Դավոսյան «ներկայացում»


Շվեյցարական Դավոսում տեղի ունեցած տհաճ միջադեպը զանգվածային լրատվամիջոցները վերածեցին ուղղակի համաշխարհային սենսացիայի: Խոսքը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի նախաձեռնությամբ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի, Արաբական լիգայի նախագահ Ամր Մուսայի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև անցկացված բանավեճի մասին է: Այն դուրս եկավ պատշաճության շրջանակներից և վերաճեց ամենաիսկական լեզվակռվի: Պերեսն, իհարկե, համաձայն չէր իր պետության ձեռնարկած գործողությունները «ագրեսիա» որակելուն և ամբողջ 40 րոպե փորձում էր արդարացնել դրանք: Նա պնդում էր, թե իրենք պատերազմել են ոչ թե Պաղեստինի արաբ ժողովրդի, այլ` «Համաս» ծայրահեղական խմբավորման գրոհայինների դեմ: - Մենք խաղաղ բնակիչներին նախապես զգուշացնում էինք, հորդորում` հեռանալ այդ վայրերից,- համարյա գոռում էր Իսրայելի 80-նն անց Նախագահը: Իր պատասխան խոսքում, որը տևեց ընդամենը 12 րոպե և դարձյալ ընդհատվեց Պերեսի 25 րոպեանոց մենախոսությամբ, Էրդողանը հակառակն էր պնդում: Նա ընդգծում էր, թե իսրայելական ագրեսիան Գազայի արաբներից խլեց 1300 խաղաղ բնակչի կյանք, վիրավորվեց ավելի քան 5000 հոգի, ավերվեցին հազարավոր շինություններ, առաջացավ հումանիտար աղետ… Պերեսի նյարդերը չդիմացան, և նա Էրդողանի երեսին ուղղակի գոռաց. - Դուք ի՞նչ կանեիք, եթե ամեն գիշեր Ստամբուլը հրթիռակոծվեր, եթե ձեր դեմ ուղղվեին օրական 10, երբեմն մինչև 100 արկեր…: Երբ Էրդողանը փորձեց պատասխանել այդ գոռոցին և շարունակել իր ընդհատված խոսքը, բանավեճը վարող ամերիկյան հանրահայտ լրագրող Դեյվիդ Իգնատիուսը, ով, ի դեպ, կիսով չափ հայ է, ընդհատեց Թուրքիայի վարչապետին, իբր` ժամանակը սպառված է: Այստեղ արդեն Էրդողանի° նյարդերը չդիմացան. - Մեկ րոպե, մեկ րոպե,-գոչեց նա,- պարոն Պերես, դուք ինձանից տարիքով մեծ եք…Դուք շատ բարձր ձայն ունեք և բարձր ձայնով խոսեցիք…Ես այդպես չեմ խոսի, որովհետև գիտեմ, որ ձեր բարձր խոսելու պատճառն այն է, որ դուք մեղքի զգացում ունեք…Խոսքը սպանությունների° մասին է: Ես հեռուստատեսությամբ տեսել եմ լողափում ձեր զինվորների սպանած երեխաների դիակները… Դուք դրանից լավ եք գլուխ հանում…Դուք գիտեք, թե ինչպես եք երեխաներ սպանել, նրանց վրա կրակել…Ես դատապարտում եմ հավաքվածներին, ովքեր ծափահարում էին այդ դաժանությունները: Եթե այդ երեխաներին ու մարդկանց սպանողներին ծափահարում եք, դա նույնպես հանցագործություն է մարդկության դեմ…: Էրդողանը, որն իսկապես դժվարությամբ էր զսպում զայրույթը, հայտարարեց. - Ես խոսեցի ընդամենը 12 րոպե…Սրանով իմ մասնակցությունը Դավոսի համաժողովին ավարտվում է: Իմ ոտքն այլևս երբեք այստեղ չի լինի…: Ապա նա բարձրացավ տեղից և լքեց դահլիճը` չսպասելով բանավեճն ավարտված համարելու մասին հայտարարությանը: Հրաժեշտ չտալով ոչ իր հետ բանավիճողներին, ոչ մյուսներին, Թուրքիայի վարչապետն անհապաղ ինքնաթիռ նստեց ու վերադարձավ Անկարա: Իհարկե, կրքերի նման բախումը, բանավիճող բարձրաստիճան պետական պաշտոնյաների անզսպության այսպիսի դրսևորումները խիստ հազվադեպ են միջազգային քաղաքական պրակտիկայում: Դիվանագիտական էթիկան այսպիսի բախումներ չի հանդուրժում, պետությունների ղեկավարներին վայել չէ ինքնատիրապետումն այսպես կորցնելն ու, ինչպես ասում են, «ինքն իրենից դուրս գալը»: Հենց այդ հանգամանքն էլ Անկարայի «Էն Թի Վի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մատնացույց էր արել Թուրքիայի արտաքին գործերի նախկին փոխնախարար, ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Օնուր Օյմենը, ասելով, թե Էրդողանի վարքագիծը «դիվանագիտությանը հակասող էր»: Հեռուստաէկրանից ուղղակի դիմելով իր երկրի վարչապետին, Օյմենն ավելացրել է. - Դիվանագիտության մեջ նմանօրինակ վարվելաձևեր չկան: Դուք վնաս հասցրիք Թուրքիայի հեղինակությանը: Քաղաքակիրթ աշխարհի համար Էրդողանն այլևս չկա…: Հազիվ թե «քաղաքակիրթ աշխարհը» խստորեն դատապարտի Թուրքիայի վարչապետի այս անզսպությունը: Չեմ հավատում նաև, թե այդ նույն «քաղաքակիրթ աշխարհի» աչքում «Էրդողանն այլևս չկա»: Ավելի հավանական է` կձևացնեն, թե որևէ արտակարգ բան չի պատահել, մարդիկ են, պահի տակ ինքնատիրապետումը կորցրել են: Ոմանք, միգուցե, կեսբերան դատապարտեն բանավեճը լքելու Էրդողանի քայլը: Սակայն անվերապահորեն` կգտնվեն նաև նրան արդարացնողներ: Արդեն իսկ գտնվել են: «Համաս» խմբավորման մամլո քարտուղար Ֆաուդ Բարխումն ասել է, թե «իսլամիստները շատ բարձր են գնահատում Էրդողանի համարձակ քայլը», քանի որ «նա պաշտպանեց սիոնիստական չարագործների կողմից սպանված կանանց ու երեխաներին»: Անկարայում Պաղեստինի դեսպան Նեբի Մարուֆն իր հերթին ողջունել է բանավեճը լքելու Էրդողանի կեցվածքը: Մի խոսքով, թեր ու դեմ տեսակետներ դեռ կհնչեն: Կխոսեն-կխոսեն, հետո կձանձրանան ու կլռեն, և միջազգային ասպարեզում հարցը կմոռացվի-կգնա: Բայց որ բուն Թուրքիայում Էրդողանի արարքը չի մոռացվի` անկասկած է: Անկարայի օդանավակայանում ավելի քան 5 հազարանոց մի ամբոխ նրան դիմավորեց ուղղակի որպես ազգային հերոսի: «Թուրքիան ձեզ հետ է», «Դավոսում հաղթողին», «Էրդողանը նոր համաշխարհային առաջնորդ է» ցուցապաստառներով և Թուրքիայի ու Պաղեստինի դրոշներով լեցուն օդանավակայանն ուղղակի ցնծում էր: Վարչապետ Էրդողանը, բազմության առաջ ունեցած իր ելույթում հայտարարեց, թե ինքն «ուղղակի պարտավոր էր պաշտպանել Թուրքիայի և թուրք ժողովրդի պատիվը»: - Ես ինչ որ ցեղախմբի առաջնորդ չեմ, ես Թուրքիայի վարչապետն եմ և ունեմ որոշակի պարտականություններ…Իսրայելի նախագահի խոսքի բովանդակությունն ու տոնը բացարձակապես անընդունելի էր…: Թուրքական թերթերում, իրենց վարչապետին հերոսացնելուց զատ, կան նաև այլ մեկնաբանություններ: Իբր` «հայազգի լրագրող Դեյվիդ Իգնատիուսը նրան ուղղակի թակարդի մեջ քաշեց», «սադրանքի ենթարկեց», «Էրդողանը դարձավ հայկական դավադրության զոհ» և այլն, և այլն: Իհարկե, այդ կարգի մեկնաբանություններն առնվազն ցնդաբանություն են` «հայկական դավադրության» մասին խոսք լինել չի կարող: Այլապես Իգնատիուսը Էրդողանին կընդհատեր և կհարցներ, թե իրենց իսկ նախնիների կողմից իրականացված Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած հարյուր-հազարավոր հայ երեխաները …երեխաներ չէի՞ն: Նրանց` զանգվածաբար հոշոտված այդ հայ կին ու երեխաներին սպանողներին Թուրքիայում այսօր ոչ ոք պետականորեն չի դատապարտում: Իր իսկ` էրդողանի բառերով, այդ չդատապարտելը նույնպես հանցագործություն չէ՞ մարդկության դեմ: Սեփական աչքի գերանը թողած` ինչու՞ է Էրդողանը մատնանշում ուրիշի աչքի մազը: Սակայն ինչ ճիշտ է` ճիշտ է: Այդ «մազը» նույնպես պետք է նկատվի ու դատապարտվի: Թերևս, որպես ցեղասպանություն իրականացրած և իր ոճրագործության ահավորությունը չգիտակցած պետության վարչապետը իսկապես դրա բարոյական իրավունքը չուներ: Սակայն նույնիսկ ամենամեծ ոճրագործը կարող է ճշմարիտ բաներ ասել (թեկուզ` ուրիշի հասցեին): Տվյալ դեպքում Իսրայելին ուղղված Էրդողանի հանդիմանությունը առավել քան տեղին էր: Սակայն, հազիվ թե արաբ երեխաներ սպանած իսրայելցի զինվորականների դեմ Էրդողանի այդ զայրույթը կատարելապես ազնիվ ու արդար բռնկման հետևանք էր: Դրա մեջ թատերայնության որոշակի տարրեր կային: Բուն Թուրքիայում տեսակետներ են հնչում, թե Էրդողանի կողմից դավոսյան համաժողովը լքելը նուրբ քաղաքական հաշվարկի արդյունք էր: Իբր` այդ կերպ նա փորձեց թուրք հասարակության աչքում բարձրացնել ոչ միայն անձամբ իր, այլև իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կառավարող կուսակցության վարկանիշը: Եթե Էրդողանն իրոք այդպիսի դիտավորություն ուներ, ապա պետք է խոստովանել, որ դա նրան լիովին հաջողվեց: Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններում վարկանիշի այդ բարձրացումը, անկասկած, լավ ծառայություն կմատուցի Էրդողանի կուսակցությանը: Ինչ վերաբերում է թուրք-իսրայելական հարաբերություններին, ապա վատ քողարկված այդ ներողությունն ընդունվել է փոխադարձ սիրալիրության հավաստիացումներով: Ասել է` միջադեպը հարթված է, ներկայացումն ավարտվել է և հարկ չկա արդեն փակված վարագույրի ետևում անիմաստ կերպով տեղից-տեղ քաշքշել ավարտված ներկայացման դեկորները…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ