ԵՐԿՈՒ ԿԱՐԾԻՔ


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցն ըստ էության աշխարհաքաղաքական նշանակություն ուներ: Նա Երևանից կարևոր «մեսիջներ» հղեց, և նրա այցի արձագանք ները դեռ երկար կշարունակվեն մնալ որպես քաղաքական շրջանակների քննարկման նյութ: «Ավանգարդը» այցի շուրջ զրուցեց անկախ վերլուծաբան Մանվել ՍԱՐԳՍՅԱՆԻ և ՀԿԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետնրանց ուղղելով նույն հարցը.

- Ի՞նչ նշանակություն ունեցավ Վ. Պուտինի այցը, ի՞նչ կարելի է ակնկալել Հայաստան-Ռուսաստան հետագա հարաբերություններում:

Գագիկ ՄԻՆԱՍՅԱՆ

- Մեր զրույցը երկու մասի բաժանենք. ինչ որ ասել են երկու նախագահները վերլուծական մակարդակով և կնքված բուն համաձայնագրերը: Վերջինները դեռ հարկավոր է ուսումնասիրել: Իսկ ըստ էության, Վ. Պուտինն ասում էր, որ բանակցող թիմում մեր կողմը ներկայացնող պաշտոնյաները չափազանց ջանադրաբար են աշխատում` պաշտպանելով ՀՀ շահերը: Երկու հիմնական ոչ ստանդարտ խնդիրների վերաբերյալ պետք է ընդունվեին որոշումներ, որոնք նախադեպ չեն ունեցել: ՀՀ-ն ունի երկու առանձնահատկություն, որը Մաքսային միություն մտած որևէ մի այլ անդամ չի ունեցել: Մեկը տեխնիկական խնդիր է` ընդհանուր ցամաքային սահմանի բացակայությունը: Երկրորդ` ԼՂՀ առկայությունը, քաղաքական առանձնահատկություն է: Հիմնական խնդիրները սրանք էին. ես կարծում եմ, որ աշխատանքային խմբում ներկայացված անձինք մեր պետական շահերից բխող աշխատանք տարել են: Դեկտեմբերի 24-ին, երբ պետք է հստակ լինի ՄՄ-ին Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը, կարծում եմ` ակնհայտ կդառնա, որ ԼՂՀ-ն դե ֆակտո կդառնա ՄՄ-ի տարածք, ինչը չափազանց մեծ առաջընթաց քայլ է այն կարևոր ճանապարհին, որը բերելու է ԼՂՀ դե յուրե ճանաչմանը բոլոր պետությունների, այդ թվում նաև ՄՄ անդամ պետությունների կողմից:

Դե յուրե` որպես անկախ պետությո՞ւն, թե՞ որպես Հայաստանի մաս:

- Դուք չափազանց հետաքրքիր և նուրբ հարց եք տալիս: Դե ֆակտո ճանաչման ընթացող գործընթացն իր որոշակի փուլում չի կարող այդ հարցը թողնել անպատասխան: ՄՄ-ին անդամագրվելուն մեր կանգնած ճանապարհի որոշակի քայլերից հետո այդ հարցի պատասխանն արդեն անորոշ լինել չի կարող: Իսկ Հայաստանում ռուսական ռազմաբազայի` ՌԴ շահերը պաշտպանելը շատ բնական է: Բայց գտնվելով ՀՀ տարածքում, այն չի կարող չպաշտպանել նաև ՀՀ շահերը: Այստեղ այլ կարծիք լինել չի կարող: Ընդհանրապես անվտանգության մասին խոսելիս, պետք է խոսել նաև տվյալ ներուժի զսպող ունակության մասին, որը հակառակորդին զերծ է պահում ռազմական գործողության դիմելու գայթակղությունից: Այդ առումով համոզված եմ, որ ի դեմս ռուսական ռազմաբազայի ներկայության ՀՀ տարածքում` ՀԱՊԿ համաձայնագրերի տեսակետից մենք իսկապես ունենք հակառակորդներին զսպող կոմպոնենտ: Նաև ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում Հայաստանի զինուժը համալրվում է ժամանակակից զինտեխնիկայով:

Բայց չէ՞ որ ՌԴ-ն համարվում է Ադրբեջանին ռազմական տեխնիկայի թիվ մեկ մատակարարը:

Իրավացի եք: Վերջերս այստեղ էր Դումայի համապատասխան հանձնաժողովը, և այդ հարցադրումները բարձրացվեցին մեր պատվիրակության անդամների կողմից: Իսկ երկու նախագահները հայտարարեցին, որ Ղարաբաղի խնդրի կարգավորման երեք հիմնական սկզբունքներ կան և դրանցից առաջինը ուժի ու դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքն է: Իսկ Հայաստանում ռուսական ռազմաբազան նաև պաշտպանում է մեր բոլոր սահմանները:

Մանվել ՍԱՐԳՍՅԱՆ

- Ֆորմալ առումով ներկայացվում է, թե Եվրոպան և Ռուսաստանն առաջարկել են ինտեգրացիոն տարբեր ծրագրեր, ինչի շուրջ հետխորհրդային տարբեր երկրներում թոհուբոհ է սկսվել: Իրականում, որը շատ ավելի դժվար է տեսնել, մենք նկատում ենք, որ բոլոր երկրները բարդ վիճակում հայտնվեցին, և Վիլնյուսի գագաթնաժողովն ապացուցեց, որ Արևելյան գործընկերությունը դժվար օրեր է ապրում: Իսկ Վ. Պուտինը շատ հստակ հայտարարեց, թե ինչ է Ռուսաստանի նպատակը: Նա ասաց, որ Ռուսաստանը չի գնա Անդրկովկասից, ռուսական ռազմաբազան Հայաստանից չի հանվի: Իսկ ամենաէականն այն էր, որ ասաց` Ռուսաստանն աշխատելու է այստեղ իր նախնիներից ստացած ավանդույթների հիման վրա: Այս այցի կարևորագույնը դա է եղել: Այսօր Հայաստանում շատերն են հասկանում, որ այդ ավանդույթները տասնամյակներ շարունակ հայ ժողովրդի և այսօր ՀՀ համար մեծ վտանգներ են պարունակում:

Ի՞նչ ավանդույթների մասին է խոսքը:

- Հայաստանը եղել է և մնում է ռեսուրս Ռուսաստանի համար` տարածաշրջանի երկրների հետ իր հարաբերությունները Ճշտելու առումով: Ոչ ավելի: Տարածք-գործոն, որը կարելի է օգտագործել` ռուս-թուրքական, այսօր էլ` ռուս-ադրբեջանական հարաբերությունները հստակեցնելու: Իմ կարծիքով, հայ-ռուսական հարաբերություններն այնպես, ինչպես այժմ ընթանում են, Հայաստանի համար վտանգ են ներկայացնում: ՌԴ-ն հայտարարում է, թե Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, բայց ՀՀ հետ պատերազմի մեջ մտած Ադրբեջանին նորագույն զենքեր է վաճառում` ասելով, թե բիզնես է: Հայաստանի տարածքում տեղադրում է իր ռազմաբազան ու ասում` մենք ձեզ կպաշտպանենք, թող Ադրբեջանը, Թուրքիան զարգանան, դա ձեզ չի վերաբերում: Սա նշանակում է, որ մենք մտնում ենք ծանրագույն մի փուլ, որը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ: Այս ամենը բազմիցս տեսել ենք պատմության մեջ. և 1914, 1915 թթ. նույնը եղավ, երբ ասում էին` մենք ձեր կողքին ենք: Կյանքը ցույց է տալիս, որ պարբերաբար մեր կողքին չեն լինում: Բայց մեղքը Ռուսաստանինը չէ. Ռուսաստանը գործում է այնպես, ինչպես կգործի ցանկացած գերտերություն: Մենք պետք է մտածենք` արժե՞ արդյոք համագործակցել Ռուսաստանի ավանդույթների հիման վրա: Իհարկե` չարժի:

Իսկ ի՞նչ կարող է անել Հայաստանը:

ՀՀ-ում իշխող կուսակցության անդամները սիրում են ասել` ճար չունենք, և դրանով արդարացնել ամեն ինչ: Բայց ճար ունենք: Մենք անկախ պետություն ենք և կարող ենք այս համագործակցությանը մասնակցել մեր դիրքորոշմամբ: Հայաստանում ո՞վ է Ռուսաստանին նոտա հղել` Ադրբեջանին զինելու համար. ո´չ ոք: Հայաստանում ո՞վ է հարց բարձրացրել, որ պետք է դադարեցնել համագործակցությունը Ռուսաստանի հետ, եթե նա նման քայլերի է դիմում: Եվ ամենակարևորը` Ադրբեջանին զինելու նույն օրը պետք է հարց դրվեր ռուսական ռազմաբազան այս երկրից հանելու. եթե ՌԴ-ն զինում է տվյալ երկրին, բնական է` նա այդ երկրի հետ չի պատերազմելու: Սա նշանակում է, որ այդ ռազմաբազան ուրիշ նպատակներ պետք է ձեռք բերի: Եվ այդ նպատակները մենք երեկ տեսանք` Հայաստանն այն տարածքն է, որտեղ Ռուսաստանի նախագահը կարող է ցանկացած տեղում իջեցնել իր ինքնաթիռը, հրավիրել Հայաստանի նախագահին կամ մյուս անգամ չհրավիրել և այդ բազայից հայտարարություններ անել, որոնք շատ քիչ են վերաբերում Հայաստանին: Մեր կեղծ համոզմունքներից մեկն է, որ ՌԴ և Հայաստանի շահերը նույնն են: Այստեղից էլ մենք անընդհատ տանուլ ենք տալիս: Ռազմավարական դաշնակիցը պետք է լինի իր երկրում: Երբ նա գալիս է այստեղ, ամեն ինչն արդեն փոխվում է:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ