Հա՞ որ...


ՀԱՅԱՍՏԱՆԻ հարևանները ձգտում են մեզ «գազախեղդ» անել: Չնայած հատկապես արտադրությունում արձանագրված գազի սպառման ծավալների շեշտակի անկմանը` ռուսական «Գազպրոմը» այդպես էլ հաշվի չառավ ճգնաժամի պայմաններում վճարունակության անկման իրողությունը և, առաջիկայում գազի գնի հերթական բարձրացման մասին հայտարարեց: Ա¯յ քեզ ավանդույթ… Դեռ մի քանի տարի առաջ թվում էր, թե Իրանից եկող գազամուղը կարող էր հրաշալի այլընտրանք դառնալ «Գազպրոմի» կամայական գնային քաղաքականությանը: Սակայն այս խողովակաշարի շինարարության ավարտից հետո, բացի երկնագույն վառելիք ստանալու ևս մի տարբերակից, տեղական սպառողներն ուրիշ ոչինչ չեն ստացել: Ընդ որում, հաստատուն դարձած և ակնհայտորեն միակողմանի թելադրվող սակագնի առումով անգամ ներկրվող ոչ այնքան համեստ ծավալները ոչինչ չեն փոխում: Այսպես, Իրանի գազատրանսպորտային ընկերության ներկայացուցիչն օրերս հայտարարել է, թե իրենք նախատեսում են Հայաստանին մատակարարվող գազի ծավալներն ավելացնել հինգ անգամ` օրական հասցնելով բավական պատկառելի 10 միլիոն խորանարդ մետրի: Սակայն եթե պարսկական ընկերությունում գիտեն, որ Հայաստանում ձմեռը խստաշունչ է լինում, և «հաշվարկն» այս հիմքով է կատարվել, միգուցե նրանք չեն սխալվել: Բայց խնդիրն այն է, որ առաջիկա ձմեռը մի կարևոր առանձնահատկություն է ունենալու: Արդեն հիմա է ակնհայտ, որ չվճարումներն ու անջատումները ռուսական թե պարսկական ընկերություններին խանգարելու են, և նրանք ուզած քանակությամբ վաճառելիք գազի դիմաց ուզած գինը չեն կարողանալու գանձել: Ի վերջո, այս տարի գազի աննախադեպ բարձր գինն ու իբրև այս ամենի հետևանք բնակիչ-բաժանորդների և կազմակերպությունների վճարունակության անկումը իրար փոխլրացնելով, վերադարձնելու են չվճարումների ու անջատումների հին ու անցանկալի ժամանակները: ԵՎ ՉՆԱՅԱԾ ահագնացող խուճապ դեռևս այս հարցում չի նկատվում, բայց արդեն ավելի քան խուճապային իրավիճակ է ստեղծվել նախորդ եռամսյակում ստացված ՀԴՄ կտրոնների դիմաց տրամադրվող խրախուսավճարների հարցում… Հարկայինի շենքերի մոտ գոյացող շուրջօրյա հերթերն 90-ական թվականներն են հիշեցնում: Ընդ որում, եթե այն ժամանակ մարդիկ հանապազօրյա հացի խնդիրն էին ամեն գնով փորձում լուծել, հիմա արդեն վաստակած գումարը, որ տվյալ դեպքում մի քանի հազար դրամ է, նույն այդ հացը գնելու պարզորոշ նպատակադրումն ունի: Արդյո՞ք Պետեկամուտների կոմիտեի ղեկավարները գերագույն հաճույք են ստանում` տեսնելով իրենց ձեռնարկման շատ արագ ձախողման հետևանքները. դժվար է ասել: Իրողությունն այն է, որ բոնուսների բաշխման մարդավայել մեխանիզմների մասին նրանք չեն մտածել, իսկ նախորդ եռամսյակում առաջացած նույնատիպ, բայց համեմատաբար մեղմ իրարանցումը նրանց այս առումով ոչինչ էլ չի հուշել: Ավելին, խոսակցությունները, թե գումարների տրամադրման գործընթացը ժամկետից շուտ կասեցվելու է` Պետեկամուտների կոմիտեն ոչ հերքում է, ոչ էլ հաստատում: Սա էլ իր հերթին է մեծացնում նոր ու ոչ պակաս տհաճ անակնկալի հավանականությունը: ԹՎՈՒՄ ԷՐ, թե մեր երկրում գոնե երթուղային փոխադրամիջոցները շահույթով են աշխատում: Սակայն գազի բարձր սակագինը վերջիններիս տերերին էլ հանգիստ չի տալիս, և նախորդ շաբաթավերջին կառավարության շենքի մոտ բողոքի ցույց կազմակերպելու հերթը երթուղիներն սպասարկող կազմակերպությունների ղեկավարներին հասավ: Նրանք դժգոհել են, թե 100 դրամ ուղեվարձ գանձելով` իրենք արդեն վնասով են սկսել աշխատել: Որոշների վիճակն է°լ ավելի է բարդացել, քանի որ ապառիկով գնված մեքենաներ ունեն, և գործող երթուղայինները, եթե տարեսկբից նոր ավտոբուսներով փոխարինվեն, ապա գծատերերը սնանկացման եզրին են հայտնվելու: Կարելի է կարծել, թե ինչ-որ մեկը խիստ շահագրգռված է ավտոբուսների ներկրմամբ: Այլապես, ներկայիս երթուղիներն սպասարկողներն անակնկալի չէին գա, և տարբեր ստուգող կազմակերպությունները մինչև հիմա բարձիթողի այս ոլորտն անսպասելիորեն խոշորացույցով չէին սկսի ուսումնասիրել: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երկօրյա պետական այցով մեկնել է Քուվեյթի Պետություն Հայաստանի անկախացումից ի վեր սա ՀՀ Նախագահի առաջին պետական այցն է Ծոցի երկիր: ՀՀ Նախագահի և Քուվեյթի Էմիրի հանդիպումից հետո Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության միջև ստորագրվեցին համագործակցության մի շարք փաստաթղթեր: Այնուհետև Քուվեյթի Էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահի անունից ի պատիվ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի տրվեց պետական ճաշ: Այսօր Նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի Քուվեյթի գիտական կենտրոն, կհանդիպի Քուվեյթի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Ալի Մոհամմադ Թհունյան ալ-Ղանիմին: ԱՅՍՕՐ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը աշխատանքային այցով կմեկնի Սան Հոզե (ԱՄՆ)-«Արմթեք - 2009» համաժողովին մասնակցելու ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, կառավարության և նախարարությունների աշխատակազմերի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք: