուամենայնիվ, որպես հակամարտության կողմ է հանդես գալիս: Եվ որպես այդպիսին, թե° ղարաբաղյան հիմնախնդրում, թե° անմիջապես Հայաստանի հետ պատմությունից եկող խնդիրներ ունենալով, Անկարայի համար, իրոք, շատ բարդ է լինելու այդ դժվարություններից «գլուխ հանելը»: Թերևս, նշվածը նկատի ունենալով է, որ Հայաստանում հատկապես Դաշնակցությունը թերահավատորեն է վերաբերվում Կովկասյան տան գաղափարին. ըստ նրա, այդ տունը ստեղծելու համար նախ հարկավոր է լուծել առկա հակամարտությունները: Գուցե, մասնավորապես Թուրքիայի հարցում, ՀՅԴ այս դիրքորոքումը նկատի ուներ Սերժ Սարգսյանը, երբ ասում էր, որ և° Թուրքիայում, և° Հայաստանում կլինեն ուժեր, ովքեր կընդդիմանան երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը: Նշենք, որ նաև Ադրբեջանում բոլորը չէ, որ հանգիստ են ընդունել Թուրքիայի այս առաջարկը: Ընդվզել է հատկապես Ղարաբաղի ազատագրության կազմակեր պությունը` ասելով, թե Թուրքիան շատ դեպքերում անտեսում է Ադրբեջանի շահերը: Ինչևէ: Ակնհայտ է, որ Կովկասի անվտանգության համագործակցության պլատֆորմ ստեղծելու մասին Թուրքիայի առաջարկը հարաբերությունների նոր դաշտ, նոր միջավայր կարող է ստեղծել տարածաշրջանում, ինչպես նաև այստեղ առկա խնդիրների քննարկման ու լուծման նոր ձևաչափի անհրաժեշտություն առաջացնել: Համենայն դեպս, Իրանի Իսլամական Հանրապետության առաջին դեմքերը միշտ պնդել են, որ տարածաշրջանում առկա խնդիրները պետք է լուծեն միայն տարածաշրջանի երկրները: Այսօր Իրանի այդ ցանկության իրականացման համար անհրաժեշտ քաղաքական կամքը կարծես առկա է:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ