Շնորհանդես


ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ Վարդան Գրիչենցի` Բաբկեն Վարդանյանի «Տարոն, տարոնականություն և հայոց բանակ» գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք, արվեստի ու մշակույթի գործիչներ, հյուրեր: Գրքի շնորհանդեսը ՊՆ վարչական համալիրում պատահական չէր, որովհետև ազգային բանակն ու հայ զինվորը նմանօրինակ գրքի կարիք իսկապես ունի: Աշխատության բուն ասելիքը տարոնականության էության բացահայտումն է և հանրության շրջանում այդ էության արմատավորումը, ինչին կարելի է հասնել նոր սերնդին ինքնաճանաչողության մղելու շնորհիվ: Վերարժևորելով հայոց բանակի, հայ սպայության դասի դերն ու նշանակությունը հասարակության մեջ` հեղինակն անդրադառնում է ևս մեկ կարևոր խնդրի` բանակի և դպրոցի փոխադարձ կապին: Պաշտպանության նախարար Ս. Օհանյանն իր խոսքում փաստեց, որ Վարդան Գրիչենցի նախորդ` մասնավորապես «Հայացք ներսից և դրսից», «Նոր Վարդանանք», բոլորովին վերջերս հրատարակված «Հայ ազգային գաղափարախոսություն» երկերը նվիրված են մեր բազմադարյան պատմության վերաարժևորմանը, ազգային ինքնության կնճռոտ խնդիրներին, համազգային գաղափարախոսության, հոգևոր զարթոնքի առանցքային հարցերին: