Թռչկանը և ներիշխանական վերադասավորումները


Ներքաղաքական, ներիշխանական, ինչպես նաև ներհանրային առումով հետաքրքիր զարգացումների ականատեսը եղանք արդեն ավարտվող յոթնօրյակի ընթացքում: Ոմանք կդժվարանան ասել` միմյանց հաջորդող և սպասվող նոր հրաժարականների մասին լուրե՞րը, թե՞ ԱԺ ներկայացված 2012թ. բյուջեն էր շաբաթվա գլխավոր իրադարձությունը: Սակայն, գլխապտույտ արագությամբ ընթացող այս զարգացումների շքերթում, թերևս, քչերի ուշադրությունից չվրիպեցին մեզանում քաղաքացիական հասարակության կայացման առաջին նշանները: Մի՞թե այդ մասին չի վկայում այն, որ բնապահպանների համառ ջանքերի շնորհիվ կասեցվեց Թռչկանի ջրվեժի վրա հիդրոէլեկտրակայանի կառուցումը: Հիմա, թերևս, շատերը կտարակուսեն` շինարարության կասեցումն ի՞նչ կապ կարող է ունենալ պաշտոնանկությունների, բյուջեի, առավել ևս քաղաքացիական հասարակության կայացման կամ չկայացման հետ: Անհերքելի է, որ ցանկացած իշխանություն ձևավորվում է տվյալ ժամանակի առանձնահատկությունների հիման վրա և այդ նույն ժամանակում հանրային մթնոլորտի արտահայտությունն է նաև: Իսկ եթե մի հայացք գցենք Սերժ Սարգսյանի իշխանավարության անցած մի քանի տարիների վրա, ապա կարձանագրենք, որ դրանք, ոչ նորընտիր Նախագահի ձեռամբ, սկսեցին մարտի 1-ով, այնուհետև ծախսվեցին դրա հետևանքների` հասարակության և իշխանությունների միջև առաջացած անջրպետի վերացման, տուժած ժողովրդավարության առողջացմանն ուղղված ջանքերի վրա, ընդ որում` պարբերաբար արթնացող հանրահավաքների, բանակում զինվորների մահացության դեմ չդադարող բողոքների ուղեկցությամբ: Այս ամենը նպաստեցին հասարակության ակտիվացմանը` իր իրավունքների ու շահերի գիտակցման ու դրանց տեր կանգնելու առումով: Թռչկանի ջրվեժի պաշտպանությունն այդ ամենի մասն է: Անշուշտ, իր դրական դերն ու ազդեցությունն ունեցան և ունեն ժամանակակից տեխնոլոգիաները. սոցիալական ցանցերը լցված էին խաղաղ պայմաններում զինվորների մահերի նկատմամբ անհանդուրժողականության և Թռչկանի ջրվեժի պահպանության անհրաժեշտության կոչերով: Վերջապես, հանրությունը հարց առաջադրեց` մի՞թե մեր հանրապետությունն այնքան խեղճ է, որ ընդամենը մեկ մեգավատտ հզորության հիդրոէլեկտրակայան ունենալու համար պատրաստ ենք զոհել եզակի բնական հուշարձան համարվող Թռչկանի ջրվեժը: Հասկանալի էր` միայն որոշակի ամիսներին և որոշակի քանակությամբ ջրառի մասին խոստումներն ընդամենը հասարակության ուշադրությունը շեղելու նպատակ հետապնդող սուտ խոստումներ են: Վերջապես, ո՞վ և ինչպե՞ս պետք է հսկողություն իրականացներ, թե մասնավոր սեփականություն հանդիսացող հիդրոէլեկտրակայանն իրականում ինչքան ջուր է վերցնում: Արդյունքում Թռչկանին սպասելու էր նույն ճակատագիրը, ինչպիսին ունեցավ այսօր ցամաքած Շաքին: Ոչ վաղ անցյալում կոռուպցիայի դեմ պայքարի շուրջ զրույցի ընթացքում ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը նկատեց, որ այդ նպատակով հսկայական ֆինանսական միջոցներ ծախսելու փոխարեն «վերևները» թող քաղաքական կամք դրսևորեն` չվերցնեն, և կոռուպցիան ինքն իրեն կվերանա: Հիմա Թռչկանի ոդիսականին ծանոթանալով, մի՞թե հասկանալի չէ, որ այստեղ, մեղմ, շա˜տ մեղմ ասած, կոռուպցիոն ռիսկերը չափազանց մեծ են: Եվ եթե կարելի էր հանրային շահը վեր դասել Հյուսիսային պողոտան կառուցելիս, ինչո՞ւ չէր այդ նույն հանրային շահն առաջնային համարվում Թռչկանի պարագայում: Ինչևէ: Շինարարներն այժմ հանգիստ են թողել ջրվեժը, բայց բնապահպանները շարունակում են պահանջել, որպեսզի չեղյալ համարվեն դրա վրա ՀԷԿ կառուցելու թույլտվության մասին կառավարության որոշումները: Մեզ քսան տարի պետք եղավ` կոմունիստական տոտալիտար համակարգում ԽՍՀՄ երկաթե վարագույրներով արտաքին աշխարհից անտեղյակ` 70 տարի անցկացնելուց հետո հասկանալու համար, թե ինչ է քաղաքացիական հասարակություն, իրավական գրագիտություն, մարդու իրավունքներ կոչվածն ու նման բաները: Քսան տարի պահանջվեց` հասկանալու համար, որ կոռուպցիան ու քաղաքացիական հասարակության կայացմանը խոչընդոտող մյուս բոլոր «բարիքներն» առկա են ամենուրեք: Սակայն երկրի վարկը որոշվում է նաև այն հանգամանքով, թե որքանով է պաշտպանված այդ ամենից քաղաքացին, թե որքանով են այդ ամենն ազդում կամ չեն ազդում հանրային շահի վրա: Այսօր էլ Հայաստանում քաղաքական վերնախավի մեծ մասը դեռևս խորհրդային ժամանակաշրջանի սերնդից է, որի մեջ դեռ ամուր են այդ ժամանակներից ժառանգաբար մնացած` ժողովրդավարությանը խորթ սովորույթները: Պատրաստվելով ինքնավերարտադրման, իշխանությունը չէր կարող անտեսել հասարակության ներսում առկա վերափոխումները: Առավել ևս` Սերժ Սարգսյանը տիրապետելով ներիշխանական իրավիճակին, չէր կարող հաշվի չառնել նաև հասարակության շրջանում առկա գործընթացները, ինչպես նաև ժամանակակից աշխարհի իրողությունները, որոնք ի զորու եղան կազմաքանդելու անգամ ինքնապաշտպանության հզոր ու կարծր պաշար ունեցող իշխանական համակարգերը: Իհարկե, որպես լիարժեք քաղաքացիական հասարակություն կայանալու համար Հայաստանի ժողովուրդն անցնելու ճանապարհ դեռ շատ ունի, բայց Թռչկանի հետ կապված զարգացումները ժողովրդավարության նախապայման այդ գործընթացի կայացման միտումներն ունեն: Այս տեսակետից կարևոր է, որ հանրությունը իշխանության ներսում առկա հրաժարականներն ընկալի ոչ թե սոսկ որպես ներիշխանական համակարգում կատարվող հերթական վերադասավորումներ, այլ որպես վերադասավորումներ` իր իրավա-քաղաքացիական վերափոխումների ազդեցությամբ:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ