ՈՒԿՐԱԻՆԱՆ ՀԵՌԱՑԱՎ ՄԱՐՏԱԴԱՇՏԻՑ


Մինչ Վլադիմիր Պուտինը գտնվում էր Հայաստանում, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարն իսկապես սկանդալային հայտարարություն տարածեց այն մասին, որ իրենց պատվիրակությունը մեկնում է Բրյուսել` շարունակելու բանակցությունները Եվրոասոցացման հարցերով:

Սա չափազանց անսպասելի էր, քանզի Վիլնյուսում Ուկրաինայի նախագահ Յանուկովիչը պաշտոնապես հայտարարել էր, որ իր երկիրը հրաժարվում է Եվրոասոցա ցումից և վստահորեն գնում է դեպի Մաքսային միություն… Եվրոպական չինովնիկներն, իհարկե, խոր հիասթափություն էին ապրել, զայրացել էին Յանուկովիչի վրա, երբ վերջինս «կոկորդիլոսի արցունքներ» թափելով դժգոհել էր, թե Ռուսաստանը բացարձակ շանտաժի է դիմել և ճնշումներ գործադրել: Հետագա օրերին, երբ Կիևում և երկրի այլ քաղաքներում սկիզբ առան համաժողովրդական դժգոհության ցույցերը, Պուտինն անձամբ Կրեմլից վերահսկում էր իրավիճակը, ցուցումներ հղում ուկրաիանական ղեկավարներին: Բայց ահա Պուտինը երկու օրով հեռացավ Կրեմլից, Յանուկովիչն իրեն ազատ զգաց ու որոշեց նորից գնալ դեպի Բրյուսել, ինչպես ինքն է հայտարարել, կատարելու ուկրաինական ժողովրդի կամքը: Յանուկովիչն այսպես, իհարկե, գնաց դեպի ինքնափրկության` պաշտպանելով նախագահի աթոռը: Կառավարության հրաժարականը պահանջող ուկրաինացիներն էլ նշեցին իրենց հաղթանակը, ուրախություն կապրեն նաև Բրյուսելում` տեսնելով «մոլորված գառան» վերադարձը:

Ուկրաինական պատվիրակությունը նպատակ ունի Բրյուսելում քննարկել լայն տնտեսական ծրագրեր, լուծել էներգակիրների հարցը: Սա նշանակում է, որ Ուկրաինան մտադիր է ամբողջապես հրաժարվել ռուսական գազից, վարել ինքնուրույն տնտեսական քաղաքականություն: Սակայն արդյո՞ք Կիևին կհաջողվի լուծել իր առջև դրված խնդիրները, երբ հազիվ թե Ռուսաստանը հետայսու թույլ տա այդ ինքնուրույնությունը: Դեռևս լուծված չեն մի շարք տարածքային խնդիրներ, որոնք առկա են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, երկիրը բավական լուրջ պարտքեր ունի գազի դիմաց, ուկրաինական տնտեսության որոշակի հատված փոխկապակցված է ռուսականին…

Ուրեմն, սպասվում են բավական խիստ ու լարված զարգացումներ, որոնք կարող են հիմնավոր բախումներ ձևավորել Եվրոպայի ամենամեծ երկրի շուրջ…

Խորվաթները վճռական են. ո´չ` միասեռական ամուսնություններին

Միասեռականների ամուսնությո՞ւնը որն է. այլասերության փաստաթղթային օրինականացում: Որ ի՞նչ: Որ հետո ծնողազուրկ կամ լքված երեխաներ որդեգրեն ու այլասերեն` իրենց շարքերն ընդլայնելու համա՞ր:

Այսպես կոչված` խտրականությո՞ւն, թե՞ ընտանեկան արժեքների պաշտպանություն. խորվաթներն այս հարցին պատասխանեցին համապետական հանրաքվեով` ազգաբնակչության 99,51 % մասնակցությամբ: Չէ, իհարկե, խորվաթներն էլ այս հարցում միաձայն չէին, բայց` «ձայն բազմաց` ձայն Աստծո». ինչպես տեղեկացրել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` ընտանիքի ավանդական` երկսեռ ամուսնության օգտին քվեարկել է 65,75 տոկոսը: Իսկ 33,89 %-ը միասեռական ընտանիք է երազում:

Հանրաքվեի նախաձեռնողը «Հանուն ընտանիքի» կաթոլիկ խումբն էր, որը շուրջ 750 հազար ստորագրություն էր հավաքել` խորհրդարանին ստիպելով հետաձգել Սահմանադրության մեջ այդ առնչությամբ կատարվելիք փոփոխության քվեարկությունը:

- Մենք գտնում ենք, որ ամուսնությունը, երեխաները և ընտանիքը այնքան կարևոր հարցեր են, որ որոշումը պետք է ընդունի ողջ հասարակությունը,- ասել է հասարակական խմբի ղեկավար Ժելկա Մարկիսը:

- Ամուսնության հիմնական նպատակը զավակածնությունն է,- այլ կերպ մտածողներին հիշեցրել է կարդինալ Իոսիֆ Բոզանիսը` երկրի բոլոր կաթոլիկ եկեղեցիներին ուղղված նամակում:

Ի դեպ, 4,4 մլն ազգաբնակչություն ունեցող Խորվաթիայում 90 %-ը կաթոլիկներ են: