(Քրոջ` Մարգարիտայի զրույցը եղբոր հետ)


«1968 թվականի հունիսի 20-ին ծնվեցիր դու և մանկան ճիչովդ ազդարարեցիր քո աշխարհ գալու մասին: Ծնողներդ չէին պատկերացնի, որ դու 23 տարի հետո պիտի հերոս դառնայիր ու մասնակցեիր Շուշիի ազատագրմանը, որտեղ էլ զոհվեցիր ու անմահացար: 2008 թ. հունիսի 20-ին դու կդառնայիր 40 տարեկան: Այդ օրը հավաքվել էին քե°զ սիրող, քե°զ հիշող ու քեզանով հպարտացող քո հարազատները, մարտական ընկերները: Ասում են` մարդն ապրում է այնքան, որքան նրան հիշում են, իսկ քեզ միշտ հիշում ենք ու սիրում: Թիվ 163 դպրոցում, որտեղ դու սովորել ես ու անցկացրել քո անհոգ ու չարաճճի տարիները, տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ. կազմակերպել էին դպրոցի տնօրենը` Կարեն Շահնուբարյանը և փոխտնօրենը` Ռուզաննա Նիկողոսյանը: Ցերեկույթին ներկա էին դպրոցի մանկավարժները, մարտական ընկերներդ, բարեկամներ ու հարազատներ... Տնօրենն ասաց, որ քեզ չի ճանաչել, բայց դպրոցի մանկավարժները միշտ պատմել են քո մասին, քո կրակոտ, ժիր, վառվռուն աչքերի մասին, քո բարի հոգու մասին: Շնորհակալություն հայտնեց մեր մայրիկին և պատվոգիր հանձնեց` հերոս որդի ծնելու համար: Հետո խոսեց քո շատ սիրելի Կոմանդոսը. - Ես հրամանատար էի, Երվանդը` զինվոր, բայց նա ասես իմ հարազատ տղան լիներ: Նա ուզում էր անպայման մասնակցել Շուշիի ազատագրմանը: Նրան ժամանակավորապես ետ ուղարկեցի և պայմանավորվեցինք, որ կզանգի ու կհարցնի` սիգարետ կա՞, իսկ ես կպատասխանեի` այո կամ ոչ: Տիկին Ռոզա, շնորհակալ եմ, որ դուք մեզ Երվանդ տվեցիք. նրա հետ գրավեցինք Շուշին: Հետո ելույթ ունեցավ քեզ միշտ հիշող ու սիրող գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը. - Երվանդը արցախյան շարժման առաջին մասնակիցներից է եղել: Նա աշխատում էր «Արցախ» կոմիտեում, բայց ամեն անգամ «փախչում» և միանում էր առաջին գիծ մեկնող ջոկատին: Զարմանալի բարի հոգի ուներ: Խոսք էր տվել, որ ամուսնանա, բայց խոստումը չկատարեց. կրակն իր վրա վերցնելով` փրկեց 13 հոգու… Երվանդը միշտ կա ու կմնա մեր սրտերում… Աստվածատուր Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց բոլորից, որոնց շնորհիվ դու դարձել ես այդքան բարի, նվիրված… Նա ՀՀ «Արծիվ» մահապարտների միության պատվոգիր հանձնեց մեր մայրիկին` նվիրյալ, անձնազոհ զավակ ծնելու, դաստիարակելու համար, ապա` Վազգեն Սարգսյանի անվան շքանշան: Թիվ 163 դպրոցին նույնպես պատվոգիր հանձնեցին: Հետո ելույթ ունեցավ Սպարտակ Մաթևոսյանը, ով քեզ դեռ մանկուց էր ճանաչում: Վերջապես խոսեց մայրդ, ով իր անհուն ցավի մեջ այնքա¯ն հպարտ է քեզանով: - Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր հարգում և հիշում են իմ որդուն… Թող ոչ մի որդեկորույս մայր չլինի… Սիրելի° եղբայր, Եռաբլուր քեզ այցի էինք եկել վաղ առավոտյան, շնորհավորել, զրուցել քեզ հետ ու շիրիմդ ծածկել 40 կարմիր վարդերով: Դու կաս մեր սրտերում, մեր մեջ, քանի կա «Ու եթե լույս կա երկնքում» գիրքը` քեզ նվիրված: Դու կաս ու կլինես փոքրիկ Երվանդիկի սրտում: Համոզված եմ` նա արժանի, հայրենասեր, նվիրյալ զավակ կլինի, ինչպես դու էիր… Ծնունդդ շնորհավոր, սիրելի° եղբայր, դու մեր սրտերում ես մեղմ հովի պես ու մեզ ջերմացնում ես արևի ճառագայթների պես…»: