ԻՆՉՈ՞Ւ ՄՈՌԱՑՎԵՑԻՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ


Սեպտեմբերից խոսակցություններ էին շրջանառվում, որ մի քանի մարզպետ հեռանալու է զբաղեցրած պաշտոններից: Մասնավորաբար նշվում էին Կոտայքի և Տավուշի մարզպետների անունները: Նախագահ Սերժ Սարգսյանը բավարարվեց Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի պաշտոնանկությամբ, սակայն մյուս մարզպետներն այդպես էլ պաշտոնանկ չարվեցին: Իհարկե, դեռ շատերի համար հանելուկ է մնում Բարսեղյանի պաշտոնանկությունը, քանի որ որևէ մեկնաբանություն չտրվեց, իրեն անհաղթ զգացող մարզպետն ինքն էլ մեկնաբանություն չտարածեց իր պաշտոնանկության մասին, մինչդեռ շատերը պնդում են, որ նախագահը դժգոհ է եղել մարզպետի գործունեությունից: Բայց ինչու՞ պաշտոնանկ չի արվում հատկապես Կոտայքի մարզպետը, ումից դժգոհում են բոլորը, ով հիմնովին տապալել է մարզի կառավարումը, նախկինում աղմկալի բացահայտումներ են եղել պետական միջոցների փոշիացման հետ կապված: Ամենաերկարակյաց մարզպետի պաշտոնանկությունը ոմանք համարում են անհնար... Տավուշի մարզպետից ևս դժգոհ են շատերը: Ու թվում էր` նրան ևս «կարմիր քարտ» ցույց կտրվի, սակայն այդ պաշտոնանկությունը ևս տեղի չունեցավ…

Լևոն ՄՈԹԱՖՅԱՆ