Թերսնված ամերիկացինե՞ր


Անհավատալիության չափ տարօրինակ է, իսկապես: Իհարկե, թերսնվածություն և աղքատություն ասվածներն էլ խիստ հարաբերական են, բայց «Նյույորքյան կոալիցիա` ընդդեմ սովի» կազմակերպության հրապարակած զեկույցն է դա փաստել:

Երկրում անցկացված մարդահամարի տվյալներով` 2010-2012 թթ. ընթացքում կատարված հետազոտություններն արձանագրել են, որ խոշորագույն մեգապոլիս Նյու Յորքում շուրջ 1,4 մլն մարդ սննդամթերքի պակաս է զգում: Այդ թիվը 2006-2008-ին նվազ էր 200 հազար մարդով:

Զեկույցի հեղինակները նաև նշել են, որ 2013-ին քաղաքում գործող մթերային պահեստների ու բարեգործական խոհանոցների աշխատակիցների հավաստմամբ` նշանակալիորեն աճել է կարիքավորների քանակը: Փորձագետները դա համարում են «Սենդի» փոթորկի ավերածությունների հետևանք: Հիշեցնենք, որ «Սենդին» անցյալ տարի հոկտեմբերին կործանել էր Միացյալ Նահանգների Արևելյան ափերը` հազարավոր մարդկանց տնանկ դարձնելով: Իսկ այս տարի էլ սոցիալական շատ ծրագրեր տապալվեցին` բյուջետային ֆինանսավորումը կրճատելու պատճառով: Արդյունքում` անվճար ճաշարանների 45 %-ը ստիպված էր փոքրացնել սնվողների կերակրաբաժինները կամ ընդհանրապես դադարեցնել պարենային աջակցությունը:

Այսպիսով, վիճակագրության տվյալներով` Նյու Յորքի բնակչության ավելի քան 20 տոկոսը կամ 1,7 միլիոն մարդ հատել է աղքատության սահմանը: Բայց նորից ընդգծենք. դա կարծես թե մեր պատկերացրած չքավորությունը չէ: Ամերիկայում աղքատ է համարվում այն ընտանիքը, որը բաղկացած է 3 անձից և որի տարեկան եկամուտը չի գերազանցում 18,5 հազար դոլարը:

Հետազոտողները, որպես ամենաաղքատ շրջան, առանձնացրել են Բրոնքսը, որտեղ թերսնված են մեծահասակների 36 և երեխաների 49 տոկոսը:

Անուրախ այս փաստի կողքին մեկ այլ վիճակագրություն էլ կա. Նյու Յորքում հաշվվում է 53 միլիարդատեր, որոնց ունեցվածքի հանրագումարը 3 անգամ գերազանցում է քաղաքի բյուջեն` «Կոալիցիա ընդդեմ սովի» կազմակերպության գործադիր տնօրեն Ջոել Բերգի խոսքերը մեջբերել է «Ինտերֆաքսը»: