ԽՈՍՔՆ ՈՒ ԱՍՈՂԻԿԸ


Այսօր բոլորը պահանջում են խոսքի ազատություն և պատրաստ են պաշտպանել այն` իբրև անհատի անկապտելի իրավունք: Խոսքի ազատությանն սպառնացող վտանգի մասին բոլոր զանգերը խլացուցիչ ուժգնությամբ հնչեցնում են զազրախոսը, համրը, կակազողը, ճամարտակողը, ունայնամիտը, և այդ մասին լռում են միայն Դեմոսթենեսն ու Ցիցերոնը: Բայց խոսքը ո՞ր, ի՞նչ խոսքի մասին է, խոսքի ազատությո՞ւն, թե՞ խոսելու ազատություն: Մի բան գիտեմ` խոսելուց առաջ և խոսելու համար պետք է ասելիք ունենալ: Ուզում եմ ասել` ամենից առաջ մտածենք մեր խոսքի, մեր ասելիքի մասին, հետո մտածենք մեր խոսքի կերպի, մեր ասելիքի «ինչպեսի» մասին և վերջում միայն խոսափող ու ամբիոն պահանջենք: Եթե ես շուրթ եմ շարժում, որպեսզի կաղին ասեմ` կաղ և կույրին ասեմ` կույր, ոչ թե Թումանյանի աջը շառաչով թող փակի իմ բերանը, այլ հովիվ պապիս մահակը բերանիս մեջ թող փշրի իմ ատամները: Բայց այսօր ես շուրթ եմ շարժում, որպեսզի հրապարակներում և կտուրների վրայից գանգրահերին ասեմ` ճաղատների ճաղատ և սիգացողին ասեմ` երկու ոտքով կաղ: Ոչ միայն... Այլև պահանջում եմ, որ Ոսկեբերան կամ Ոսկեշուրթ հորջորջվեմ: Աստված հեռու պահի ձեզ իմ այդպիսի խոսքի այդպիսի ազատությունից, հեռու պահի ամեն տեսակի պղծված շուրթերից, խժալուր ու խեցբեկագույն բառերից: Ասելիք ունենանք, հարգելի ժողովականներ, նախևառաջ` ասելիք: Այն, որ ասում են` լռությունը ոսկի է, ասելիք ունեցողի լռության մասին է: Ասելիք ունենալու դեպքում կարելի է նաև լռել: Այսօր Հրանտ Մաթևոսյանի կամ Տիգրան Մանսուրյանի լռությունն ինձ ավելի շատ է խորհելու տեղիք տալիս` խանգարելով իմ քունը, քան մեր մամուլի բարձրաձայնությունն ու բազմաձայնությունը` դարձյալ խանգարելով իմ քունը: Հույս ունեմ, որ ինձ կհասկանաք և կներեք: Ես կողմ եմ Պարույր Սևակի խոսքի ազատությանը և դեմ եմ ունայնամիտի զազրախոսությանը: Ունայնամիտին եթե լռեցնելու ուժ չունենք, եթե մեզ տրված չէ նրա բերանը փակելու իրավունքը, գոնե նրան չլսելու խելք ունենանք: Զազրախոսի համար հարկ չկա անհանգստանալու. նրան լռեցնողը դեռ չի ծնվել միջուկային ռումբերով զինված մեր այս աշխարհում: Նա խավարի մեջ, մի մութ անկյունում, մի պատի տակ միջոց ու հնար կգտնի փսփսալու, գաղտնիք հայտնելու պես փսփսալու, իմաստություն բարբառելու հանգույն փսփսալու: Այսօր մենք պետք է մտածենք… Ձենով Օհանի մասին: Այնպես մտածենք, որ Օհանը կարողանա թամբել այն ձին, որը մի ակնթարթում Օհանին կհասցնի ամենաբարձր լեռան գագաթը, որպեսզի Օհանը կարողանա իր զորեղ, պատառող ձայնով կանչի` «Դավի°թ, ո՞ւր ես», որպեսզի Դավիթը կարողանա լսել հորեղբոր ձայնը, որպեսզի կարողանա փշրել ջրաղացքարերը, որպեսզի դուրս գա Մելիքի վիրապից, որպեսզի ամբողջ հասակով կանգնի թշնամու դեմ-դիմաց և որպեսզի նրան անի ճիշտ երկու կես: Ամբողջ խնդիրն այն է, որ Ձենով Օհանն իր ոտքերի տակ բարձր լեռնագագաթ ունենա և բարձր ամենահաս ձայն` ոգեկոչող ու փրկող ձայն: Այսպիսի ձայնի, այսպիսի խոսքի ազատությունն է այսօր պետք, որ ոչ միայն Դավթին դուրս բերի վիրապից, այլև Մհերին` Ագռավաքարից: Խոսքի ազատությանը սովորաբար նախորդում է անհատի ներքին ազատությունը: Այդպես պետք է լինի: Հազար ու մի վախերից, կասկածներից, հաշվարկներից ու նկատառումներից քունը կորցրածն այլևս անազատ է շղթայվածից առավել: Աշխարհի ամենազրնգուն խոսափողն ու ամենակապույտ էկրանն էլ տրամադրենք նրան, միևնույն է` նա սինլքորի ու պնակալեզի խոսք է ասելու` թեկուզ փայլելու չափ պերճահարդար բարբառի, թեկուզ ամերիկյան սահմանադրության ազատություններով պարտադրված լինի: Նրա մեջ ժամապահի զգոնությամբ պարեկում է ճիզվիտ գրաքննիչը, նա խոսքի ազատության պետք չունի: Ոչ էլ մենք նրա խոսքի պետքն ունենք: Նախևառաջ` ասելիք` ազնիվ, ճշմարիտ ասելիք, որին չի կարող անլսելի դարձնել յոթ ջրաղացքարն անգամ: Իսկ ասելիքն իրեն կերպավորել գիտի: Ձին ձիավորի տակ է խաղում, նժույգը հեծյալի տակ է կրակ կտրում` ի՞նչ արգելապատնեշ, ի՞նչ սար ու ձոր: Համոզված եմ: Մի կասկածեք: