Որդու ծիծաղը չի մարել Երվանդ Ռաֆիկի Կարապետյան (ՃՈՒՏՈ)


Ենթասպա Ռոզա Ավետիսյանը աշխատում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում` որպես ավագ բուժքույր: Նրա որդին` Երվանդը, ծնվել է 1968 թ. հունիսի 20-ին. առույգ, ժիր, մի քիչ էլ խենթ մանուկ էր: - Որդիս չարաճճի էր, բայց այնքան գաղտնապահ. միայն աչքերի թախիծն էր մատնում ներքին անհանգստությունը: Երբ փորձում էի ինչ-որ բան հարցնել, միանգամից ընդհատում էր. « Լավ եմ, մա°մ ջան, բան չի պատահել»: Տիկին Ռոզայի բնութագրմամբ` որդու մանկական խաղերից անգամ երևացել է նրա հոգու կրակը. «Մերոնք հաղթեցի¯ն, ես հաղթե¯ցի. ես զինվո°ր պիտի դառնամ: Եթե զենք ունենայի…»: Ասաց ու արեց: Մանկան պես երջանկացել էր, երբ առաջին անգամ զենքը ձեռքն էր վերցրել: Մի կաթիլ երջանկություն ու լիքը արցունքներ կյանքի, որ քրտինք դարձած` ողողեցին հայոց հնամենի հողը: Ավագ ընկերներից մեկը երբ «բարկացել» էր, թե ինչու է ծնողներին մենակ թողել, եկել, գոնե թիկունքում մնար, պատասխանել էր վրդովված. - Է¯, որ ոչ մեկս չգանք, էս հողն ո՞ւմ ենք թողնելու: Տղե°րք ջան, Շուշին կազատագրենք, էստեղ չեմ մնա: Տնեցիներն էլ են հոգիս հանել. որոշել եմ ամուսնանալ: Այո°, հասցրեց ազատագրել Շուշին, բայց ամուսնանալ… Դեռ 1988 թ. դեկտեմբերին իր շուրջը համախմբեց երիտասարդների, ու մեկնեցին աղետի գոտի. տասնյակ ընտանիքների սևսիրտ հոգիները ծով սիրով ողողեցին: Տարիներ անց մայրը սրտի թրթիռով կհիշի ու կհպարտանա իր զավակով` Երվանդով, ով այդպես էլ «չսովորեց» տրտնջալ: Կյանքի հորիզոնից կախված ճոճքը տարուբերվում էր` հավերժության կաթիլներով ճակատագրեր փորագրում: Երևի այդպես պիտի լիներ. ամեն օր հարցեր պիտի դիզվեին, ու մայրը չգտներ դրանց պատասխանները: Մեծ որդին` Մարգարը, Արցախյան շարժման առաջին իսկ օրերից մեկնեց, ապա Երվանդը` փոքրամարմին Ճուտոն էլ գնաց, չսպասեց: Նրանք մասնակցեցին Երասխավանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Իջևանի սահմանների պաշտպանությանը: Չէ°, նա պիտի լիներ թեժ գոտիներում: Մեկնեց Արցախ, մասնակցեց Ղարաչինարի, Էրքեջի, Թոդանի կռիվներին: 1991-1992 թթ. Մոնթե Մելքոնյանի ջոկատի հետ մասնակցեց Մարտակերտի, Կիջանի, Մարտունու ինքնապաշտպանական մարտերին: 1992 թ. «Հայրենասեր» ջոկատի կազմում էր: Ամեն անգամ ռազմաճակատ նոր եկած ջոկատ էր տեղափոխվում. երբեք չքայլեց դեպի հետ` հանգստանալու համար: Իր երազանքն անկատար չթողեց. թերևս չհասցրեց տեսնել Շուշիում բարձրացող փառքի դրոշակը: Շուշիի ազատագրման մարտերի ժամանակ լույս թափվեց արշալույսներից ու մայրամուտի շողեր դարձան` անփարատելի տխրության համար: Շատերի հետ քայլեց սարն ի վեր, ճանապարհներ խաչվեցին ու բաժանվեցին, բոլորի սրտում անմար կրակ վառեց ու մի կաթիլ արցունք` արտասվելու համար, իսկ մորը թողեց բեկորացիր հուշեր` ապրելու համար: Տարիների կուտակած ճաքճքած շնչառությանը մայրը դիմանում է: Չգիտի` ինչու է մե°րթ բարիանում, մե°րթ էլ ըմբոստանում իր տան պատերի ճնշող կարծրության դեմ, փախչում իրենից, աշխարհից, այն մի կտոր շիրմաքարի առաջ ծնկում ու մի կուշտ լալիս: Նա տանում է հնամաշ գորգը կյանքի ու զարդարում նորաթուխ ծաղիկներով` Երվանդի հիշատակի համար: Անզոր է հրամայել սրտին, որ լռի, չճչա ու չհիշեցնի յուրաքանչյուր ակնթարթի դատարկությունը. մայր է, չէ՞: - Երբ որդիս մի քանի օրով տուն էր եկել, չասաց, որ վիրավորվել է թևից: Այնքան զգույշ էր, որ ոչինչ չիմանամ: Ամիսներ հետո ընկերներից եմ իմացել, որ իմ Երվանդը վիրավոր է: Ամեն շաբաթ գնում եմ Եռաբլուր` որդուս այցելության,- աչքերը որդու նկարից չհեռացնելով` պատմում էր տիկին Ռոզան.- որդուս ծիծաղն էլ չի մարելու… Որդու զվարթ ծիծաղը խառնվեց հուշերին, ու ծնվեց դստեր` Մարգարիտայի «Ու եթե լույս կա երկնքում» հուշագիրքը` հյուսված կարոտի ու մի բուռ արցունքի բեկորներից: Ամեն տարի սրտի թրթիռով սպասում է թիվ 163 դպրոցի սաներին: Այստեղ է սովորել որդին: Իրենց բակում գտնվող հուշաքարի առաջ ամեն տարի իրենց գլուխն են խոնարհում դպրոցի սաները, իսկ ինքը խոնարհվում է նրանց ջերմ հարգանքի ու սրտի խամրած երջանկության առաջ: Ամեն տարի մայիսի 8-ին մեկնում է Շուշի, կանգնում ամուսնու ձեռքերով քանդակած որդու հուշաքար -խաչքարի առաջ, նորից թերթում անցյալն ու կոկորդում խեղդում ճիչը…

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ