Մակքեյնը հոռետես է


Արիզոնացի սենատոր Ջոն Մակքեյնն անցյալ շաբաթ հայտարարել է, որ ԱՄՆ-ը պարտություն է կրելու Աֆղանստանում (հաղորդել է CNN հեռուստաալիքը). - Այդպիսի պատերազմում եթե չես հաղթում, ապա պարտվում ես: Իսկ մենք հիմա Աֆղանստանում չենք հաղթում,- ասել է նախագահի նախկին թեկնածուն: Նրա գնահատմամբ` ամերիկացիներն աֆղանցիների նկատմամբ առավելություն ունեցել են մինչև 2005 թ. սկիզբը: Այդուհետ վիճակն սկսել է վատանալ` ամերիկյան զորքերի մի մասի դուրսբերման պատճառով: Մակքեյնը հարկ է համարել արձանագրել նաև, որ թեև Աֆղանստանում իրավիճակն այնքան ողբերգական չէ, որքան Իրաքում էր` այն ծանր ժամանակներում, սակայն վերջին 4 տարիների ընթացքում ազատամարտիկների հարձակումներն հաճախակիացել են ավելի քան 5 անգամ: Ավելին, 2008-ին նրանց ակտիվությունը գագաթնակետին է հասել: Սենատորի եզրահանգումն էլ առանձնապես ինքնատիպ չէ. չնայած ամերիկացիները «հոգնել են պատերազմից», այդուհանդերձ անհրաժեշտ է հաղթանակ ապահովել Աֆղանստանում, որպեսզի նորից ահաբեկիչների ապաստան չդառնա այդ երկիրը, որտեղից «Ալ-Քաիդան» հարձակումներ էր իրականացնում ԱՄՆ-ի դեմ: Ըստ Մակքեյնի` վճռորոշ հաջողության համար ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական լրացուցիչ ջանքեր են պետք: Դիցուք, նախատեսված` մինչև 134 հազարի փոխարեն 160-200 հազար զինվորի ներկայությունը պարտադիր է այնտեղ: Նաև Աֆղանստանին օգնել է պետք` պետական կառույցներն ամրապնդելու և տնտեսությունը զարգացնելու համար: Մակքեյնը կարծում է, որ այս ամենն իրագործելու պարագայում նույնիսկ աֆղանական խնդրի լուծումը կձգվի ևս մի քանի տարի