Եվս 10 մարդկային տարօրինակություն


1. Լիպոդիստրոֆիա կամ ենթամաշկային ճարպի իսպառ բացակայություն. որը կարող է երանություն թվալ յուղալի պատառներ սիրողներին, բայց հաճախ պատուհաս է դառնում: Օրինակ, մեծբրիտանացի 59-ամյա միստր Փերրին ուտում է` ինչ պատահի. յուղոտ բլիթներ, տորթեր, աղանդներ… Ուտում է` որքան ցանկանա, ու ոչ մի գրամ չի չաղանում: Նրա օրգանիզմն ակնթարթորեն այրում-չեզոքացնում է ցանկացած ճարպ: Բայց դրա արդյունքում նրա մաշկը ամուր կպչում է մկաններին` շատ տհաճ զգացողություն պատճառելով: Մանուկ ժամանակ նա շատ գեր է եղել: 12 տարեկանում նիհարել է մեկ գիշերվա ընթացքում և առ այսօր փոքր-ինչ գիրանալու նրա բոլոր փորձերը ձախողվում են:

2. Շուրջօրյա սեռական գրգռվածություն. Այս «գործի» երկրպագուները թող չոգևորվեն: Դա ևս հիվանդություն է կամ առնվազն` անհարմարություն: Դարձյալ մեծբրիտանացի Սառա Կարմենն, օրինակ, տառապում է այդ ախտով և օրական շուրջ 200 օրգազմ ունենում` ցանկացած ցնցումից կամ օրորվելուց: Տրանսպորտով երթևեկելիս կամ հեծա-նվով զբոսնելիս ցանկացած ցնցում նրան հասցնում է այդ վիճակին, որը ոչ թե երանություն, այլ կատարյալ տառապանք է աղջկա համար:

3. Արտասովոր ցրտասիրություն. 48-ամյա դանիացի Վիմ Հոֆը միայն լողավարտիքով կարող է լող տալ արկտիկական սառցասառն ջրերում, մագլցել Մոնբլան և ժամերով նստել սառցախցում: Բժիշկները ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ այս օրգանիզմի գաղտնիքը, իսկ Վիմը չի էլ անհանգստանում: Նա իրեն լավ է զգում միայն բացասական` 00-ից ցածր ջերմաստիճանում, ինչը տհաճ ու վտանգավոր է ցանկացած նորմալ մարդու համար:

4. Ի ծնե` առանց քնելու. Երեքամյա Լամբ Ռեթն իր ծննդյան պահից ոչ մի ակնթարթ աչք չի փակել ու չի քնել: Պատճառը չափազանց սակավադեպ շեղումն է` Քաիրի ախտանիշը: Փոքրիկի ուղեղը խիստ ձևախեղված է: Մասնավորապես, վնասված են ցողունն ու կամրջակը, որոնք սեղմված են ողնաշարի ներսում: Իսկ այդ մարմնամասերը պատասխանատու են օրգանիզմի վճռորոշ ֆունկցիաների` խոսելու, շնչելու, քնելու (և այլն) ապահովման համար:

5. Ջրային եղնջատենդ . Ավելի ճիշտ կլինի ասել` հեղուկային, որովհետև մելբուռնցի դեռահաս Էշլի Մորիսը տառապում է նույնիսկ արցունքի կամ քրտինքի աննշան կաթիլի դեպքում: Էշլին զրկված է լոգանք ընդունելու երջանկությունից: Ջրի կաթիլն անգամ աղջկա մարմնին տանջալից ալերգիա և ուժեղ ցան է առաջացնում: Փորձագետները պնդում են, որ դա ալերգիայի եզակի տեսակ է` ջրային եղնջատենդ, որն աշխարհում ընդամենը մի քանի մարդու է պատուհասել:

6. Հիշել, բայց այդքան մանրամա՞սն. Քառասնամյա տիկին Մ.-ն բացարձակ ճշգրտությամբ ու ամենայն մանրամասնորեն հիշում է այն ամենը, ինչ տեսել է վերջին 25 տարում: Ընդհուպ մինչև փողոցում իրեն հանդիպած անծանոթ անցորդների հագուստը, իր կողքով անցած մեքենաների մակնիշներն ու համարանիշերը: Հիշում է նաև այդ տեսածների ամիս-ամսաթիվ-տարեթվերը և թե ինքն ուր էր գնում այդ պահին: Ցանկացած տեղեկատվություն 100 տոկոսանոց ճշգրտությամբ պահպանելու ունակութ յունը պարգև՞ է արդյոք, թե՞ մտքի ծանրաբեռնում:

7. Tic-TΖc և ուրիշ ոչինչ. 17-ամյա Նատալյա Կուպերը հանելուկ է համաշխարհային բժշկության համար: Աղջիկն ի վիճակի չէ ոչինչ ուտել, որովհետև օրգանիզմը չի մարսում որևէ սնունդ` բացառությամբ Տիկ-Տակի: Խեղճ աղջիկը ստիպված է օրական 900 հազար դրաժե ուտել:

8. Չընդմիջվող զկրտոց. Լինքոլնցի երաժիշտ Քրիս Սենդը համակված է այդպիսի տենդով: Արդեն 20 տարի նրա զկռտոցը չի ընդհատվում ոչ մի րոպե. նույնիսկ` քնած ժամանակ: Այս դժբախտին չեն օգնում ո´չ ժողովրդական բուժումները, ո´չ յոգան, ոչ էլ նույնիսկ հիպնոսը:

9. Հակացուցվում է ցանկացած զգացմունք. Երիտասարդ անգլուհի Քեյ Անդերվուդն «իրավունք» չունի ծիծաղել, վախենալ, լացել կամ զայրանալ: Այս ամենից նա ուշաթափվում է: Բայց աղջիկը լիարժեք մարդ է և չի կարող անզգացմունք ապրել: Եվ պատահում է, որ նրա ուշագնացություններն օրական կրկնվում են մինչև 40 անգամ:

10. Տեխնիկայի ու տեխնոլոգիաների «զոհը». Դարձյալ անգլուհի Դեբի Քերդը տառապում է արտառոց ալերգիայով. նրա ամբողջ մարմնին քորի հետ մեկտեղ խոշոր ցան, դեմքին ու կոպերին այրվածքներ են հայտնվում ռադիոալիքներից: Աչքերն էլ մեծանում են երեք անգամ: Փաստորեն աղջկան հակացուցված է ռադիոյին, բջջային հեռախոսներին, միկրոալիքային վառարաններին, անլար ինտերնետին (և այլն) մոտ գտնվելը: