ՉԱՐՉՐԿՈՒՄՆԵՐ


Դատական համակարգից հիասթափվելու կարծես մի նոր «պրակտիկա» էլ է արմատավորվում: Օրինակ, դատարանը կարող է վճիռ կայացնել` գողին պատժաժամկետ նշանակելու ու տուժողին դրամական փոխհատուցման մասին, և հետո միայն պարզվի, որ հանցագործի հասցեն որևէ փաստաթղթում նշված չէ: Կամ` մարդասպանից իր իսկ զոհի հուղարկավորության ծախսերի հատուցման վերաբերյալ դատարանի պահանջը 6 տարի ատյանից-ատյան է հանգրվանում` երիտասարդի հարազատների կսկիծին նաև վիրավորանք ու հուսահատություն գումարելով: Խնդիրը, թվում է` պարզից էլ պարզ է. Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 2003 թ. հուլիսի 24-ի դատավճռով, հօգուտ սպանված Կարեն Մալխասյանի հայր Հենրիկ Մալխասյանի, պետք է բռնագանձվեր 2 միլիոն դրամ: Բայց… Որդեկորույս հայրը մինչ օրս ստացել է ընդամենը 180 հազարը: Մնացյալի փոխարեն դատական քաշքշուկներ միայն: - 2003-2006 թթ. Վարդենիսի ԴԱՀԿ-ի աշխատակից Մհեր Խուրշուդյանը, համագործակցելով մարդասպան Մխիթար Մկրտչյանի հետ, Գագիկ Աղաջանյանի հետ չեն բռնագանձում դատարանի վճռով որոշված 2 մլն դրամը Մխիթար Մկրտչյանից: Կատարողական վարույթը ավարտել են 3 անգամ, պատճառաբանելով իբր Մ. Մկրտչյանը չունի գույք, եկամուտ: Չնայած 09.08.2005 թ. գրանցված է եղել համասեփականություն նրա անունով: 07.07.2006 թ. Գեղարքունիքի ԴԱՀԿ բաժնի պետ Գ. Ենոքյանի ջանքերով իմ բողոքների հիման վրա վերսկսվել է կատարողական վարույթը: Գումարի բռնագանձման ժամկետ չնշանակելու պատճառով ինձ մինչև այսօր փոխանցել է 180.000 դրամ: Նույն տեմպով եթե փոխանցվի, ապա առնվազն 71 տարի հետո գումարը կգանձվի: Կեղծիքների համար քաղաքացիական հայցով դիմել եմ ՀՀ Հյուսիսային քաղաքացիական դատարան` դատավոր Ալավերդյանին: Լոռու մարզում 3 դատական նիստ է կայացել` յուրաքանչյուրը 3 րոպե տևողությամբ: Այնուհետև դատական համակարգի փոփոխվելու պատճառով քաղաքացիական գործի քննությունը տեղափոխվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` դատավոր Վ. Մելիքյանի վարույթ: Քանի որ հնարավորություն չունեի գնալու Վարդենիս, դատաքննությունը կայացել է իմ բացակայությամբ: Մ. Խուրշուդյանն ու Մ. Մկրտչյանը ոչ մի փաստարկ չներկայացնելով դատարանին` դատավորը իր հայեցողությամբ, հաշվի չառնելով իմ փաստարկները, քաղաքացիական հայցս` վնասի հատուցումը 6.240.360 դրամ, մերժել է,- պատմում է վշտաբեկ հայրը: Նրա պատմածներին կասկածելու հիմքեր չկան, բայց լավագույն ապացույցը, թերևս, 2006-ին Գեղարքունիքի մարզի ԴԱՀԿ բաժնի պետ Գ. Ենոքյանի կայացրած որոշումն է` «…պարտապանի գույքի և եկամուտների հայտնաբերման ուղղությամբ գործողություններն ու հարցումները ամբողջական չեն… Վերսկսել` 07.10.2005 թ. ավարտված թիվ 05/01-233/05 կատարողական վարույթը Մխիթար Մկրտչյանից հօգուտ Հենրիկ Մալխասյանի` որպես տուժողի, հուղարկավորության հետ կապված ծախսերի հատուցում 2.000.000 (երկու միլիոն) դրամ գումար բռնագանձելու վերաբերյալ»: Այլ մանրամասներով ընթերցողին ծանրաբեռնել չցանկանալով, հավելենք միայն, որ վշտակիր հայրը` Հենրիկ Մալխասյանը, 2-րդ խմբի հաշմանդամ է, չի աշխատում. ասել է թե` չի կարող ավարտին հասցնել` որդու գերազմանին մի շիրմաքար դնել (երբեմն նույնիսկ դատական նիստերին չի կարողանում մասնակցել` վատառողջության ու Գյումրիից Երևան, նախկինում նաև` Դիլիջան, Գեղարքունիք հասնելու համար տրանսպորտային ծախսերի գումարը չունենալու պատճառով: Այսուհանդերձ նա թաքուն մի հույս ունի. ատյաններից գոնե մեկում գտնել արդարությունը: