ՆՈՐ ԱՐՄԱԴԱ


Երբ Լիսաբոնից 1588 թ. մայիսի 29¬ին մեկը մյուսի հետևից սկսեցին բաց ծով դուրս գալ իսպանական ռազմանավերը` նրանց առագաստները ծածկեցին հորիզոնը: Դեռևս երբեք նման հզոր ռազմական նավատորմ ծով դուրս չէր եկել: Դա պատմության մեջ հայտնի «Անպարտելի իսպանական արմադան» էր: Մի կողմ թողնենք անգլո-իսպանական դիմակայության քաղաքական դրդապատճառները և անդրադառնանք այդ պայքարի զուտ ռազմական բաղկացուցչին: Իր կյանքում ոչ մի ծովային մարտ չվարած և ընդհանրապես նավագնացությունից շատ հեռու իսպանացի բարձրաստիճան ազնվական Մեդինա-Սիդոնիայի ընդհանուր հրամանատարության ներքո էին 130 խոշոր և 30 միջին ռազմանավեր` 19.295 ծովային հետևակայիններով, 8460 նավաստիներով, որոնք միաժամանակյա կրակ կարող էին բացել 2630 թնդանոթներից: Ծով դուրս գալուց հետո գրեթե անմիջապես «Անպարտելի արմադային» հետամուտ եղավ առաջին անհաջողությունը` ուժեղ փոթորիկը ցաքուցրիվ արեց իսպանական նավերը: Մի ռազմանավ խորտակվեց, երեքը` ապստամբած ստրուկները (թեև թիավարող ստրուկների ժամանակները վաղուց մնացել էին անցյալում, բայց ընդհանուր հաշվով նավերի վրա կային 2088 ստրուկներ, որոնք, տրամաբանական կլիներ ենթադրել, որ կատարում էին ամենածանր ու սև աշխատանքը) տարան ֆրանսիական նավահանգիստներ: Կիսաշրջան կազմած, 52 կմ ձգվող տարածության վրա իրար հետևող իսպանական նավերը Պլիմուտի մոտ հանդիպեցին 80 ռազմանավերից կազմված անգլիական նավատորմին: Հասկանալով, որ բաց մարտ մղելու համար ուժերն անհավասար են, անգլիացիները փորձում էին միայն անընդհատ լարված վիճակում պահել իսպանացիներին` ընթացքից մշտապես կրակ բացելով նրանց վրա: Օգոստոսի 7¬ին քամու իսպառ բացակայությունը իսպանացիներին զրկեց շարժվելու հնարավորությունից, և նրանց նավերը տեղում քարացան: Անգլիական նավատորմի գլխավոր հրամանատար լորդ Հովարդը որոշեց հենց այդ պահին 8 հրդեհաձիգ նավեր նետել հակառակորդի դեմ: Առագաստային նավատորմիղի ժամանակներում այդպես էին անվանում այն նավերին, որոնք վառելիքով և պայթուցիկով բարձված` ուղղվում էին թշնամու նավերը հրկիզելու: Դրանք լուրջ իրարանցում առաջացրին, և հաջորդ առավոտ լորդ Հովարդն իր մեջ համարձակություն գտավ հարձակման անցնելու: Իսպանացիները քաջ ժողովուրդ են, հրաշալի ռազմիկներ և այդ վճռական մարտում էլ նրանք իրենց դրսևորեցին միանգամայն արժանի ձևով: Երկու կողմերն էլ կորուստներ ունեցան, բայց խոսել անգլիացիների կատարյալ հաղթանակի մասին (ինչպես մի տեսակ անուղղակի ձևով ցանկանում են ներկայացնել)` իրականությանը չի համապատասխանում: Թույլ ղեկավարի առկայությունը, անձնակազմների անբավարար մարտական պատրաստվածությունը ու նավերի համարժեք փոխհամագործակցության բացակայությունը դարձան իսպանական նավատորմի անհաջողության պատճառ: Բայց «Անպարտելի արմադայի» կործանման պատճառ դարձան ամենևին էլ ոչ անգլիացիները: Լա¬Մանշի նեղուցում մոլեգնող ուժեղ հարավային քամիները արգելափակեցին իսպանական նավերի վերադարձը հայրենիք այդ ճանապարհով, և Մեդինա-Սիդոնիան որոշում կայացրեց հետ վերադառնալ Հյուսիսային ծովով: Անգլիացի փոխծովակալ Սեյմորը սկսեց հետապնդել նրանց, բայց ստիպված եղավ մտնել մոտակա անգլիական նավահանգիստներ` խմելու ջրի, սննդի և զինամթերքի համալրման համար: Հենց դա էլ փրկեց անգլիական նավատորմը վրա հասած սարսափելի փոթորկից: Իսկ իսպանացի ներն այն դիմավորեցին բաց ծովում: Օրկնեյան կղզիների մոտ վիթխարի ալիքները այս ու այն կողմ նետեցին իսպանական նավերը: Նրանցից մի քանիսը ջախջախվեցին բախվելով նորվեգական ժայռերին, շատերը խորտակվեցին բաց ծովում` շոտլանդական ափերի մոտ: Միայն սեպտեմբերի վերջերին հերցոգ Մեդինա¬Սիդոնիան իր նավատորմի մնացորդներով մտավ իսպանական Սանտանդեր նավահանգիստը: «Արմադան» ծովում կորցրեց 75 մեծ ռազմանավեր և տվեց 10.185 զոհ: Իսպանիայում չկար քիչ թե շատ հայտնի մի ընտանիք, որը չսգար իր հարազատի մահը: Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 2¬րդը չպատժեց մեղավորներին, այլ ընդունելով նրանց իր պալատում, խորին հիասթափությամբ արտասանեց մի ֆրազ, որն իրավամբ կարելի է պատմական համարել. «Ես նավատորմ ուղարկեցի անգլիացիների դեմ, այլ ոչ քամու և ալիքների Աստծո»: ՍՏ ԱՄՆ¬ի Ռազմա¬ծովային ուժերի տվյալների` այսօր նրանց մարտական միավորների քանակը կազմված է 296 նավերից: Այն էլ ինչպիսի նավերից` մեկը մյուսից հզոր ու ահարկու: Եվ դրանց շուրջ 55 %¬ը մշտապես գտնվում է բաց ծովում: Ներկայացնենք այդ ուժերի երկու հիմնական զինատեսակներից մեկը միայն` ատոմային ավիակիրները, թռուցիկ նշելով երկրորդ բաղկացուցչի` ատոմային սուզանավերի, ընդհանուր թվաքանակը: Այսօր մարտական շարքի են կանգնած 80 նման սուզանավեր ու էլի 20¬ը գտնվում են ռեզերվում: Ինչ վերաբերում է ատոմային ավիակիրներին, ապա դրանց թիվը կազմում է 10¬ը գերհզոր (75 հազար տոննա և ավելի տարողությամբ) ու ևս 2¬ը` ոչ ատոմային էներգետիկ սարքավորմամբ: Պարզվեց, որ ավիակիրները շատ դժվար խոցելի թիրախներ են: Առաջին հայացքից որպես ռազմամթերքի և վառելիքի պահեստ հառնող այդ անդյուրաշարժ հսկաներն իրականում մարտական խտացված կառույց են, որոնք ողջ տարածությունը թափանցում են իրենց ռադարներով, իսկ ծովի խորքերը` հիդրոլոկատոր¬սոնարների իմպուլսներով: Նրանց տախտակամածից վեր են խոյանում E-2C «Հոք այ» («Բազեի աչք») հեռավոր պարեկության ինքնաթիռները, որոնք ունակ են սպառնալիքը հայտնաբերել հարյուրավոր մղոնների վրա: Հակառակորդի սուզանավերը, թևավոր հրթիռներով զինված հածանավերը և ռմբակոծիչների կոհակները կբախվեն ավիակիրներից երկինք հառած ինքնաթիռ ներին` նրանց հեռավոր մատույցներում: Բացի դրանից, յուրաքանչյուր ավիակիր ծովային էսկադրայի կենտրոն է` շրջապատված պահակային, հրթիռային, հակասուզանավա յին նավերի շքախմբով: Եվ նրանցից յուրաքանչյուրը պաշտպանական հզոր սահմանագծի մի մաս է կազմում: Երկնքում սպառնալից պտտվում են հակասուզանավային ուղղաթիռները, հերթապահում կործանիչների և ռմբակոծիչների էսկադրիլիաները: Փորձեք հապա ներս թափանցել այդ ամենի միջով: Ավիակիրների դարաշրջանը սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Այդ պահից ի վեր կղզիների վրա կամ ծովի մոտ գտնվող յուրաքանչյուր պետություն կարող էր դառնալ տախտակամածից մեկնարկող օդա¬ծովային կործանարար հարվածների թիրախ: Բերենք մի երկու օրինակ: Այդ ճանապարհի առաջին քայլը Ամերիկան կատարեց 1942 թ. ապրիլի 18¬ին, երբ ը-25 ռմբակոծիչները, ինչպես կայծակ պարզ երկնքում, անակնկալ հարձակվեցին Տոկիոյի վրա: Ճապոնացիները ապշահար վիճակում էին, թվում էր, թե ամերիկացիները ոչ մի տեղից մեկնարկել չէին կարող: Հազար մղոնից ավել շառավղով բոլոր կղզիները գրավված էին ճապոնական զորքերով: Դրա հաջորդ օրը նախագահ Ռուզվելտը կատակեց` մեր ռմբակոծիչները օդ էին բարձրացել հեքիաթային երկրից` Շանգրի Լայից: Որպես այդպիսին հանդես եկավ «Հորնեթ» ավիակիրը, որը մոտեցել էր Ճապոնիայի ափերից մինչև 500 մղոն (926 կմ) տարածության վրա: Իսկ առջևում ռեակտիվ ինքնաթիռների դարաշրջանն էր, որն ավիակիրների հարվածային հզորությունը բազմապատիկս ավելացնելու էր: 1950 թ. ամռանը, երբ հյուսիսկորեական տանկային սեպաձև շարասյունները 150-հազարանոց ամերիկա-հարավկորեական զորքերի խմբավորմանը սեղմել էին երկրի ամենահարավային կետում, Դուսան նավահանգստում, հենց ավիակիրները փրկեցին վերջիններիս` ծածկելով նրանց օդից: Նրանց շնորհիվ էր, որ ԱՄՆ¬ը դեսանտ իջեցրեց հյուսիսկորեացիների թիկունքում` Ինչխոն վայրում և, վերջին հաշվով, աշխարհի քաղաքական քարտեզի վրա պահպանեցին Հարավային Կորեա պետությունը: Հայտնի դարձավ, որ այդ լողացող քաղաքներն ու ավիաբազաները կատարյալ գործիք են` լոկալ բնույթ կրող պատերազմներում: Նրանք ազատորեն լողում էին Կորեական թերակղզու ողջ երկայնքով, ներս թափանցելով ռազմաճակատի գծից շատ հեռու և ինքնաթիռների անվերջանալի հարվածները քարուքանդ էին անում հակառակորդի տարածքում գտնվող կամուրջները, երկաթուղային հանգույցները և թունելները, պայթեցնելով վառելիքի պահեստները: Միևնույն ժամանակ անհասանելի մնալով հյուսիսկորեացիների համար: Այդ պատերազմում տախտակամածային ավիացիան իրականացրեց բոլոր մարտական թռիչքների մեկ¬երրորդը` Վաղորդյան Զովի երկրի վրա (այդպես են անվանում իրենց երկիրը կորեացիները) նետելով ավելի շատ ռումբեր, քան ողջ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ: Պարզվեց, որ ծովերը, աշխարհի առանցքային նեղուցները և օվկիանոսային կոմունիկացիաները վերահսկելու ավելի լավ միջոց` քան ավիակիրներն են, ուղղակի գոյություն չունի: Իսկ արդեն այն, թե ինչ ճակատագիր է սպասում մեր օրերի «նոր Արմադային», հայտնի չէ անգամ քամու և ալիքների Աստծուն:

Ռուբեն ԱԴԱՄՅԱՆ