1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Ադրբեջանի ֆինանսների նախարարությունում հավանաբար երբևէ չէին մտածել, որ Պաշտպանության նախարարության զորամասերում սկսված ստուգումներն այնքան «հետաքրքիր» են դառնալու, որ Իլհամ Ալիևը որոշ ժամանակ անց դրանք ավելի մեծ ծավալներով վերսկսելու հրամանագիր է արձակելու: Եթե հայտնաբերվող չարաշահումների աննախադեպ ծավալից տեսուչները սկզբում ապշել են, ապա շատ չանցած ստիպված են եղել իրենց զարմանքը փոխանցել նաև վերադասին: Ֆինանսների նախարարության ներկայացուցիչները խոսքեր չեն գտնում կաշառակերության ծավալներն ու դրսևորումները ներկայացնելու համար: Նրանք այնուամենայնիվ փաստում են, որ բանակի ղեկավարությունը հնարավոր ամեն ինչ թռցնում է և վաճառում: Զինված ուժերում տիրող բարքերը սկզբում անհավատալի են թվացել Պաշտպանության նախարարության առաջին դեմքերին: Ու սեփական աչքերով ամեն ինչ տեսնելու և համոզվելու համար սրանք անձամբ են միացել ստուգումներ անցկացնող ֆիննախի խմբին: Որքան էլ խառնաշփոթը մեծ լինի, այսուհանդերձ հայտնաբերվածը ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է: Զարմացնողն այս պարագայում ամենաթողության ու ապօրինությունների ծավալներն են եղել: Նշվում է, որ Ադրբեջանի բանակն անգամ պատերազմական դժվարին տարիներին երբևէ նման վիճակում չի եղել: Իսկ Իլհամ Հեյդարօղլուն հատկապես զայրացրել է հանգամանքը (ինչն էլ ստուգումները վերսկսելու պատճառ է դարձել), որ ամեն տարի իր իշխանությունը հնարավորն է անում` զինված ուժերին տրամադրվող միջոցներն ավելացնելու ուղղությամբ, ու հանկարծ անսպասելիորեն պարզվում է, որ այդ գումարներն ինչ¬որ մարդկանց գրպաններն են տռզացնում: Ադրբեջանցի որոշ վերլուծաբաններ այս օրերին գրում են, թե հաջորդ տարվա բյուջեով բանակին հատկացվող միջոցների աճը գերազանցապես չարաշահումների հայտնաբերվող փաստերով է պայմանավորված: Նրանք արձանագրում են, որ այդչափ հավելաճ զինված ուժերին իշխանությունը վաղուց չէր նախատեսել: Ի դեպ, բանակային բացահայտումներով տարված ադրբեջանական մամուլն այս օրերին փաստում է նաև, որ միայն վերջին երեք օրերին երեք զինվոր է մահացել: Այսինքն, մի կողմից ամենատարբեր հիվանդություններն են մոլեգնում հարևան երկրի բանակում, մյուս կողմից` կաշառակերությունն ու անօրինություններն են այնտեղ վարակի նման տարածվում: