Փոխօգտակարություն


Հերթական աղմկարարությունից, ինչպես պարզվել է` անմասն չէ ԱՄՆ հետախուզական գերատեսչությունը: Հայտնի է դարձել, որ ԿՎՀ (ՃՀձ)-ն վճարում է Աֆղանստանի նախագահի եղբորը` Ահմեդ Վալի Քարզային: Նա օգնում է հավաքագրել աֆղաններին, ամերիկյան գործակալներն էլ աչք են փակում թմրաբիզնեսում նրա մասնակցության վրա: Ահմեդ Քարզայը ԿՎՀ-ից գումարներ է ստանում վերջին 8 տարիներին. New York Times թերթում այդ մասին վկայել են Ամերիկայի վարչախմբի աշխատակիցները: Լրտեսական գործակալությունն Ահմեդին վճարում է տարբեր ծառայությունների դիմաց: Օրինակ, նա օգնել է հավաքագրել մարդկանց` կիսազինվորական կազմավորման համար, որը գործում է Կանդագար խոշոր քաղաքում ու դրա շրջակայքում` ԿՎՀ-ի թելադրանքների ներքո: Ա. Քարզայի օժանդակությամբ ամերիկյան հետախուզական գերատեսչությունը նաև կապերի մեջ է մտնում թալիբների հրամանատարների հետ, ովքեր դեմ չեն կառավարության կողմ անցնել: Այդպիսով աֆղանական նախագահի եղբայրը երկրի հարավում իր թևի տակ է առել թմրաառևտուրը, որովհետև նրա մարդիկ են վերահսկում Հիլմենդ գետի գլխավոր կամուրջները, որոնցով էլ Կանդագար է տեղափոխվում օփիումը: Եվ ինչպես նշել է New York Times-ը, նրան ցուցաբերվող ԿՎՀ աջակցությունը վկայում է, որ Միացյալ Նահանգներն անհրաժեշտ ջանքեր չի գործադրում, որպեսզի խափանի թմրանյութերի ապօրինի արտահանումն ու վաճառքը Աֆղանստանում: Եվ հիմա, երբ աֆղանստանցիք ավելի քիչ են վստահում Քարզայի` ամերիկամետ կառավարությանը, թալիբները նորից ու նորից հարվածներ են հասցնում Քաբուլի կենտրոնին, որտեղ տեղակայված են պետհիմնարկներն ու արտասահմանյան առաքելությունները: Անցյալ շաբաթավերջին հրթիռակոծվել է օտարերկրացիների հյուրանոցը, ինչի արդյունքում զոհվել են ՄԱԿ-ի 6 աշխատակիցներ: Գնդակոծվել է նաև օտարերկրացիներին պատկանող մեկ այլ հյուրանոց: Այդ մարտիկների հրամանատարները բացահայտորեն ձգտում են տապալել նոյեմբերի 7-ին կայանալիք նախագահական ընտրությունների 2-րդ փուլը: