ՆՈՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ՈՐՈՆԵԼՈՎ


Ի՞նչ են մտածում իրենք` ազգընտիրները, մեր օրենսդիր մարմնի մասին: Մերօրյա Ազգային ժողովն իրականացնո՞ւմ է իր գործառույթները, արդարացնո՞ւմ է ընտրողների վստահությունը: Որքանո՞վ են պատգամավորները հասցրել իրագործել նախընտրական իրենց խոստումները: «Ավանգարդ»-ի այս հարցերից պարզվեց, սակայն, որ երեսփոխան ներից շատերը բնավ էլ «կարծիք ու տեսակետ» չունեն իրենց պատսպարած կառույցի մասին (Աշոտ Արսենյան, Արսեն Ավագյան, Կարո Կարապետյան, Սամվել Ալեքսանյան, Մանվել Ղազարյան...): Ուշարժան էր հատկապես պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) ընդգծված ջերմությունը հայրենի խորհրդարանի նկատմամբ: - Իմ կարծիքը մեր Ազգային ժողովի մասին շատ բարձր ա: Իսկ եթե ես եկել եմ այստեղ, նշանակում ա` մեր ժողովրդի վստահությունը մեծ ա, ու աշխատանքները շատ լավ են գնում: Գալուստ ՍԱՀԱԿՅԱՆ. ՀՀԿ խմբակցության ղեկավար - Բնականաբար, շատ սխալ եմ համարում այն տեսակետները, երբ սկսում են համեմատել, թե ո՞ր խորհրդարանն էր ավելի լավը: Խնդիրը վերաբերում է, թե ինչպիսի՞ն է քաղաքական իրավիճակը, և ի՞նչ խնդիրներ ունի խորհրդարանը: Պետք է նշեմ, որ 1999 թվականից բավական լուրջ իրադարձություններ եղան, և Ազգային ժողովը կարողացավ պահպանել երկրի կայունությունը: Այսօր, խնդիրը ոչ միայն երկրի կայունությունը պահպանելն է, այլև` ներքին և արտաքին ճիշտ քաղաքականություն վարելը: Կարծում եմ` պետք է ավելի ամրապնդել հասարակության հետ կապը, որպեսզի է°լ ավելի արդյունավետ դառնան օրենսդիր մարմնի աշխատանքները: Մի քանի առիթներով մենք հայտարարել ենք, որ թեև տնտեսական ճգնաժամի պատճառով մեր կուսակցության որոշ նախընտրական ծրագրեր հետաձգվեցին, սակայն մենք մեր ողջ ներուժն ուղղորդելու ենք` սոցիալական, տնտեսական և քաղաքական խնդիրներին ազգանպաստ լուծում տալու: Քավ լիցի, ես զերծ եմ այն մտայնությունից, թե խորհրդարանն ամենա-ամենան է: Մենք փորձում ենք այն օրինակելի դարձնել` օրենսդրական ու քաղաքական նոր լուծումներ որոնելով: Արամ ՍԱՖԱՐՅԱՆ. ԲՀԿ խմբակցության քարտուղար - Ես կարծում եմ, որ մեր խորհրդարանը հար և նման արտահայտում է մեր հասարակության իրական պատկերը` ոչ ավելի լավն է, ոչ ավելի վատը, քան մեր երկրի ընդհանուր հասարակական-քաղաքական մթնոլորտն է: Քաղաքական իմաստով` կարծում եմ, որ եթե մեր երկրում ընդդիմությունն իսկապես արմատական լիներ, դրանից մեր բանավեճերի և օրենսդրական գործունեության որակը սկզբունքորեն կարող էր միայն լավանալ: 2005 թ. սահմանադրական բարեփոխումներից հետո իրատեսորեն ընդլայնվեց Կառավարութ յան և Ազգային ժողովի գործառույթների շրջանակը: Ի վերջո, մեր երկիրը դասական իմաստով այն նախագահական երկիրը չէ, ինչպիսին էր 1991-ից մինչև 2005-ը: Եվ երբ մենք ստանձնում ենք խորհրդարանական դիվանագիտության, ներկայացուցչական, զանազան պետական, այդ թվում խորհրդարանական հանձնաժողովներում աշխատանքի որոշ գործառույթներ, տեսնում ենք, որ որակյալ, բանիմաց կադրերի սուր պակաս կա: Սա ակնհայտ է: Ես կարծում եմ, որ եթե երկրում լինի քաղաքական կայունություն, ապա կուսակցությունները կմտածեն մյուս խորհրդարանական ընտրությունների ժամանակ բանիմաց կադրերին իրենց ցուցակներում ընդգրկելու մասին: Ինչ վերաբերում է նախընտրական խոստումներին, ապա դրանց մի մասը կատարել ենք, մյուսը ընթացքի մեջ է: Ամենակարևորը, որ մեր ընտրողների շրջանում մեր բարի համբավը` իբրև ազնիվ, գործին, հասարակությանը նվիրված, անձնական շահ չփնտրող մարդիկ, պահպանվում է: Ես կարծում եմ, որ այսուհետ էլ մենք նույն կերպ ենք աշխատելու, քանի որ դա մեր կուսակցության նախագահի ամենախիստ պահանջն է: Գագիկ Ծառուկյանը ուղղակի հետևողական է յուրաքանչյուր մարդու հանդեպ, ու հատկապես նրանց` ում ինքն է բերել քաղաքական ասպարեզ: Վիկտոր ԴԱԼԼԱՔՅԱՆ. - Ցավոք սրտի, նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում` 1990-95-ից սկսած, մեր խորհրդարանները իրենց քաղաքական, պրոֆեսիոնալ և այլ որակներով գնալով զիջում են մեկը մյուսին: Եթե առաջին խորհրդարանից հետո համեմատություն կատարենք երկրորդ, երրորդ և չորրորդ խորհրդարանների միջև, ապա պետք է ասեմ, որպես պատգամավոր, որ 95-ից մինչ այսօր, վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջին խորհրդարանն անգերազանցելի էր: Դժբախտաբար` գնալով խորհրդարանների քաղաքական և պրոֆեսիոնալ մակարդակը ընկել է: Դա վերաբերում է նաև այս խորհրդարանին: Դրա պատճառներից ամենակարևորը Հայաստանում քաղաքական համակարգի կայացած չլինելն է: Ըստ էության Հայաստանում գործում է օլիգարխիկ կլանային համակարգ, որը փորձում է քաղաքական որոշումների վրա լուրջ ազդեցություն ունենալ: Դա անթույլատրելի է, քանի որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները: Կարծում եմ, որ պետք է նախ անցում կատարել 100 % համամասնական ընտրակարգի, իրականացնել սահմանադրական նորմը, ըստ որի` ձեռնարկատերերը և գործարարությամբ զբաղվողները ընդհանրապես իրավունք չունեն քաղաքականությամբ` այսինքն պատգամավորական գործունեությամբ զբաղվելու: Դա սահմանադրական պահանջ է, որը մեր երկրում ցավոք սրտի չի իրականացվում: Չեն իրականացվում նաև նմանատիպ քաղաքական այլ բարեփոխումներ: Խորհրդարանի որակը մեծապես պայմանավորված է ազատ, անկախ ընտրություններ անցկացնելու հանգամանքով, որը Հայաստանի Հանրապետությունում չի իրականացվում: Ինչ վերաբերում է իմ պատգամավորական գործունեությանը, ապա գնահատական տվողներն իմ ընտրողներն են: 4-րդ անգամ նրանք մեծամասնական ընտրակարգով ինձ ընտրել են պատգամավոր, և ես, բացառապես իմ ընտրողներին` Վանաձորի ազգաբնակչությանն եմ պարտական իմ քաղաքական գործունեության և կենսագրության համար: Նաև բոլորը գիտեն, թե վերջին 2 ընտրություններում ինչպես եմ ընտրվել` անցնելով տեռորի և իշխանական ճնշումների միջով: Չեմ ուզում հետադարձ հայացք ձգել, միայն ասեմ, որ իմ ընտրողներին ես բազմաթիվ ու բազմապիսի անիրականացնելի խոստումներ չեմ տվել: Ընդամենը խոստացել եմ իմ գիտելիքներն ու հնարավորություններն օգտագործել ի բարօրություն մեր ժողովրդի: Ի դեպ, նշեմ, որ այս քառօրյայում ընդունվեց իմ օրենսդրական նախաձեռնություններից մեկը` քաղաքացիական ծառայության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին, որն իմ 75-րդ օրենսդրական նախաձեռնությունն էր: Եվ թող ինքնագովեստ չլինի, 1995 թվականից առ այսօր Հայաստանում չկա որևէ պատգամավոր, որը նման ցուցանիշ արձանագրած լինի: Իսկ պատգամավորական գործունեության կարևորագույն ցուցանիշը օրենսդրական գործունեությունն է: Կարծում եմ` մեկնաբանությունները կանեք ինքներդ: