30 ՏԱՐԻ ԱՆՑ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ


Ուղիղ 30 տարի առաջ Իրանի ժողովուրդը լուսահոգի Իմամ Խոմեյնու առաջնորդմամբ կատարված մի զարմանահրաշ հեղափոխությամբ, որը կարելի է համարել քսաներորդ դարի ամենակարևոր իրադարձություններից, տապալեց 2500 տարվա թագավորական իշխանությունն ու ստեղծեց ժողովրդական իսլամական հանրապետություն, որը հիմնված է իսլամական և կրոնական հիմունքների, ժողովրդավարության և հանրապետականության սկզբունքների վրա: Այս փառահեղ հեղափոխության արդյունքում հասարակության կառավարման գործընթացում կիրառվեց մի նոր գաղափար` «կրոնական ժողովրդավարություն» անվամբ: Նախքան իսլամական հեղափոխությունն իրանական հասարակությունը արևմտյան մշակույթի հզոր ալիքի ազդեցության պատճառով հայտնվել էր ինքնության և միասնականության մասնատման խնդրի առաջ: Հասարակական իրավիճակը օտարների քարոզչության ազդեցության արդյունքում բավական հեռացել էր բուն իրանական ազգային և իսլամական ավանդույթներից: Մի կողմից հասարակական լայն զանգվածների համատարած աղքատությունն ու մյուս կողմից պալատականներին և կառավարությանը կցված խավերի աննախադեպ և սարսափելի մեծ կապիտալը հասարակությունը դարձրել էին շերտավորված և դասակարգված: Իրանի բնակչության մեծ մասն անգրագետ էր: Գյուղի և քաղաքի բնակչության կենսական ստանդարտների տարբերությունն այնքան մեծ էր, որ գրանցվեց գյուղի բնակչության դեպի քաղաք մեծ հոսք, որն իր հերթին լուրջ սպառնալիք էր երկրի համար և առաջացնում էր սարսափելի մեծ խնդիրներ: Բարոյական և հասարակական անառակությունը օրեցօր տարածվում և ընդլայնվում էր: Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ Իրանը նախահեղափոխական շրջանում, և հատկապես թագավորական ռեժիմի վերջին տասնամյակում, բախվել էր հասարակական ինքնության ճգնաժամի հետ: Իսլամական հեղափոխությունը, հասարակական բոլոր խավերի մասնակցությամբ, հիմնվելով իսլամական կրոնական սկզբունքների և ուսմունքների վրա և Իմամ Խոմեյնու խելամիտ առաջնորդմամբ հռչակվեց հաղթանակով, իրանական հասարակության տարբեր շրջաններում լուրջ բարեփոխումներ առաջացրեց: Հեղափոխականների հիմնական նպատակն էր հասարակական դասակարգման վերացումն ու ազգային և կրոնական ինքնության վերականգնումը: Բարոյական ընդվզումների կանխման արդյունքում հասարակության տարբեր շերտեր ներգրավվեցին երկրի կառուցողական քաղաքականության մեջ, վերացավ գյուղի և քաղաքի բնակչության կենսամակարդակի կտրուկ տարբերությունը, աստիճանաբար նվազեց նաև երկրի բնակչության անգրագիտության աստիճանը, բարելավվեց երկրի սանիտարական և առողջապահական վիճակը, սկսվեց խիստ պայքար աղքատության և դասակարգային խտրականության միջև: Այս ամենը կարելի է համարել Իրանի իսլամական հեղափոխության հասարակական նվաճումներից: ԻԻՀ Մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ Իրանի իսլամական հեղափոխության տարեդարձին նվիրված մշակութային միջոցառումների մասին կարդացեք 6-րդ էջում: Իսկ մեր ազգային դիմագիծը՞