Բաց նամակ հակամաքսայիններին


Գիտեմ, կարդալով այս տողերը ամենազզվելի ածականներ կհղեք, սակայն դա ինձ չի մտահոգում:

Ի՞նչ է ձեր ուզածը: Հայաստանից հեռացնել ոչ միայն մեր սահմանները պաշտպանող ՌԴ սահմանապահ զորքերը, այլև ընդհանրապես Հայաստանում տեղակայված ՌԴ-ի բոլոր տեսակի զորամիավորները, որոնք, ինչ խոսք, ապահովում են մեր ֆիզիկական գոյությունը:

Ի՞նչ է, այն ժամանակ, երբ ձեր ասած ռուսական կայսրության մեջ էինք գտնվում, չէ՞ր ծաղկում Հայաստանը, չունե՞ր իր հզոր արդյունաբերությունը, գիտությունն ու արվեստը, անվճար կրթությունն ու առողջապահությունը և այլն, և այլն:

Ձեզ դուր չի գալիս Հայաստանի անվտանգության ապահովվածությունը, և Մաքսային միության մեջ մեր մտնելը որակում եք ոչ թե որպես մեր ֆիզիկական, այլ իբրև գործող իշխանության գոյության երաշխի՞ք:

Ձեր երազանքն է ունենալ ինքնիշխան, սակայն Թուրքիա-Ադրբեջան ռազմական բլոկի համար համեղ և դյուրամատչելի թիրախ դարձած Հայաստա՞ն:

Այդպես են վարվում նրանք, ովքեր ձայն չհանեցին մարտի 1-ի դեպքերի ժամանակ, լռում էին, երբ ակտիվիստները Մաշտոցի պուրակն ու Թռչկանն էին պաշտպանում: Լռում են, երբ պայքար է գնում հանուն Թեղուտի պաշտպանության, բնակչությանը վնասող բակային շինարարության, տրանսպորտի թանկացումների դեմ: Բայց ահա, երբ լուրջ քայլեր են արվում` Մաքսային միության մեջ մտնելով հզորացնել մեր անվտանգության երաշխիքները, արթնացել են և զայրացել:

Պարոնայք հակամաքսայիններ, Մաքսային միության մեջ մեր մտնելու համար ամենաանհանգստացածն ու ամենազայրացածը Թուրքիան և Ադրբեջանն են, ինչպես և ադրբեջանախավիարային և դոլարային քաղաքականությունից գոհ եվրոպական մի շարք գործիչներ:

Երևի ձեզ դուր են գալիս Եվրոպայից մեզ պարտադրվող` մեր ազգի գոյությունը վտանգող սեռական փոքրամասնության և աղանդավորության իրավունքները, ինչպես և «եվրասիրահարվածություն, եվրոսեր, եվրաամուսնություն, եվրահարսանիք, եվրաընտանիք և եվրաերեխա» կոչվածները:

Սերգեյ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մանկավարժագիտության դոկտոր