ՓԱՐԱՋԱՆՈՎ - 85 Մաեստրոյի` վերծանման կարոտ առասպելը


Փորձեմ թվերի ու փաստերի հանրամատչելի լեզվով ներկայացնել բացառիկ ինքնատիպությամբ աչքի ընկնող այս արվեստագետի` Սերգեյ Փարաջանովի (Սարգիս Փարաջանյան) հանրաճանաչման տատասկոտ ընթացքը: Ծնվելով ու հասակ առնելով թբիլիսաբնակ հայկական ընտանիքում` նա անմիջապես չի գտել իր հետաքրքրության մասնագիտական բացահայտման բանալին: Միջնակարգն ավարտելուց հետո 1 տարի ուսանել է Երկաթուղային տրանսպորտի ինստիտուտում, 2 տարի` Թբիլիսիի կոնսերվատորիայի վոկալ բաժնում և պարարվեստի ուսումնարանում, գործարանում 2 տարի մասնակցել է խաղալիքների պատրաստմանը: 1945-ին ընդունվել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետ: Մասնակցելով արվեստանոցի ղեկավարի` Ի. Սավչենկոյի «Երրորդ հարվածը» (1948) և «Տարաս Շևչենկո» (1952) ֆիլմերի ստեղծմանը` գործնականում թրծել է իր մասնագիտական հմտությունները: 1952-ից աշխատանքի է անցել Կիևի Ա. Դովժենկոյի անվան կինոստուդիայում` որպես բեմադրող ռեժիսոր քննություն բռնելով Յու. Բազելյանի հետ միասին նկարահանած անդրանիկ լիամետրաժ «Անդրիեշ» կինոնկարով: Մինչ «Առաջին տղան» (1958) խաղարկային ֆիլմը ձեռնարկելը 1957-ին հեղինակել է «Նատալյա Ուժվի» և «Ոսկե ձեռքեր» կարճամետրաժ կինոնկարները: «Ուկրաինական ռապսոդիա» (1961) և «Ծաղիկը քարի վրա» (1962) ժապավեններին հաջորդած «Մոռացված նախնիների ստվերները» («Հրե ձիեր», 1964), արժանանալով համամիութենական և միջազգային մի շարք փառատոների մրցանակների, նրա արտասովոր կինոարվեստի ուրույն գրավչությունը հռչակում է աշխարհով մեկ: Այդուհանդերձ չի կասեցվում 1966-ին սկսած «Կիևյան որմնանկարներ» ֆիլմի փակումը: Վավերագրական ֆիլմերի «Երևան» կինոստուդիայում «Հակոբ Հովնաթանյան»-ն (1967) ավարտելուց հետո «Հայֆիլմ»-ում նկարահանած «Նռան գույնը» («Սայաթ-Նովա») կինոնկարում կատարելության է հասցնում սեփական պոետիկ-ալեգորիկ-պլաստիկ գեղագիտության սկզբունքները: ԽՍՀՄ Պետկինոյի կողմից տրված նվազագույն որականիշով արգելափակվում է գեղանկարչական մեծ ճաշակով, վառ պատկերայնությամբ ու ժողովրդական արվեստի նկատմամբ առանձնակի սիրով առլեցուն այս յուրատիպ կինոնկարի ցուցադրությունը միջազգային էկրանին: Ավելին, ռեժիսոր Յուտկևիչին հանձնարարվում է ապամոնտաժել կինոժապավենը, ինչի արդյունքում հեղինակային բնօրինակը պահպանվում է սոսկ հայերեն տարբերակով: Անդերսենին նվիրված «Հրաշք Օդենսում» ֆիլմի վրա աշխատելիս 1973-ին ձերբակալվում է և Կիևի մարզային դատարանի վճռով դատապարտվում 5-ամյա ազատազրկման: Միջազգային կինոհանրության ճնշման տակ 1977-ին վաղաժամկետ ազատ է արձակվում և բնակություն հաստատում Թբիլիսիի հայրական տանը` զրկված ստեղծագործելու իրավունքից: Սարքովի մեղադրանքներով նրան քրեական պատասխանատվության են ենթարկում 1982-ին` արդարացնելով 11 ամսվա անհիմն արգելափակումից հետո միայն: Խորհրդային գաղափարախոսությանը չմերվող իր գեղարվեստական արտառոց թվացող աշխարհընկալման պատճառով Փարաջանովը, փաստորեն, 15 տարի օտարված մնաց կինոարարումից: Խիստ ռեժիմի բանտերում ու ճամբարներում ստեղծված բազմաթիվ հարթ ու ծավալային կոլաժներով` «սեղմ ֆիլմերի» արվեստահնար ակնարկներով, ասամբլյաժներով, նկարներով, տիկնիկներով, կինոմտահղացումների էսքիզներով նա լրացրեց ու ամբողջացրեց հայկական, արևելյան և եվրոպական մշակութային ավանդների համադրությամբ կազմավորված սեփական անշփոթելի պլաստիկ ձեռագիրը: 1983-88 թթ. աշխատելով «Վրացֆիլմ»-ում` Փաջարանովը նկարահանում է «Սուրամի ամրոցի լեգենդը», «Փիրոսմանին» և «Աշուղ Ղարիբը»: Մոտ երկու տասնյակ նրա սցենարները` «Արա Գեղեցիկ», «Սասունցի Դավիթ», «Շուշանիկի նահատակությունը», «Արարատ լեռան գանձերը»… կինովերարտադրման բախտին այդպես էլ չեն արժանանում, ավաղ: Էկրանավորվածներից շատերը, այնուամենայնիվ, ճեղքում են «երկաթե վարագույրը»` տասնյակ հեղինակավոր միջազգային պարգևներով հաստատուն պահելով նրա մնայուն տեղը համաշխարհային կինոարվեստում: Նաև` ստեղծագործական ներշնչանքի աղբյուր դառնում ոչ միայն կինոյի, այլև թատրոնի, գեղանկարչության ասպարեզներում հայտնված նորանոր արվեստագետների համար, սեփական գեղագիտության անկյունաքար: Փարաջանովյան քնարագունային մտածողությունը յուրովի բեկվում է արդի հայ բեմադրարվեստի վարպետներ Վահե Շահվերդյանի և Արմեն Խանդիկյանի թատերատեսիլքում` ուրույն խորհրդապաշտական հմայք հաղորդելով նրանց ներկայացումներին: Գեղանկարչական նրա աշխարհի բացառիկ յուրօրինակությունն առաջին անգամ հասու է դառնում արվեստասեր հանրությանը Թբիլիսիի Կինոյի տանը 1985-ին բացված անհատական ցուցահանդեսով: Հաջորդ երկուսը Երևանի ժողովրդական արվեստի թանգարանում (1988, 1989) առիթ են հանդիսանում, որպեսզի Հայաստանի կառավարությունը որոշում ընդունի հայազգի տաղանդաշատ արվեստագետի թանգարանը հիմնադրելու մասին` Ձորագյուղ ազգագրական թաղամասում կառուցվող 2 շինություն հատկացնելով: 88-ի ավերիչ երկրաշարժով կասեցված շինարարությունը ավարտվում է 1991-ին, Փարաջանովի մահվանից մեկ տարի անց: Ինքնակենսագրական «Խոստովանություն» անավարտ մնացած վերջին ֆիլմի չասածը սերունդներին փոխանցելու առաքելությամբ արդեն 18 տարի գործող տուն-թանգարանը (տնօրեն` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Զավեն Սարգսյան) ջանասիրաբար պրոպագանդում է 600 աշխատանքներից բաղկացած փարաջանովյան հավաքածուն ոչ միայն Երևանում: Ստեղծագործություն ների 55 և դրանց լուսանկարների` 8 ցուցահանդեսները Կաննում, Սալոնիկում, Տոկիոյում, Մոսկվայում, Հռոմում, Թեհրանում, Լոնդոնում, Պեկինում և այլուր պարբերաբար թարմացնում են արվեստասեր հանրության ունեցած փարաջանովյան տպավորությունները, վերարժևորում արտիստիզմով, հումորով և բանաստեղծականությամբ շաղախված նրա երևակայության կոնկրետ արգասիքները` ձևավորված տարատեսակ առարկաներով ու նյութերով: 85-ամյա հոբելյանը ևս նշանավորվել է Կիևում ու Սոֆիայում` Փարաջանովի աշխատանքների ներկայացմամբ, Վիսբադենի (Գերմանիա) կինոփառատոնում, Պենաբիլեում, Կալյարիում (Իտալիա), Ռիգայում և Ախալքալակում «Փարաջանովի աշխարհը» ֆոտոցուցահանդեսով: Ուշագրավ մի փաստ մեջբերեմ: Կիևում կազմակերպված մեկուկես ամսյա ցուցահանդեսը 43 հազար այցելու է ունեցել. այնքան, որքան 4 տարում է ունենում մեր տուն-թանգարանը: Ամենամնայուն նորաստեղծ արժեքը Զավեն Սարգսյանի և Լևոն Աբրահամյանի համատեղ ջանքերով հրատարակված «Փարաջանովի գեղադիտակը» ալբոմն է` Մաեստրոյի կյանքի և գործի մասին երբևէ տպագրված ամենաամբողջական աշխատությունը` 180 գործերի մանրակրկիտ ուսումնասիրությամբ, 80-ից ավելի լուսանկարներով, ճշգրտված եռափուլ կենսամատենագիտությամբ: «Գրքարվեստ-2008» հանրապետական (գլխավոր) և ԱՊՀ «Գրքի արվեստ» V միջազգային (II կարգի) մրցույթներում շահած մրցանակներն խոսուն գնահատությունն են ալբոմի որակի: Դեռ կենդանության օրոք արվեստագետի կամքով այստեղ տեղափոխված անձնական իրերով, թբիլիսյան տան նմանողությամբ պատրաստված հուշասենյակներով, 1440 ցուցանմուշներով թանգարանում կարողացել են ստեղծել մի միջավայր, որում զգացվում է Սերգեյ Փարաջանովի աներևույթ ներկայությունը: Խնամքով թարմացվող զարմանահրաշ մթնոլորտն էր գլխավոր խթանը Հովհաննես Բաբախանյան-Նազենի Հովհաննիսյան զուգախաղի պոռթկուն կայացման և Արա Երնջակյանի «Սոնատ թավջութակի համար» պիեսի փորձարարական ներկայացման նորախորհուրդ փայլատակման (բեմադրիչ` Հակոբ Ղազանչյան): …Նմանակողները ձախողվում են: Ներշնչվողները` հզոր լիցքեր ստանում ինքնահաստատման: Այսպիսով նորովի շարունակվում է նրա հյուսած անավարտ առասպելը: Վեծանման կարոտ առեղծվածներով դեռ լի…

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ