ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ


Վլադիմիր Պուտինը Հայաստան եկավ դեկտեմբերի 2-ին: Օրերի վազքի ու տեղի ունեցող բուռն իրադարձությունների բովում շատերը գուցե մոռացել են այս օրվա մասին: ԽՍՀՄ տարիներին Հայաստանում Խորհրդային իշխանության հաստատման օր էր հիշատակվում նոյեմբերի 29-ը` ջանասիրաբար թաքցվելով դեկտեմբերի 2-ը: Մինչդեռ դեկտեմբերի 2-ը մեր պատմության ամենախայտառակ օրերից մեկն էր, երբ Երևանում Առաջին Հանրապետության անկումը փաստող համաձայնագրի ստորագրումից հետո կնքվեց Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը, որի գոյությամբ Հայաստանը կորցրեց 9,5 հազար քառակուսի կիլոմետր տարածք: Ինչպես գիտենք, Հայաստանի ռազմական պարտությունը առաջ բերեց քաղաքական ճգնաժամ:

1920թ. նոյեմբերի 23-ին հրաժարական տվեց Հ. Օհանջանյանի բյուրո-կառավարությունը, և կազմվեց Ս. Վրացյանի (1882-1969) կոալիցիոն կառավարությունը` էսէռների մասնակցությամբ, որն էլ անմիջապես սկսեց հաշտության բանակցությունները թուրքերի հետ: Նոյեմբերի 25-ին Ալեքսանդրապոլում (Գյումրի) սկսվեցին հաշտության բանակցությունները: Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր Ալ. Խատիսյանը, իսկ թուրքականը` նրանց զորքերի հրամանատար Քյազիմ Կարաբեքիր փաշան: Վերջինս հայկական պատվիրակությանը թելադրեց հաշտության պայմանները, իսկ նոյեմբերի 30-ին Հայաստանին ներկայացրեց վերջնագիր: Հաշվի առնելով հայ ժողովրդի գլխին կախված թուրքական մահացու վտանգը` Հայաստանի կառավարությունը իր գոյության մայրամուտին` դեկտեմբերի 1-ին, հարկադրված ընդունեց թուրքական դաժան վերջնագրի պայմանները: Եվ 1920թ. դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Ալ. Խատիսյանը ստորագրեց Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագիրը: Սակայն մինչ այդ, դեկտեմբերի 2-ին, ՀՀ կառավարությունը արդեն հրաժարական էր տվել. հետևաբար հայկական պատվիրակության ստորագրությունը չուներ իրավական ուժ: Այդուհանդերձ, փաստը կատարվել էր, և Հայաստանին էր պարտադրվել մի ծանր պայմանագիր: Ամենից առաջ Թուրքիայի պարտադրանքով Հայաստանը հրաժարվում էր Սևրի դաշնագրից: Պայմանագրով Թուրքիային էին անցնում Կարսի մարզը և Սուրմալուի գավառը: Վերջինս երբեք չէր եղել Թուրքիայի կազմում: Նախիջևանի մարզը նույնպես անցավ Թուրքիայի հովանու տակ, որը շուտով (Մոսկվայի պայմանագրով) հանձնվեց Ադրբեջանին: Հայ-թուրքական պետական սահմանը դարձան Ախուրյան և Արաքս գետերը: Պայմանագրի համաձայն` Հայաստանին թույլատրվում էր ունենալ խիստ սահմանափակ թվով զինուժ և այլն:

Վլադիմիր Պուտինը Հայաստան եկավ 2013 թվականի դեկտեմբերի 2-ին, այսինքն, Ալեքսանդրապոլի պայմանագրի 93-րդ տարելիցի օրը: Գուցե սա պատահականութ յուն է, գուցե Պուտինի այցը կազմակերպողները չեն էլ հիշել այս մասին, սակայն հազիվ թե Ռուսաստանում չգտնվեր գոնե մեկը, որը չհիշեր դա. մանավանդ որ Պուտինն իր այցը սկսում է այն քաղաքից, որտեղ կնքվեց այդ խայտառակ պայմանագիրը: Վերջին շրջանում մի քանի նման «պատահականություններ» մեզ իսկապես զարմացրել են: Օրինակ, 2011 թ. մարտի 16-ին տեղի ունեցավ Պուտինի և Էրդողանի հանդիպումը, ճիշտ այն օրը, երբ ուղիղ 90 տարի առաջ կնքվել էր Մոսկվայի անօրինական պայմանագիրը: Նշենք, որ երկու պայմանագիրն էլ, ըստ էության, անօրինական էին, սակայն Սովետական Ռուսաստանն ամեն ինչ արեց, որպեսզի դրանք չկորցնեն իրենց ուժը:

Հուսանք հիմա, որ ռուս-թուրքական ջերմացող հարաբերությունները չեն վնասի Հայաստանի և մասնավորաբար Ղարաբաղի շահերին…