ՎԻՃԱԿԱԳՐԱՅԻՆ ՕԴԱՄՐՈՑՆԵՐ


Տնտեսական անկման «ամենաթեժ» ցուցանիշը, որը հուլիս ամսին է արձանագրվել, փաստորեն գործադիրի պատասխանատուներին այնքան էլ չի հուսալքել: Հաջորդող յուրաքանչյուր ամսին պաշտոնական վիճակագրության 0,1 տոկոսանոց անկման մեղմման մասին պնդումը ակնհայտորեն լիովին վերականգնել է հայրենի պաշտոնյաների երբեմնի լավատեսությունը: Եվ եթե սկսած ընթացիկ տարեսկզբից կառավարությունը որտեղից հաջողվեր պարտքով փող էր վերցնում ու նորանոր պարտատերերի փնտրում, ապա ֆինանսների նախարարը հաջորդ տարվա համար ըստ էության բավական համարձակ հայտարարություն է անում` վստահաբար պնդելով, թե փողային նոր հոսքերի անհրաժեշտություն տարեսկզբից այլևս չի զգացվելու: Իր հերթին, թե ինչպես է վճռվելու ճգնաժամի արդյունքում մեր երկրի գրեթե կրկնապատկված արտաքին պարտքի հետագա ճակատագիրը, դեռևս չի քննարկվում: Ավելին, կառավարությունից կառավարություն ժառանգվող այս խնդիրը հավանաբար ավելի լավ ժամանակներում լուծելիք հարց է համարվում: Առավել ևս, որ տպավորությունն այնպիսին է, թե 18,5 տոկոսի հասած տնտեսական անկումից հետո հաջորդ տարվա համար կանխատեսվող 1,2 տոկոսի աճը նման անհուսալի իրավիճակից հետո դեռ ինչ-որ չափով գտնված ելք կարելի է համարել: Որոշ կանխատեսումներով նշված ցուցանիշը նույնիսկ նվազագույն շեմ է արդեն համարվում, ու եթե անհաջողությունների ինչ-որ նոր ալիքներ առաջիկա ամիսներին հայրենի տնտեսությանը չհանդիպեն, ապա տնտեսական աճի 1,2 տոկոսի սահմաններում նախանշվող կանխատեսումը չի բացառվում, որ հաջորդ տարեվերջին մի քանի անգամ բազմապատկված ցուցանիշով ամփոփվի… Այսուհանդերձ, նման թվերին ու կանխատեսումներին հանրությունը ոչ նախկինում, ոչ էլ առավել ևս հիմա չի հավատում: Անկախ ամենից` իրողությունն այն է, որ նույն պաշտոնական տվյալները տարեսկզբից նոր թափ հավաքած գնաճի վերաբերյալ վերևում հիշատակված 1 տոկոսի կարգի թիվ են մատնանշում: Մինչդեռ բավական է թեկուզ ցանկացած մթերային խանութում լինել` նախորդ օրերի կամ լավագույն դեպքում նախորդ շաբաթվա համեմատ նույնիսկ անզեն աչքով մի քանի տոկոսի գնաճ արձանագրելու համար: Իսկ թե ինչ է կատարվելու այս առումով Ամանորին նախորդող շաբաթներին, երբ գները միշտ և անկախ ամեն ինչից են բարձրանում, դժվար չէ պատկերացնել: Բայց հակառակ այս ամենին` մեր Ազգային վիճակագրական ծառայությունը ոչ միայն ամենամոտ ապագային չի ցանկանում նայել, այլ նաև «վերցնում» ու վերլուծում (՞) է համեմատաբար բարենպաստ համարվող ժամանակների իրավիճակներ ու նույնքան «հավաստի» ցուցանիշներ, որոնք մեր երկրի ներկային ու հեռանկարներին ոչնչով չեն օգնում և ոչինչ չեն նախանշում… Ինչ խոսք, այսչափ «թարմ ու օպերատիվ» տվյալները կարելի է միանգամից արխիվացնել ու մոռանալ թեկուզ հենց այն պարզ պատճառով, որ դրանք ներկայումս բազմապատկված մեր անհաշվելի հոգսերին բնավ էլ չեն առնչվում: Սակայն մինչ այդ անհնար է շրջանցել թվերի տեսքով մեզ ներկայացված այն աբսուրդը, որն այս դեպքում պաշտոնական վիճակագրություն է հորջորջվում: Ըստ այս կառույցի զեկույցի` 2004-2008 թվականներին մեր հանրապետությունում շուրջ 350 հազար մարդ կարողացել է հաղթահարել աղքատությունը, և այս առումով ամենալավատե սական ցուցանիշն արձանագրվել է հենց նախորդ տարվա համար: Որքան լավ է, որ վիճակագիրներն այս անգամ մեզ ժամանակի բավիղներում չեն խճճում ու փորձում են համոզել, թե անցյալ տարի, ասել է թե` ընդամենը ամիսներ առաջ, մենք նախանձելիորեն բարեկեցիկ կյանքով ենք ապրել… Միևնույն ժամանակ` վերևում նշված թվի կրկնակի չափով մեր հայրենակիցներն աղքատության որոգայթում են հայտնվել: Ընդ որում, 760 հազար մեր համերկրացիներից 100 հազարը արդեն ընկղմվել է ծայրահեղ աղքատության մեջ: Թե որքանով է ճգնաժամը նպաստել ներկայացված թվերի աճին, վիճակագիրները հավանաբար մեկ էլ 4-5 տարի հետո «կբացահայտեն», երբ, բնականաբար, 2009-ի համար արված արձանագրումներն այլևս անկարևոր կլինեն… Իսկ լավատեսական թվեր ստանալու «գաղտնիքը» համենայն դեպս, ըստ այս զեկույցի, բավական ծիծաղելի հիմնավո րումներ ունի: Պարզվել է, որ մարդիկ գոհ են եղել էլեկտրաէներգիայի մատակարարումից, հեռախոսակապի որակից և, ասենք, տրանսպորտի նորմալ աշխատանքից: Բայց թե այս ամենը որքանո՞վ է մեղմում աղքատության մտահոգիչ ցուցանիշները և ի՞նչ կապ ունեն գնաճի անանց հաղթարշավն ու տնտեսական անկման կամ աճի հետ` պատասխաններ չեն գտնվել: