ՃԳՆԱԺԱՄԸ` ՎԱՀԱՆ


Երբ առանձին շրջանակներ հանրությանը ձգտում էին հավատացնել, թե համաշխարհային տնտեսական ճգնաժամից հնարավոր է, որ մենք նաև ինչ-ինչ օգուտներ քաղենք, այն ժամանակ նման հավաստիացումները հանրային ընկալման շրջանակներում թերևս չէին տեղավորվում: Հիմա, երբ արդեն ճգնաժամի ընդգծված ներկայությունն ու հետևանքները մեր մշտական ուղեկիցներն են, վերջապես պարզ է դառնում, թե բազմապատկված դժվարություններից ով ինչ կարող է շահել: Շարքային քաղաքացիներս, թերևս, շահելիք չունենք: Դրա մասին շատ է խոսվել, ու այս անգամ մեր թեման բոլորովին այլ է: Աստիճանաբար նկատելի է դառնում, որ տնտեսական ճգնաժամը շատերի կողմից սկսել է օգտագործվել իբրև վահան` բոլոր թերացումներից խուսափելու և պաշտպանվելու համար: Այսպես, Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է նախորդ տարվա խոշոր հարկատուների ցանկը, ինչն այս անգամ շատերի մոտ մինչև անգամ գլխապտույտ կարող է առաջացնել: Ցուցակն, իհարկե, մշտապես հետաքրքիր է եղել, և ամեն հրապարակումից հետո մի տևական շրջան լրատվամիջոցներն ուշագրավ քննարկումներ են ծավալել այդ ամենի շուրջ: Ավելին, վերջին տարիներին տնտեսական շարունակական աճը որոշակի կայունություն էր հաստատել նաև հարկատուների ցանկում: Այն, անկախ ամեն ինչից, իր հմայքն ու հետաքրքրությունը չէր կորցրել, բայց մեծ հաշվով այստեղ ընդգրկված կազմակերպություններն իրենց վճարած հարկաչափերով ցուցակում զբաղեցրած տեղերը հաստատուն կերպով պահպանում էին: Ընդգծելով, որ Պետեկամուտների կոմիտեն 2008-ի 12 ամիսների կտրվածքով է խոշոր հարկատուների ցուցակ ներկայացրել, արձանագրենք, որ քիչ ժամանակ է անցել, որպեսզի դժվարությամբ մտաբերենք, թե ճգնաժամ կոչվածը ո՞ր ամիսներին մուտք գործեց մեր հանրապետություն և այն ի՞նչ ազդեցություն կարող էր ունենալ տարեկան հարկաչափերի վրա: Եվ իրոք, որքան էլ ակնայտ լինի, որ ճգնաժամի պատճառած մեծագույն հարվածներից մեկը հանքարդյունաբերությունը կրեց, այնուամենայնիվ, երբեմնի առաջատար հարկատու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համար հավանաբար ճգնաժամն է առիթ դարձել` 2007-ի վճարված հարկերի կեսից էլ քիչ գումարներ պետբյուջե ուղղել: Ու եթե այստեղ տրամաբանության հատիկ (բայց ոչինչ ավելին) մեծ վերապահումներով դեռ ինչ-որ տեղ կարելի է գտնել, ապա ինքն իրեն տնտեսական գիգանտ համարող «Հայռուսգազարդի» պահվածքն այս պարագայում լրիվ անհասկանալի է: Այս կառույցի ղեկավարությունը մշտապես հպարտանում է բաժանորդների թվի աճով… Ընդ որում, տպավորությունն այնպիսին է, թե գազ սպառողների թիվը երկրաչափական պրոգրեսիայով է աճում: Գազի սակագինն էլ, նախորդ ապրիլի 1-ից նույն պրոգրեսիայով սկսել է թռիչքներ արձանագրել: Բայց արի ու տես, որ «Հայռուսգազարդի» եկամուտները պակասել ու պակասել են, և նույն 2007-ի համեմատ նախորդ տարի այս կազմակերպությունը զգալիորեն «ժլատ» է գտնվել պետության հանդեպ ունեցած պարտավորությունները կատարելիս: Իսկ նշվածներն այն դեպքերն են, երբ այս և առաջատար համարվող մյուս կազմակերպությունները հաճախ իրենք էլ են հավատում, թե մեր պետական բյուջեն իրենց կողմից հայեցողաբար վճարվող գումարներով է գոյատևում: Ձեռքի հետ էլ այս մարդիկ դժգոհում են հարկային բեռի ծանրությունից` վստահեցնելով, թե վատ չէր լինի, եթե այն փոքր մեղմվեր: Բայց նույն վիճակագրությունը փաստում է, որ դա այնքան էլ այդպես չէ, և հայրենի տնտեսության գիգանտները, ասենք առաջին տասը հարկատուները, 2007-ի համեմատ նախորդ տարի 9,2 տոկոսով նվազեցրել են կատարված վճարումները: Կասկածից վեր է, որ այս տարի փաստերն ու թվերն ավելի խոսուն են դառնալու, ցուցակում կատարվելիք վայրիվերումներն էլ` ավելի արտահայտիչ: Բայց սա այն դեպքն է, երբ Պետեկամուտ ների կոմիտեի տեսադաշտում գտնվող շատ ու շատ տնտեսվարողներ հաճախ ընդհուպ մինչև «հարկային տեռորից» ու շատ այլ նման երևույթներից էլ են դժգոհում: Սրանով հանդերձ` հարկատուների երեքհարյուրամյակում ամենատեսանելի առաջընթացը ծխախոտ ներմուծողներն են արձանագրել: Այս դեպքում իրականությունը կարելի է անշուշտ հումորով ներկայացնել` պնդելով, թե ճգնաժամն ու դրանից բխող դժվարությունները մարդկանց հարկադրում են ավելի շատ ծխել… Բայց սա հաստատ այն դեպքը չէ, երբ ծխախոտի թանձր ծուխը կարող է շղարշված պահել այն, ինչը վաղուց է տեսանելի: