Ո´չ Ռուսաստանը, ո´չ Եվրոպան.…
մե´նք պետք է մեզ փրկենք


Մեծ աղմուկ բարձրացավ, երբ Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ մտադիր են միանալ Մաքսային միությանը: Աղմուկն այնքան ուժգնացավ, որ փոխարկվեց հակառուսական հիսթերիայի: Ըստ ընդդիմախոսների` Ռուսաստանը խիստ ճնշումներ կիրառելով «ծնկի է բերել» ՀՀ իշխանություններին` ստիպելով մտնել մի միության մեջ, ինչը կնշանակի գաղութացնել երկիրը և զրկել անկախությունից:

Այդպես կարծողներին միանգամից կարելի է հակադարձել. այդ դեպքում մենք մեր անկախությունը վաղուց ենք կորցրել: Իսկ կորցրածը երկրորդ անգամ հնարավոր չէ կորցնել: Առաջին անգամ մեր անկախությունը կորցրեցինք, երբ ի տարբերություն Մերձբալթյան երկրների` ընդգրկվեցինք ԱՊՀ կազմում: Հետո` երբ միացանք հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Իսկ երբ 50 տարով երկարաձգեցինք ռուսական ռազմաբազայի գոյությունը ՀՀ-ում, առանձնապես մեծ աղմուկ չբարձրացավ: Հիմա մի քիչ անհասկանալի է, թե այսքանից հետո Մաքսային միությանը միանալու մտադրությունը ինչո՞ւ հանկարծ անակնկալի բերեց արևմտամետ ուժերին և հասարակության մի զգալի հատվածին` բարձրացնելով զայրույթի և բողոքի հզոր ալիք:

Մի հին անեկդոտ կա. ցենզուրայից դուրս է, բայց որոշ փոփոխություններով մեջբերել կարելի է:

- Երկու ընկերուհի զրուցում են: Մեկը պատմում է մյուսին. «Երեկ մի տղայի հետ ծանոթացա, հրավիրեց իրենց տուն: Մտածեցի` ի՞նչ կա. գնացինք: Մեկական բաժակ գինի խմելուց հետո ասաց. «Թույլ կտա՞ս համբուրեմ»: Մի քիչ գցել-բռնելուց հետո համաձայնեցի:

Հետո ուզեց գուրգուրել: Մտքումս ասացի. «Դե տղա է, էլի´, թող գուրգուրի»: Այնուհետև, առաջարկեց անկողին... Մտա նրա դրության մեջ, համաձայնեցի: Բայց առավոտյան տուն վերադառնալիս առաջարկեց ինձ ուղեկցել, այլևս համբերությանս բաժակը լցվեց: Մեկ ապտակեցի, երկու ապտակեցի... Հետո երեք, հետո չորս:

Հիմա մենք... Ռուսաստանի հետ վաղուց և խորը, «տեղը տեղին», սուս ու փուս, առանց աղմուկի «ինտեգրվել» ենք: Հենց բանը հասել է Մաքսային միություն մտնելուն, հանկարծ «սթափվում» ենք, զայրանում, «ապտակում»: Մաքսային միությանն անդամակցելու հակառակորդները գտնում են, որ դրանով ՀՀ իշխանություններն ի չիք են դարձնում Եվրամիության հետ ասոցացման պայմանագրի ստորագրումը:

Այո´, ճիշտ է: Երկուսը համատեղել (ինչը շատ կուզենային մեր իշխանությունները) գործնականում անհնարին է, քանզի մեկը մյուսին ակնհայտորեն հակասում են: Հիմա խնդրին մոտենանք հակառակ դիտակետից: Հայաստանը հրաժարվում է Մաքսային միությանն անդամագրվելուց և ստորագրում է Եվրոպայի հետ ասոցացման պայմանագիրը: Դա նշանակում է, որ ոչ հեռու ապագայում դառնալու է Եվրամիության անդամ: Մեր ազգային արժույթին էլ փոխարինելու է եվրոն: Ի՞նչ գլոբալ խնդիրներ լուծելու հնարավորություն է ստանալու մեր երկիրը: Դրանից դառնալու ենք ավելի ժողովրդավա՞ր, չե՞ն ոտնահարվելու մարդու իրավունքները, չե՞ն կեղծվելու ընտրությունները: Վաղուց եվրախորհրդի անդամ ենք, դույզն ինչ դարձե՞լ ենք եվրոպական արժեհամակարգի կրողներ: Բացի աղանդավորների և համասեռամոլների հանդեպ դռները լայն բացելու պարտադրանքին այս կամ այն կերպ ենթարկվելուց` ուրիշ ի՞նչ «խեր» ենք տեսել:

Իսկ եթե ավելի վերևից նայենք իրողություններին, ապա կարելի է արձանագրել. դեռ 10 տարի առաջ բացարձակ անկախ մեկ պետություն կար` ԱՄՆ-ը, որն առանց ՄԱԿ-ի, Եվրամիության, Ռուսաստանի հետ հաշվի նստելու զորք էր մտցնում Իրաք ու Աֆղանստան: Իսկ այսօրվա դրությամբ բացարձակ անկախ պետություն գոյություն չունի: Վկա` Սիրիայի իրողությունները: Արդեն երկու տարի է` ԱՄՆ-ը անզորությունից ատամներն է կրճտացնում, բայց ոչ մի կերպ չի փորձում զորք մտցնել կամ ռմբահարել իր կողմից վաղուց չարիքի առանցքներից մեկը հռչակած Սիրիան: ԱՄՆ-ի պես հզոր երկրի աշխարհաքաղաքական շահերը ևս մեծապես ՄԱԿ-ի, հատկապես Ռուսաստանի դիրքորոշումներից են ԿԱԽՎԱԾ: Ուրեմն, ԱՄՆ-ն էլ այսօր բացարձակ ԱՆԿԱԽ չէ: Իսկ մենք լուրջ-լուրջ խոսում ենք թշնամիներով շրջապատված մեր փոքր երկրի անկախութ յան մակարդակից:

Այլ հարց է, որ մենք, ի վերջո, իրապես դառնանք իրավական, ժողովրդավար, օրենքի գերակայության, սոցիալական արդարության բարձր մակարդակ ապահովող: Իսկ դա Եվրամիություն մտնել-չմտնելու, Մաքսային միությանը անդամակցելու-չանդամակցելու հետ կապ չունի: Այն ուղղակիորեն կապված է մեր հոգեկերտվածքի, աշխարհըմբռն ման մեջ արմատական դրական տեղաշարժերից:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ