ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԸ ՆՈՐԻՑ ԱՐՀԱՄԱՐՀՎԵՑ


2012 թվականի պետական բյուջեի նախագծում մեր ուշադրությունը գրավեց այն հանգամանքը, որ նորից բարձրանում են դատավորների և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը: Հնարավոր է, որ դատավորների աշխատավարձերը գերազանցեն մեկ միլիոն դրամը: Երևի հիմա էլ կբացատրեն, թե դատավորներին կոռուպցիայից ազատելու, նրանց կաշառակերությունից հետ պահելու համար` հերթական անգամ բարձրացնում են նրանց աշխատավարձերը: Դե ինչ, կոռուպցիայի դեմ պայքարի երևի «ամենաարդ յունավետ» մեթոդն է սա, որովհետև որքան բարձրացնեն աշխատավարձերը` այնքան մեր դատավորներն առավել մեծ չափերի կաշառքներ կվերցնեն... Եթե նայենք մեր շատ դատավորների ապրելաձևին, նրանց կուտակած ունեցվածքին, նրանց ու նրանց զավակների վարած ավտոմեքենաներին` կնկատենք, որ այս մարդիկ պարզապես ցոփության մեջ են ապրում` այսպես մեկ անգամ ևս խորացնելով սոցիալական այն անհավասարությունը, որը տիրական է դարձել երկրում: Իսկ ահա դատավորների բարձրացվող աշխատավարձերի կողքին` բյուջեի հեղինակները հերթական անգամ մոռացության են տվել մշակույթի աշխատողներին` պարտադրելով, որ գրադարանների աշխատողները ստանան ընդամենը 35 հազար դրամ, իսկ թատրոններում միջին աշխատավարձը կազմի 40 հազար դրամ: Ավելին, բացի նվազ աշխատավարձերից, եկող տարվա բյուջեում կրճատվել են մշակույթին հատկացվող ֆինանսական միջոցները: Փաստն աղաղակող է ոչ միայն իր սոցիալական ընդգրկումներով, այլև նաև այն պատճառով, որ 2012 թվականը հռչակված է Հայ գրքի տպագրության 500-ամյակի տոնակատարության տարի: Ասել է թե` Հայաստանը վերածվելու է գրքի միջազգային կենտրոնի, մինչդեռ կառավարությունն օրավուր կրճատում է մշակույթին հատկացվող միջոցները` հարվածելով աջակցության մեծ կարիք ունեցող ոլորտին: Սակայն, վերադառնանք աշխատավարձերին: Գրադարանային համակարգի աշխատողների աշխատավարձը թողնելով 35 հազար դրամի սահմաններում` ի՞նչ տրամաբանությամբ է առաջնորդ վել կառավարությունը, ինչ «չափորոշիչներ» է հրապարակ հանել: Պարզ է ու հասկանալի, որ այստեղ առկա է քամահրանքը, անտարբերությունը մշակույթի ու նրա աշխատողների հանդեպ, ովքեր շատ վաղուց լրացրել են աղքատների շարքերը: Մոտ մեկ միլիոն դրամ աշխատավարձ ստացող դատավորի կողքին ինչպե՞ս է ապրելու ընդամենը 35 հազար դրամ ստացող գրադարանավարը կամ էլ 40 հազար դրամ ստացող արվեստագետը, երաժշտական դպրոցի ուսուցիչը, դերասանը… Գուցե դեռ մտածողներ կան, որ կուշտ չապրող, վաղուց հնացած զգեստները չփոխող, գոնե նվազագույն բարեկեցության մասին չմտածող մարդիկ միայն ունակ են արվեստ արարել… Գուցե բյուջեով զբաղվող անձինք չեն պատկերացնում, թե ինչ ստորացված վիճակում են մշակույթի ոլորտի աշխատողները, ինչ չարքաշ կյանքով են ապրում նրանց երեխաները, ինչպես են զրկվում բարձրագույն կրթություն ստանալու իրավունքից, ինչպես են քարշ տալիս ողորմելի դարձած իրենց գոյությունը… Բյուջեում նման անհամաչափության լուրը ցնցել է ոլորտի աշխատողներին, զայրացրել: Անհանգիստ են հատկապես մայրաքաղաքից դուրս գտնվող թատրոններում, որտեղ աշխատավարձից զատ` այլ եկամուտներ չունեն: Վիճակն իսկապես դառնում է օրհասական, իսկապես մարդիկ հայտնվում են խոր հիասթափության մեջ: Ինչպես նշեցին արվեստի մի շարք գործիչներ` 2012-ին կմեծանա արտագաղթը, շատ երաժիշտ-կատարողներ կհեռանան երկրից, կհեռանան նաև մշակույթի այն աշխատողները, ովքեր առանց այն էլ շնչահեղձ են լինում սոցիալական կեղեքումներից: Կառավարությունից մեզ տեղեկացրեցին, որ արվել է հնարավորը, որպեսզի նոր տարվա բյուջեն դիմանա ծանրաբեռնվածությանը: Հասկանալի է այս մեկնաբանությունը, սակայն մի շարք պետական չինովնիկների աշխատավարձերը բարձրացնելով, բյուջեն ինչպե՞ս է դիմակայելու մարտահրավերներին: Մենք փորձեցինք այս խնդրի մասին մեկնաբանություն ստանալ նաև ՀՀ ֆինանսների նախարարությունից, սակայն մեզ պատասխանեցին, որ կարող են մեկնաբանություն տալ միայն այն ժամանակ, երբ բյուջեն օրենքի ուժ կստանա: Այսինքն` երբ հերթական անգամ երկրում հաստատա՞ծ կլինեն սոցիալական անարդարությունն ու մարդկանց մղած կլինեն նոր հիասթափությա՞ն: Ռուսական ասացվածքն ասում է` «ճաշից հետո` մանանեխ»… Բայց իրենց վաստակը հեգնանքով աղքատավարձ անվանողներն այդ մանանեխի կարիքն էլ երևի չունենան, որովհետև ցանկացած մեկնաբանություն չի կարող փոխարինել քիչ թե շատ նորմալ ապրուստին:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ