Աստղերը հուշում են Առյուծ` Ջրհոսի հովանավորյալ


Աստղագետ Պավել Գլոբան նշանավոր անձանց ճակատագրերի անհատական տեսություններ է կատարել` հուշելով անվանի քաղգործիչներին, բիզնեսմեններին, արվեստագետներին, թե նրանց համար ի՞նչ են կանխորոշել աստղերը: Բարաք Օբամայի «դիմանկարը», պարզվում է` հնարավոր է բավական ճշգրիտ կազմել, քանի որ հայտնի է նրա ծննդյան ժամը` 19.24` Հավայան կղզիների Հոնոլուլու քաղաքում: Նրա կենդանակերպը Ջրհոսն է` չնայած ծնվել է 1961 թ. օգոստոսի 4-ին, Առյուծի նշանի տակ: Ինչպես Առյուծի նշանի ներքո ծնված բոլորը, Բարաքն էլ հակում ունի թատերական պահվածքի, տպավորիչ արարքների: Նա Միացյալ Նահանգների 4-րդ նախագահն է` այս նշանի տակ ծնված, ու նրա 3 նախորդները` սկզբում եղել են շատ սիրված: Բայց վերջում կամ հեռացել են անփառունակ կամ իշխելու ընթացքում «աչք չեն բացել» վարկաբեկումներից: Այնպես որ Օբամայի իշխանավարման սկիզբը` բուռն ընդունելությունը, չի տարբերվում իր «աստղակից» նախորդներից: Ըստ աստղերի` ամերիկյան նոր նախագահը կարող է դառնալ իրադարձությունների ստրուկն ու գերին և պետք է ճիշտ կողմնորոշվի հատկապես իրեն շրջապատողների ընտրության հարցում: Նրա հանդեպ հետագայում կարող է բացասական վերաբերմունք ձևավորվել կամ բացահայտ հակառակորդների կողմից, կամ մերձավորների (ընդհուպ մինչև կնոջ) սխալ գործողությունների արդյունքում: Կարելի է ասել, որ Օբաման հակված է բարեփոխումներ կատարելու` նույնիսկ անսպասելի գործունեությամբ. վարքագիծ, որը բնորոշ է բարձրացող Ջրհոսի նշանի տակ ծնվածներին: Նա շատ կապված է Միացյալ Նահանգներին: Իսկ Ամերիկան ավանդաբար կապվում է Երկվորյակների հովանավորյալներին: Օբամային հովանավորում է նաև Լուսինը, ինչը նրա ժողովրդական հոգու, ակնկալիքների, համաժողովրդական հետաքրքրությունների արտահայտություն է: Ահա թե ինչու նոր Նախագահն այդքան սիրելի է ոչ միայն աֆրոամերիկացիների, այլ նաև ամերիկյան մյուս ազգությունների կողմից: Այսպես կոչված` Սպիտակ Լուսինը, որը նրա պահապան հրեշտակն է և լուսավոր սկզբի առհավատչյան, վկայում է, որ Բարաքն ընդունվելու է որպես դրական առաջնորդ: - Ես հիշում եմ, 15-16-րդ դարերում ապրած սլավոնացի աստղագետ Վասիլի Նեմչինի կանխասացություններից մեկը, որը պնդում էր, թե օվկիանոսի արևմտյան ափին գտնվող մեծ պետության յուրաքանչյուր ղեկավարը կիշխի 4 տարի և ճակատագրական կլինի 44-րդը, երբ երկու չորսերը կհամընկնեն: 44-րդ ղեկավարը սևամորթ կլինի, ում սկզբում շատ կսիրեն, իսկ հետո նույնքան շատ կատեն,- նշել է Պ. Գլոբան: Չանտեսենք, որ Բարաք Օբաման համաշխարհային ճգնաժամի առաջին նախագահն է: Ինչ խոսք, նա ձգտում է դրական տեղաշարժերի, և նրա վարած քաղաքականությունն ավելի շատ ուղղվելու է դեպի երկրի ներքին հիմնախնդիրները: Նրան շատ բան կհաջողվի աշխատանքի առաջին տարում` 2009-ին, որովհետև նրա համաստեղության ներքո ծնվածների համար սա լավագույն ժամանակաշրջանն է: Յուպիտերը Ջրհոսից վերադառնում է իր տեղը, իսկ Յուպիտերը արքաների աստղն է: Այնպես որ` որպես քաղաքական առաջնորդ, Օբամայի յուրաքանչյուր ձեռնարկումը հրաշալի արդյունք կարձանագրի մինչև… 2010 թվականը` երբ Յուպիտերը կանցնի Ձկների նշանի տակ: Իսկ Առյուծի նշանի տակ ծնված Օբամայի համար Ձկները պարզապես տագնապալից են: