ԲԱՆԱԿԻՑ ԹԱՆԿ ՈՉԻՆՉ ՉՈՒՆԵՄ


Այսօր յուրաքանչյուր զինվոր գիտի, որ Պաշտպանության նախարարության ղեկավար կազմից և զորամասի հրամանատարներից բացի, իր հոգսերով մտահոգ, ցանկացած պահի օգնության հասնող և սատարող, հարազատ մոր նման սրտացավ մի կին էլ կա իր կողքին` Մարգարիտա Խաչատրյանը` միշտ զինվորի հետ և նրա համար: 13 տարի առաջ էր, երբ ճակատագիրն ամեն ինչ խլեց նրանից: Մինամորիկ զավակը մեկնել էր ծառայության: 1998¬ն էր. անհամբեր սպասում էր որդու վերադարձին: Բայց... Երկինքը մթնեց, որդին զոհվել էր: Որդեկորույս մոր համար դժվար էր սփոփանք գտնելը: Անիմաստ էր դարձել ամեն ինչ: - Մենք` սևազգեստ մայրերս, այն ժամանակ ճանապարհներ էինք փակում, հացադուլի էինք դիմում: Մի պահ բանակը դարձել էր իմ քարկոծման թիրախը: Ու հանկարծ մի գիշեր երազ տեսա: Բազմաթիվ կակաչների մեջ իմն էի փնտրում: Որդիս ասաց. «Մայրի´կ, մի´ փնտրիր, բոլոր կակաչները քոնն են: Եղի´ր բանակի կողքին և ամեն ինչ արա, որ սևազգեստ մայրերի թիվը չավելանա»: Որդուս պատգամն ինձ համար դարձավ նշանաբան և երդում,¬ պատմում է տիկին Մարգարիտան: Այդ օրվանից նա դարձավ մեր բանակի «կամավոր զինվորը»` ապրելով միայն նրա հոգսերով, զինվորին օգնելու, ծագած խնդիրներին հնարավորինս արագ լուծում գտնելու պատրաստակամությամբ: Հետագայում հիմնեց «Զինվոր և օրենք» ՀԿ¬ն: Ապա ընտրվեց այն ժամանակ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի կողմից ստեղծված «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ: Մ. Խաչատրյանն առ այսօր ստացել է 70¬ից ավելի պատվոգրեր և 18 շքանշան: Դեռ ոչ մի զինվորի խնդրանք անարձագանք չի մնացել: Շրջայցերի ժամանակ արձանագրած` զինվորներին հուզող խնդիրներից մեկը տիկին Մարգարիտան համարում է արձակուրդների հարցը: Յուրաքանչյուր զորամասում կա գրաֆիկ, որտեղ նշվում է զինծառայողին տրվող արձակուրդի օրը: Իսկ եթե նա որևէ խախտում է թույլ տվել, զրկվում է արձակուրդից: Մարգարիտա Խաչատրյանին հաճախ են դիմում` թեկուզ մի քանի օրով արձակուրդ ձևակերպելու խնդրանքով` նշելով այն հանգամանքը, որ խախտում թույլ տալուց հետո կրկին զենքը ձեռքին գնում են սահմանները պաշտպանելու: Խնդիրներն ու թերություններն արձանագրելուց և Նախարարին զեկուցելուց զատ, «Զինվոր» համակարգող խորհրդի շրջայցերի նպատակը նաև բանակում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտն առողջացնելն է: Տիկին Մարգարիտան համոզված է, որ ցանկացած թերացման մեջ հասարակությունն իր մեղքի բաժինն ունի: Բանակ են զորակոչվում տարբեր ընտանիքներում դաստիարակված տարբեր բնավորության տեր, ի վերջո` հասարակական բարքերի կնիքը կրող մարդիկ: Ամեն ինչ սկսվում է իրար չհասկանա լուց: Իսկ ցանկացած դժբախտ պատահարի հիմքում այն պարզ պատճառն է` որ միմյանց նկատմամբ ներողամտություն չկա: Նա մեծ կսկիծով է խոսում նախորդ տարվա ընթացքում տեղի ունեցած ցավալի դեպքերի մասին. - Շատ մեծ վիշտ ապրեցինք բոլորս: Անընդհատ եղել եմ սևազգեստ մայրերի կողքին, վշտակցել եմ նրանց: Ծնողը դեռ չիմացած` ես արդեն ապրել եմ նրա ցավը, սգացել նրա կորուստը: Կիսելով որդեկորույս մայրերի վիշտը` այնուամենայնիվ չենք կարող անտեսել այն փաստը, որ ունենք կայացած բանակ, ամուր կառույց: Մարգարիտա Խաչատրյանը համոզված է, որ եթե յուրաքանչյուր հայ սատարի գոնե մեկ զինվորի, մեր բանակն ավելի ու ավելի կկատարելագործվի: - Ամեն անգամ մայրաբար խնդրում եմ զինվորներիս` Աստծո խորանից մի´ հեռացեք, միմյանց նկատմամբ ներողամիտ եղեք, իմ կողքին մի´ ավելացրեք սևազգեստ մայրերի թիվը, հարգե´ք միմյանց: Եթե ես հասնեմ նրան, որ զինվորը սովորի ներողություն խնդրել ընկերոջից, կհամարեմ, որ հաղթանակ եմ տարել,¬ ասում է բանակի մեծ մայրը` համոզված լինելով, որ մեր ամենամեծ խնդիրը և բոլոր դժբախտությունների հիմքը զինվորների միջև փոխադարձ հարգանքի և միմյանց ներելու կարողության բացակայութ յունն է: - Սիրելի´ մայրեր, ձեր ձեռքերում է ամեն ինչ. ձեր երեխայի մեջ ներելու կարողություն սերմանեք: Թշնամու ջրաղացին ջուր չլցնենք: Մենք ունենք կայացած բանակ, ունենք մարդկային բարձր հատկանիշներով օժտված հրաշալի Նախարար, ով հայրաբար արցունք է թափել յուրաքանչյուր զոհված զինվորի համար: Եկե´ք սատարենք մեր բանակին, ճրագներ չմարենք,¬ հավելում է նա: Անելիքներն, այնուամենայնիվ, դեռ շատ են: Մ. Խաչատրյանը ծրագրել է այցելել Մարտակերտ, Հադրութ, Թալիշ, Մատաղիս` առաջին գծում կանգնած զինվորներին: Շրջայցեր կկազմակերպվեն դեպի ՊԲ պաշտպանական շրջաններ, ՊՆ բանակային կորպուսներ: Փետրվար-մարտ ամիսներին նախատեսված է այցելել ավելի մոտ շրջաննե րում տեղակայված զորամասեր` համերգային ծրագրերով և զինվորների համար նախատեսված նվեր¬ժամացույցներով: - Ոչինչ չունեմ բանակից թանկ: Հիվանդ կլինեմ, թե հաշմանդամ` քանի դեռ շնչում եմ` կլինեմ բանակի կողքին: Աստված մի´ արասցե, եթե պատերազմ լինի, ես կլինեմ առաջին գծում` իմ բալեքի հետ,¬ ասում է տիկին Մարգարիտան: Նրա բոլոր ծրագրերը, նպատակներն ու անելիքները կապված են միայն բանակի հետ: Իր զինվորին կորցրած մայրը, անսփոփ ցավը խեղդելով, հոգու ջերմությունից բաժին է հանում բոլորին: Այսօր նա գնահատված է առաջին հերթին զինվորի կողմից: «Որդիներն» ամեն վայրկյան սպասում են նրա այցին: Իսկ նրանց երախտագիտության ու վստահության գրավականն աշխարհի ամենասուրբ բառն է` ՄԱՅՐ. նրան այդպես են կոչում բոլորը: Զորացրվելուց հետո հաճախ են այցելում տիկին Մարգարիտային և ցույց տալով նրա նվիրած ժամացույցը` հարցնում` ինձ չե՞ք հիշում…

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ