1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Հիմա էլ կարծեք թե հեծանիվը հիմնական փոխադրամիջոց դարձնելու ժամանակներն են գալիս: Մինչ ներկրողներն այս ուղղությամբ ծրագրեր կկազմեն, բենզինը նորից է թանկացել` հերթական հաստատ` ո´չ վերջին անգամ հատելով անմատչելիության սահմանը: Այս օրերին լցակայանների հրամցրած ամենաէժան լիտրը 400 դրամով է արդեն վաճառվում, իսկ ներկրողներն այս առումով դժվարանում են որևէ լավատեսական բացատրություն ներկայացնել: Ավելին, ի տարբերություն նախորդող գնաճերի` վերջին թանկացումից հետո նրանք ընդհանուր առմամբ սկսել են ձեռնպահ մնալ տեղի ունեցածը մեկնաբանելուց` լավագույն դեպքում հավաստիացնելով, թե վառելիքի միջազգային գներն են բարձրացել: Մյուս կողմից էլ այս շուկայում արձանագրված հերթական գնաճի պատճառներն, ի տարբերություն նախկինների, արդեն քչերին են հետաքրքրում: Ի վերջո, թանկացում ներն ընդհանրապես այնպիսի աշխարհագրություն և պարբերականություն են ձեռք բերել, որ կոնկրետ դեպքերի վրա ուշադրություն դարձնելու ժամանակ անգամ չկա: Բացի այդ` դժվար չէ վերհիշել, որ թանկացումների հիմնավորումները, որպես կանոն, տրամաբանության սահմաններից դուրս են լինում ու ավելի շուտ զավեշտի շրջանակներում են տեղավորվում: Տվյալ դեպքում վաղուց արդեն 1 դոլարի սահմանագիծը հատած վառելիքի գինը 20 դրամանոց հերթական հավելաճի արդյունքում շատերին կմղի մեքենա վարելն անթույլատրելի շքեղությունների ու շռայլությունների շարքում տեսնել: Ուզենք, թե չուզենք` գնաճը սպառման ծավալների զգալի անկման է հանգեցնելու: Դեռևս պահպանվող ստվերի խոշոր չափերի, թե հենց գնողունակության նվազման հետևանքով` 2010¬ի վառելիքի շուկայի տնտեսվարողները հարկային պարտավորությունների կատարման առումով զգալի հետընթաց են արձանագրել: Անխուսափելիորեն նահանջը շարունակվելու է նաև ընթացիկ տարում: