ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ


Սուրեն ՀԱՍՄԻԿՅԱՆ. կինոգետ, պրոֆեսոր, արվեստագիտության թեկնածու, արվեստի վաստակավոր գործիչ «Պատմական ճակատագիրը և անձի տեսակը նույնական չեն» Կինոարվեստի այս նվիրյալի մարդկային տեսակը փոքրիշատե ճանաչելիս` վերստին համոզվում ես, որ մշակույթը պատահականություններ չի հանդուրժում: - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Ոչինչ դժվար չի եղել: Տարօրինակ պատասխան… Եթե երբեք դեմ չես գնում քո խղճին, ինքնությանը, դժվարություններն ավելի հաղթահարելի են դառնում: Կարծում եմ` ինձ դա հաջողվել է. երբեք այնպիսի բան չեմ արել, որի համար ամաչեմ: Կանտի ասած` բարոյական օրենքը մարդուն հետապնդում է նրա ծնված օրից, թեկուզև` չգիտակցի այդ մասին: Դու կարող ես էությամբ Ստալին կամ Հիտլեր լինել, բայց ազատված չես այդ հետապնդումից: Պատահական չէ, որ Հիտլերն ասել է. «Իմ ներկայությամբ խղճի մասին չխոսեք. կգնդակահարեմ»: Ուրեմն նա զգացել է այդ հետապնդումը և դրա վտանգը, քանի որ հանկարծ խիղճը կարող էր և խաթարել նրա հրեշավոր ծրագրերը: Հեգելն ավելի հստակ է ձևակերպել` համամարդկային երկու կիրք կա, որոնք կարող են մարդկանց և° առաջընթացին, և° կործանմանը նպաստել. մեկը ագահությունն է, մյուսը` իշխանատեն չությունը: Ագահությունն ա°յն երևույթն է, որի մասին Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Բ. Օբաման իր ելույթում բարձրաձայնեց` ֆինանսական ճգնաժամը պայմանվորելով ԱՄՆ-ի ագահությամբ: Իսկ իշխանատենչությունը սոցիալիական և հոգևոր գործոն է: Երրորդը չկա. որքան էլ մտածենք` չենք գտնի: Կհարցնեն. «Բա սե՞րը»: Սերը կիրք չէ, հարաբերություններ են, որոնք նույնպես երբեմն, դժբախտաբար, ագահության և շահախնդրության տարրեր են պարունակում: Ընդհանրապես, փիլիսոփաները բարդ երևույթներ ուսումնասիրելով, հանգում էին շատ պարզ ձևակերպումների: Եվ ամենքս, եթե մեզ քննենք` մեր մեջ կգտնենք երկուսն էլ. պարզապես քանակի և համամասնության խնդիր է: Կարող եմ վստահաբար ասել, որ իշխանատենչությունից հեռու եմ, բայց դա չի նշանակում, թե հավակնությունից իսպառ զուրկ եմ: Դիցուք, եթե վաղը թվարկեն Հայաստանում հինգ հայտնի կինոգետներին և անունս չհնչի, ինձ լավ չեմ զգա: Բայց իշխել չեմ սիրում և չեմ ուզում: Միգուցե ինձ հաճախ լիբերալիզմի մեջ են մեղադրել ու երբեմն սխալ է ընկալվել այդպիսի պահվածքս: Գուցեև այդ պատճառով եմ շատ բաներից զրկվել, բայց չեմ էլ ձգտել. բավարարվում եմ եղածով: Ամբողջը բացատրվում է նրանով, որ չեմ ուզում իշխել, որովհետև չեմ ուզում իշխվել. երբ իշխում ես` ընդունակ ու պատրաստ պետք է լինես նաև իշխվելու: - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: - Պապուաս էլ ծնվեի` ստիպված կլինեի հավատարիմ մնալ իմ ծագմանը. այս առումով` մարդ ինչպիսին ծնվել է, այնպիսին էլ պետք է մնա: Եվ չունեմ հատուկ համակրանք որևէ ազգի նկատմամբ. ամեն ժողովրդի մեջ էլ երկու բևեռներն առկա են: Նույնիսկ մեր թշնամի ազգի երեք ներկայացուցիչներ ինձ համար պակաս հեղինակություն չեն: Օրինակ` հայտնի թատերագետ-կինոգետ Սաբիր Ռիզաևը: Այլ խնդիր է, որ այդ ազգին ճակատագրի բերումով կամ այլ ուղեցույցներով հատուկ հայի թշնամու դերն է հատկացվել: Պատմական ճակատագիրը և անձի տեսակը նույնական չեն: Առհասարակ, իրենց տեսակով մարդիկ բաժանվում են երեք հիմնական խմբի. քաղքենիներ, որ մեծամասնությունն է` միայն իր կենցաղով և ճակատագրով մտահոգ: Բայց եթե այդ քաղքենին նաև ընդունակ է մտածել իր շրջապատի ու երկրի մասին, նա ակամայից հայտնվում է այն շերտում, որը կոչվում է էլիտա: Ով իրեն ունակ է ճանաչել որպես քաղաքացի, նա արդեն էլիտա է և դրանով էլ տարբերվում է քաղքենուց: Սակայն էլիտա բառը կարող է և ճիշտ չընկալվել. բավարարվենք քաղաքացի հասկացողությամբ: Եվ վերջապես երրորդ` ավելի սակավամարդ շերտում եզակի հանճարներն են, ովքեր չեն տեղավորվում որևէ կաղապարում: Իհարկե որոշիչը դառնում է քաղքենու տեսակը. երկիրը բնորոշվում է նրանց որքանությամբ ու որպիսությամբ: - Որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք: - Երևակայեք` չկա այդպիսի գաղտնիք, որ այսօր դժվարությամբ բարձրաձայնեմ. եթե գաղտնիք է, ուրեմն հոգուս մեջ է պահվել և հրապարակայնացման կարիքը չունի: Իսկ այլ գաղտնանման եղելությունները կարող եմ օգտագործել զուտ գեղարվեստական նպատակով: Ճիշտ է, ասացի, որ ամաչելու առիթ չեմ ունեցել, բայց, իհարկե, կան բաներ, որոնց համար զղջում եմ. ի վնաս ինձ ինչ-որ բան եմ թույլ տվել` շահս հետապնդելու փոխարեն: Թեպետ, հիմա էլ երևի այդպես կվարվեի: Սակայն կուզենամ «երրորդ իրականության» մասին բարձրաձայնել: Առաջինը` շոշափելի իրականությունն է, երկրորդը` արվեստը, որը չակերտյալ իրականություն է` խաղ է: Երրորդը` վիրտուալ աշխարհն է, որ միայն խաղ չէ. քեզանից անկախ մտնում է կենցաղիդ մեջ և սկսում է իշխել` ազդելով մարդու վրա, ինչը կարող է կործանարար լինել: Դա մրցում է իրականության հետ` ծնելով բազմաթիվ նոր խնդիրներ, մարդու ֆիզոգնոմիան է խախտվում: Համակարգչով Տոլստոյի վեպը չես կարդա, այլ լավագույն դեպքում` կհանես այդ ստեղծագործության համառոտագրությունը` ինֆորմատիվ մասը` գեղագիտության փոխարեն: Սա է վտանգը. դպրոցից սովորեցնում ես համակարգչից հանել Պուշկինի բանաստեղծությունը. պարզ չէ՞, որ երեխան չի ընկալելու: - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային: - Այսօրվա ճակատագիրը: Մեր ազգի, երկրի ապագան, որն ինձ կարող էր և քիչ հետաքրքրել. կյանքիս մեծ մասն անցել է: Բայց մտածում եմ` այնուամենայնիվ, զավակներիս, թոռներիս, ընդհանրապես` մեզանից հետո եկողներին ի՞նչ է սպառնում: Սա պարապ խոսք չէ. հիվանդագին եմ ընդունում այն, ինչ կարող է պատահել հետագա տասը կամ քսան տարիների ընթացքում, որովհետև վախենում եմ, որ Հայաստանը հանկարծ կարող է ավելի վատ իրավիճակում հայտնվել: Հարյուրավոր տարիներ հետո մեր հողերի ազատագրման իրողությունը նույնիսկ, ճիշտ չենք կարողանում օգտագործել` որպես ազգային նվաճում: Այսինքն` հաղթանակներն էլ չենք կարողանում «մարսել»: Դա ինձ անշուշտ մտահոգում է, քանզի վերաբերում է ոչ միայն անձիս, այլ ազգիս: Եվ ընդհանրապես` հասարակական գիտակցությունը մարդու էությունն է: - Մանկության այն հուշը, որ մինչ այժմ ուղեկցում է Ձեզ: - Մեկը չէ. կինոյի օրենքով` ամբողջ կյանքս «կադրավորված» հուշերի տեսքով, ուղեկցում է ինձ: Հայրենական պատերազմից մոտավորապես հինգ տարի առաջ` երկու-երեք տարեկան էի, երբ հայտնվեցի Թիֆլիսում. մեքենայի կողքին կանգնած է մորեղբայրս… պատկերը մնացել է: Յոթ-ութ տարեկան էի` պատերազմ էր, և ինքս ինձ համար որոշել էի, որ Ստալինը մեծություն չէ, թեև նրա անունը տալու դեպքում չծափահարելը արդեն հանցագործություն էր համարվում: Հաստատ չգիտեի, որ սրիկա է, հրեշ, բայց համոզված էի` մեծություն չէ, չնայած, իմ ընտանիքին նա ոչ մի վատություն չէր հասցրել անել: Նկատել էի, որ ժամանակակիցները շատ մեծերի երբեք չեն գնահատել, բայց հանկարծ ինչ-որ մեկին բոլորը հանճար են կոչում և ինքն էլ ընդունում է իր այդ գովեստները: Ո՞նց կարող է այդպես լինել. տարօրինակ երևույթ է: Ինչպես Վ. Սարոյանը կասեր. «Ինչ-որ տեղ ինչ- որ բան ճիշտ չէ»: Այդտեղից իմ մեջ ծնվեց արժեքները գիտակցորեն գնահատելու հոգեբանական սկզբունքը:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ