Ինչո՞ւ ինքնասպան լինել


Մինչ օրս գիտությունը չի կարողանում վերջնական եզրակացություն անել, թե անհատն ինչու է ցանկանում հրաժեշտ տալ իր կյանքին: Չնայած ինքնասպանությունը համարվում է գիտակցված գործողություն, հետազոտությունները փաստում են, որ անգամ հոգեկան հիվանդներն ինքնասպան են լինում ոչ թե իրենց հիվանդության պատճառով, այլ սոցիալական փոխհարաբերություններն ու կարգավիճակը կորցնելու, ինչպես նաև հասարակության մեջ իրենց միայնակ ու ոչ պիտանի զգալու հետևանքով:

Այսօր ինքնասպան են լինում հատկապես դեռահասներն ու երիտասարդները: Հոգեբան Անահիտ Շիրինյանի պնդմամբ` այս երևույթը որակվում է որպես հիվանդութ յուն, որը պայմանավորված է վաղ տարիքում տեղի ունեցած շեղումներով.

- Այն բուժելի համարել չի կարելի, դրա համար նման մարդկանց պիտի ընդունել այնպիսին, ինչպիսին նրանք կան,- ասում է հոգեբանը:

Իսկ համալսարանական Դիանա Սիմոնյանը ցավով է հիշում ու պատմում, որ իր ընկերուհին հաճախ էր իրենց տուն գալիս ու ինքնասպանությունից խոսում:

- Նա գալիս էր մեր տուն ու ասում, որ իր համար Աստված չկա, ինքը պատրաստ է կանգնել ցանկացած բարձրության վրա ու նետել իրեն: Հաճախ էր ասում. «Ես ուզում եմ մեռնել»: Նույնիսկ մի անգամ ասաց. «Դինա, վերցրու դանակն ու սպանիր ինձ»: Սկսեցի խուսափել նրանից, որովհետև նրա խոսքերը, շարժուձևը ինձ շատ վախեցրեցին, նույնիսկ ծնողներին դիմեցի: Որոշ ժամանակ անց նա անհետացավ: Ընկերուհուս փնտրեցին ամենուր, հետո մոտ մեկ շաբաթվա ընթացքում գտան նրա դին: Դատաբժշկական փորձաքննությունը ապացուցել էր, որ աղջիկը ինքն է իր կյանքին վերջ տվել:

Ըստ Անահիտ Շիրինյանի`

- Ինքնասպանության են դիմում մոտ 15-25 տարեկանները: Սա հենց այն տարիքն է, երբ մարդը ցանկանում է գտնել իր «ես»-ը, հասկանալ, թե վերջապես ով է ինքը: Այս տարիքում հիմնականում երիտասարդներն իրենց առջև խնդիրներ են դնում, ու երբ զգում են, որ դեպի խնդիրների լուծումը, նպատակների իրականացումը տանող ճանապարհները փակ են, ցանկանում են վերջակետ դնել կյանքին: Սովորաբար նրանք հիասթափված են մարդկանցից, իդեալներից, նույնիսկ իրենք իրենցից… Ինքնասպա նություն գործող մարդիկ սիրո, քնքշանքի, մտերմության կարիք ունեն: Աշխարհում այսօր շատ ինքնասպանություններ կկանխվեին, եթե նման մարդկանց շրջապատում լինեին նրանց սիրող ու գուրգուրող մարդիկ,- համոզված է հոգեբանը:

Առաքելական եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Վռամ քահանա Ղազարյանի կարծիքով` հիմնականում ինքնասպանության դաժան քայլին են գնում մարդիկ, որոնց հոգում բացակայում է հավատքը:

- Եկեղեցու վերաբերմունքը ինքնասպանության նկատմամբ միանշանակ է. ինքնասպանություն գործող անձինք երկնքի արքայության չպիտի արժանանան, որովհետև ինքնասպանություն գործելը մեծագույն մեղքերից է, երբ անձն ինքնասպանության միջոցով իր հոգին հեռացնում է մարմնից,- նշեց տեր հայրը:

Յուրաքանչյուրս պետք է հասկանանք, որ մեր կամքով չէ, որ մենք ծնվել ենք. Աստված է արարել… Չնայած շատերը մեզանում ինքնասպանություն են գործում` մտածելով, որ իրենց այլ կյանք է սպասում: Առանց այն էլ կյանքը շատ կարճ է. հարկավոր է ապրել ու հնարավորինս վայելել կյանքը:

Մարգարիտ ՍԱՔՈՒԼՅԱՆ