ԳՆԴԱՑՐՈՐԴԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԷՐ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ


Երասխավան, Ոսկեպար, Կոռնիձոր, Շահումյան, Մանաշիդ, Կիչան, Սրխավենդ, Շվանիձոր, Վարդենիս, Գորիս ու էլի շատ ու շատ բնակավայրերի ինքնապաշտպանական մարտերին է մասնակցել Ռուբեն Գառնիկի Բաղդասարյանը: Զովունու հերոսը` «Երևան» միացյալ կամավորական ջոկատի ուղղաթիռի գնդացրորդը, միշտ հպարտությամբ էր վերադառնում: Շարժման առաջին իսկ օրերին առաջիններից մեկն էր, որ ընդգրկվեց կամավորական ջոկատի շարքերը: «Հատուկ ծառայության ջոկատի» կորիզը սահմանամերձ կռիվներում իրենց քաջությամբ աչքի ընկած երդվյալ կամավորականներ էին, որի շարքերում ընդգրկվեցին արծվասիրտ նվիրյալներ. դրանց մեջ էր Ռուբենը: Նրանց համար կար մի ճշմարտություն` անձնվիրաբար մարտնչել` ստանձնելով դժվարին, պատասխանատու ճանապարհ` մարտական ամենաթեժ գոտիներում զենք-զինամթերք, ռազմական հանդերձանք, դեղորայք հասցնելով և վիրավորներին տեղափոխելով մարտի դաշտից: Օրը 3-4 թռիչք էր կատարում նրանց ուղղաթիռը: Ինչպես հարազատներն էին ասում` նրա նպատակն էր անմնացորդ նվիրվել, ոչ ոք և ոչինչ չէր կարող խանգարել արծվի թռիչքին: Անգամ ծանր վերքերն անզոր էին նրան գամել անկողնում: 1992 թ. հունիսի 13-ին հատուկ առաջադրանք են ստանում… Իրենց ուղղաթիռները շտապում են Արցախ: Հակառակորդը լուրջ էր պատրաստվել, իսկ մեր քաջերին շտապ օգնող ջոկատ էր պետք: Թշնամին անցնում է լայնածավալ հարձակման. արհամարհելով առողջական վիճակը` վիրավոր ոտքով օգնության է շտապում ընկերներին: Հունիսի 13-ին կռվի թեժ կետում էր` Մարտակերտի Քոլատակ գյուղում: Մարտական ընկերների` Ատոմի, Լևոնի, Սամվելի ու ուղղաթիռի մյուս անձնակազմի հետ օդ բարձրացան: Նա ուղղաթիռի գնդացրորդն էր: Գնալով թեժանում էին մարտերը: Ռուբենը ցանկացել էր արագ պտույտներով հնարավորինս ցածր բարձրության վրա մարտնչել` անակնկալի բերելով թշնամուն: Նա հերոսին վայել պատգամեց. «Բայց եթե դողա քո ձեռքը մի օր, ԵՎ դու խնայես թշնամուն մեր նենգ, Ես նույնիսկ շիրմից կգոչեմ այնժամ` Արդ ի՞նչ ես անում, հիմի՞ էլ ներենք»: «Երևան» միացյալ ջոկատի տղաները լուրն ստանալուն պես հասնում էին թեժ գոտիներ, ուղղաթիռներում տեղակայված գնդացիրներից կրակ տեղում և նույնպիսի արագությամբ հեռանում: Անձնականը նրանց համար չէր. իրենք էին ուրիշի համար: Երբեք չէին վերադառնա` առանց լուրջ գործողություն իրականացնելու: Քոլատակցիների շուրթերին քաջերի անուններն էին, հիացական պատմությունները: Նրանց արյան շիթերով ծնվեց ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ… Հունիսի 13… Ժամ էր հատուցման: Ոսոխի արկն այդ օրը չէր վրիպելու: Միայն երրորդ պտույտի ժամանակ խփվեց Ռուբենենց ուղղաթիռը և… Քոլատակը ապշահար դիտում էր այրվող ուղղաթիռի սլացքը և նրա միջից դուրս նետված քաջին` գնդացրին գրկախառնված: Երևի երկրագունդն էլ էր քարացել քաջի արարքից… Հակառակորդն էլ էր ապշած… Քաջի նպատակն էր տեսնել հայրենիքն ազատված, տանտիրոջ շնչառությամբ. նա երևի շտապեց թռչել` ազատությունը վայրկյան առաջ տեսնելու հավատով: Պետք էր անել անհնարինը… Չէ՞ որ մարտադաշտում զինվորը չի կարող սպասել: Այսօր, լեռան լանջին փռված Քոլատակ գյուղում դրված է Ռուբեն Բաղդասարյանի ու զինակից ընկերների` Ատոմ Մխիթարյանի, Լևոն Հարությունյանի հուշաքարը: Հայրենի Զովունի գյուղում` հայրենական պատերազմում զոհված մարտիկների հուշահամալիրում, ամփոփված է հերոսի աճյունը, ուր ամեն տարի` հունիսի 13-ին, հավաքվում են ընկեր-բարեկաներ, ռազմիկին վայել խոսքեր ասում: Տարիներ անց եղբայրը` Էդուարդը, Արցախ կատարած ուխտագնացության ժամանակ կլինի Քոլատակում` այն կանաչ հովտում, որտեղ ընկել է ուղղաթիռը: Ցավից դուրս պրծած քաջերը` հայի տառապանքի կրողները, ժամանակաշրջանին տվեցին իրենց գույնն ու առնականությունը: Նրանք ընդունակ էին իրենց վրա դրված առաջադրանքներն ամենայն ճշգրտությամբ կատարել: Ազատամարտիկի ուղին քարոտ է. բոլորը չէ, որ կարժանանային Բարձրյալի մկրտությանը: Իսկ մկրտումի համար բազմասլաց ջանք, անկոտրում կամք էր պետք: - Հիշում եմ` այգում նստած զրուցում էինք, ասաց` վաղը գնալու եմ… - Պատմում էր Ռուբենի եղբայրը` Էդուարդ Բաղդասարյանը, ով շարժման մասնակիցներից է եղել: Հիմա զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ է: - Մի քանի ամիս առաջ վիրավորվել էր. ոտքի վերքը չէր լավացել, առաջարկեցի մի քանի օր բուժվի, նոր գնա: Չէ, անկոտրում էր: Մի անգամ, երբ երկուսով նորից պիտի գնայինք, հայրս` Գուրգենը, մեզ հետ մեքենա նստեց ու ասաց. «Որտեղ երկու որդիս, էնտեղ էլ ես…»: Սկզբում մեր Զովունի գյուղում ջոկատ կազմվեց: Բայց մինչև այդ, եղբայրս արդեն փորձառու էր, իրենից խորհուրդ էինք հարցնում: Երբ Ռուբենը տուն էր գալիս, բոլորը հավաքվում էին մեր տանը. սկսվում էր հետաքրքիր հարց ու պատասխաններ: Նա վերադաս հրամանատարության հետ էր շփվում, տեղյակ էր մարտական գործողությունների ընթացքից: Մեր ջոկատը 17 հոգուց էր բաղկացած: Երբ վիճակը շատ սրվեց, մեր ջոկատով գնացինք սահմանամերձ վայրեր, որտեղ մեր օգնության կարիքը կար: Ցուրտ ձմեռ էր, գիշերը հասանք Վարդենիս, բայց այստեղ մեզ հավատացրին, որ վիճակը խաղաղ է, օգնության կարիք չկա: Նույն պահին եկանք Իջևան, որտեղ մեզ սրտաբաց ընդունեցին: Բերքաբերի դիրքերն էինք պահում: Սոսկալի վիճակ էր. չկար ո°չ զինամթերք, ո°չ սննդամթերք: Ապա գնացինք Երասխ, որտեղ հանդիպեցինք Ռուբենին. փորձառու աչքով տնտղեց մեր զենքերը: Աղքատիկ էր մեր զենք-զինամթերքը: Հետո նորից բաժանվեցինք, գնաց իր ճանապարհով: Նա նվիրյալ էր, հերոս անհատ: Ոչ ոք ու ոչինչ չէր կարող նրան ետ պահել իր ընտրած ճանապարհից: Նրա կողքին կային իր պես նվիրյալներ: Այսօր նրանցից շատերը չկան: Պատերազմում մարդը հեշտ է բացահայտվում: Մարտի դաշտում ընկերդ պետք է ազնիվ, արդար լինի: Ռուբենը սիրված էր համագյուղացիների, մարտական ընկերների կողմից: Նա անսահման համեստ, ընկերասեր, անձնազոհ տղա էր: Նա ֆիդայի էր… Հերոս չեն դառնում, ծնվում են: Նրանց սխրանքների հանրագումարը բացահայտման վիպերգ է ծնում: Նրա մահը ցնցեց բոլորին… Ամեն տարի` սեպտեմբերի 26-ին, հայորդու բարեկամ-ընկերներն այցելում են գյուղի մարտական փառքի գերեզմանատուն: Զովունին հպարտ է, որ գյուղի դպրոցն անվանակոչվել է քաջի անունով, և բակում դրվել կիսանդրին, որի վրա մանկավարժների կամքով դրոշմվել է. «Մի անմահ հուշ էլ դու դարձար, եղբա'յր»: Ցավ-խանդավառություն, տառապանք-ուրախություն էր հրաբխում այդ օրը: Ռուբենի կինը` Անահիտ Գալոյանը, կհպարտանա իր զավակներով, Գրիգոր և Անդրանիկ Բաղդասարյանները վառ կպահեն հերոսի հիշատակը, նոր պատմություններ կծնվեն նրանց ընտանիքում, իսկ քաջի վիպերգը` բարի լույսի պես անարատ, ամեն օր արշալույսի շողերի հետ կսփռվի Զովունու վրա` հույս-հավատով, որ հայ ընտանիքներում արծվասիրտ ՔԱՋԵՐ դեռ կծնվեն:

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ