Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին


Հայ Արիական Միաբանությունն իր խորը մտահոգությունն է հայտնում վերջերս ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանի կողմից համասեռամոլների իրավունքների պաշտպանության հռչակագրին միանալու կապակցությամբ: Այս հռչակագրին միացել են աշխարհի1/4-րդ պետությունները միայն, եւ ավանդական արժեքներ ունեցող ու ազգային ավանդույթներով հարուստ մեր երկիրը աշխարհի այդ շուրջ 60 երկրներին միանալու կարիքը չուներ: Այդ հռչակագրին չեն միացել աշխարհի գերտերությունները` ԱՄՆ-ն ու ՌԴ-ն, մեր անմիջական հարեւանները` Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանն ու Իրանը: Մեզ համար անհասկանալի են ՀՀ-ի` այդ հռչակագրին միանալու դրդապատճառները, ուստի դիմում ենք Ձեզ` որեւէ կերպ արձագանքելու սույն փաստին: Այդ ստորագրությունը Ձեր հրահանգո՞վ է դրվել հռչակագրի տակ, թե՞ ՄԱԿ-ում ՀՀ դեսպանի ինքնագործունեության հետեւանք է (հիվանդագին ցանկություն` ամեն ինչին միանալու): Եթե առաջինն է, ապա կարծում ենք` «հայը` հայ է» Ձեր իսկ հռչակած կարգախոսը սկսել է տարածվել նաեւ համասեռականների հայկականացման գործընթացին… ինչը շուտով այլ հիվանդների վրա էլ կտարածվի: Եթե երկրորդն է, ապա դիմում ենք Ձեզ` հրահանգելու, որ ՄԱԿ-ում ՀՀ դեսպանը «հետ կանչի» իր տխրահռչակ ստորագրությունը եւ հրաժարական ներկայացնի ինքնագործունեության համար: Հայ Արիական Միաբանությունն օրեր անց է արձագանքում սույն հարցին, քանզի ցանկանում էր մեկ անգամ եւս համոզվել, որ հայ հանրությունը մերժում է համասեռական դրսեւորումները, որոնք պիտի տեղ չունենան մեզանում: Հայկական զլմ-ների եւ հանրության արձագանքներն ապացուցեցին, որ մեր բաց նամակը խիստ անհրաժեշտություն է: Արձագանքելը նույնպես կհամարենք պատասխան: Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ