Ս. ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՀԱՐԵՎԱՆՆԵՐ ԵՆՔ»


Հատված ՀՀ նախագահի հարցազրույցից -Դուք Հարավային Օսեթիայիում եւ Աբխազիայի իրավիճակը նմանեցնու՞մ եք Լեռնային Ղարաբաղի իրավիճակին: Հարցնում եմ, որովհետեւ ասացիք, որ պետք է հաշվի առնել ժողովուրդների ինքնորշման իրավունքը: - Բոլոր հակամարտություններն ունեն նմանություններ եւ տարբերություններ: Կարծում եմ, որ նմանությունների եւ տարբերությունների վրա կենտրոնանալու փոխարեն, պետք է մտածել դասեր քաղելու մասին: Տեսնում եմ, որ հարցը ռազմական եղանակով լուծելու շահարկումները հանգեցնում են անկանխատեսելի եւ վտանգավոր հետեւանքների: Կուզենայի իմանալ, թե նախքան հակամարտությունը քանի՞ հոգի էր կանխատեսել դրա արդյունքները: Պետք է շատ ուշադիր լինել: - Դրսից թվում է, թե Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունները Ցեղասպանության խնդրի պատճառով գտնվում են փակուղում: Ճի՞շտ է այդ տպավորությունը: Դուք համարում եք, որ հայ-թուրքական հարաբերություններր չեն կարող առաջ շարժվել մինչեւ Թուրքիան չճանաչի 1915 թվականի ողբերգական իրադարձությունները որպես ցեղասպանություն: Դա նախապայմա՞ն է: . Ողջ աշխարհում գոյություն չունի գեթ մեկ հայ, ով չհավատա Ցեղասպանության փաստին: Սակայն, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար Ցեղասպանության ճանաչումը նախապայման չէ: Թերեւս դրա համար էլ ասում ենք, որ պատրաստ ենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն` առանց որևէ նախապայմանների: - Ո՞րն է Ձեր դիրքորոշումը 1915 թ. դեպքերի ուսումնասիրման նպատակով պատմաբանների հանձնաժողով կազմավորելու վերաբերյալ: Հնարավոր համարո՞ւմ եք, որ երկու հանձնաժողովներ` մեկը պատմաբանների, մյուսը` հարաբերությունները կարգավորելուն միտված, կարող են գործել զուգահեռ: Կարծում եմ, որ այս հարցում նոր մոտեցման անհրաժեշտություն կա: Որովհետեւ ես չեմ հիշում, որ մինչ այժմ միջպետական խնդիրները լուծելու համար ոչ-պետական հանձնաժողով ստեղծված լինի: Ամենալավ լուծումը դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է: Այդ կերպ կառավարությունների միջեւ ստեղծվելիք հանձնաժողովի շրջանակում կարող են ստեղծվել բազմաթիվ ենթահանձնաժողովներ եւ խմբեր: Ավելի վաղ ԱՄՆ-ում ստեղծվել էր նման մի հանձնաժողով: Արդյունք տվե՞ց: Երկրորդ. Ձեր ասած մասնագետների եւ փորձագետների համար նորմալ աշխատանքային պայմանների ստեղծումն անհրաժեշտ է: Դրա համար էլ բնականոն դիվանագիտական հարաբերությունների առկայությունը անհրաժեշտություն է: Դիվանագիտական հարաբերությունների առկայության կամ բացակայության պարագաներում իրականացվող աշխատանքները միանգամայն տարբեր կլինեն: - Հավատու՞մ եք, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ շարունակվող փակ դիվանագիտական հանդիպումները արդյունք կտան: - Անկասկած, անհնար կլիներ իմ աջակցությունը, եթե չհավատայի որ արդյունք կտա: Սակայն, մյուս կողմից հավատում եմ, որ հարաբերությունների ընթացքը ցույց է տալիս, որ մենք` երկու երկրների առաջնորդներս, հասել ենք որոշումների կայացման փուլին: Դրանք հեշտ որոշումներ չեն լինելու: Հայաստանի եւ Թուրքիայի ողջ հասարակությունը չէ, որ հավանություն կտա այդ որոշումներին: Բայց վստահ եմ, որ դրական որոշումներին կաջակցի հասարակությունների մեծ մասը: Դրանով ես նկատի ունեմ ոչ թե դիվանագետների ջանքերը, այլ` ընդհանուր մթնոլորտը: Գյուլի շնորհավորական ուղերձը, Էրդողանի խոսքերը, իմ կողմից Գյուլին ուղղված հրավերը, անգամ Ձեզ հետ այս հարցազրույցն այդ մթնոլոր տի մի մասն են կազմում: Այս իմաստով էլ հավատում եմ, որ հասել ենք որոշումների ընդունման փուլին: - Գյուլի Երեւան գալ-չգալն ինչպե՞ս կազդի այդ իրավիճակի վրա: - Կարծում եմ, որ կարեւոր կլինի: Քանզի կարեւոր որոշումները հեշտությամբ չեն կայացվում: Կարեւոր են նաեւ անձնական հարաբերությունները: Հանրության առջեւ խոսելը եւ դիմացինիդ աչքերի մեջ նայելով խոսելը տարբեր բաներ են: Եթե չհավատայի այս այցի կարեւորությանը, Գյուլին չէի հրավերի: Մենք հարեւաններ ենք: Պատմության մեջ դժվար ժամանակներ ենք ունեցել: Սակայն Հայաստանը պատրաստ է հարաբերությունների զարգացմանը եւ նույնն էլ ակնկալում ենք Թուրքիայից: Ա. ԳՅՈՒԼ.