Հայն աշխարհում Եվ նա երգեց «Անդրանիկ»... Աթաթուրքի համար


Հակոբ Մարթայանի մասին «համարձակվել են գրել» խորհրդային «ինտերնացիոնալ» գաղափարախոսական գրաքննության մամլիչի տարիներին. Ծ. Աղայանի հուշագրությունը` «Հայերը Թուրքիայում» վերտառությամբ, լույս աշխարհ է եկել ընդամենը մի քանի օրինակով, 1969-ին Խորհրդային Հայաստանի Գիտությունների ակադեմիայում, «Պաշտոնական ծառայության համար» մակագրությամբ, և դա լավագույն, գուցեև միակ հնարն էր` այն տարիներին հրապարակելու ազգային-հայրենասիրական բնույթի որևէ նյութ: Թուրքական լեզվախմբի լեզուների ցայժմ չգերազանցված տեսաբանի և ամենաականավոր մասնագետի մասին գիտնականները ավելի խորը և ծավալուն են գրել, և հուսով եմ` դեռ շատ կգրեն: Ես կփորձեմ պարզապես ուրվագծել Մարթայանի պայծառ կերպարը: Համոզված եմ` դա մեզ պետք է: Մանավանդ այսօր և հե°նց այսօր: Ծնվել և մահացել է Պոլսում: Սովորել է Պոլսի ամերիկյան միջնակարգ դպրոցում, Ռոբերտ քոլեջում, եղել նույն քոլեջի անգլերենի դասատու, ապա` տնօրեն: 1932-ից Թուրքիայի լեզվաբանների միության գլխավոր մասնագետը, 1936-50-ին` Անկարայի համալսարանի դասախոս, դասավանդել է ընդհանուր լեզվաբանություն և լեզվաբանության պատմություն: 1942-70-ին` թուրքական հանրագիտարանի տեխնիկական խորհրդատու և գլխավոր խմբագիր: Մինչև 1932-ը զբաղվել է հայագիտական աշխատանքով, հիմնել «Ռահվիրա» «Մշակույթ» (Սոֆիա) թերթերը, «Լույս» (Բեյրութ) շաբաթաթերթը: Հրատարակել է պիեսներ, հայագիտական աշխատություններ («Աստվածաշունչը և աշխարհաբա րը», «Համայնապատկեր հայ մշակույթի», «Գրի ծագումը և տարածումը», «Հաբեթաբանություն», Վարդանանց պատերազմին նվիրված «1500-ամյակի խոհեր» և այլն), անգլերեն է թարգմանել Շանթի «Հին աստվածները»: Ծ. Աղայանը վկայում է, որ բացի թուրքական ընտանիքին պատկանող լեզուներից, Մարթայանը ազատ տիրապետում էր եվրոպական մոտ 20 լեզվի, բանասիրաբար գիտեր նաև վրացերեն և ռուսերեն, բնագրով կարդացել էր Ռուսթավելու «Ընձենավորը» և պոեմի հոբելյանի առթիվ հատուկ ուսումնասիրություն էր հրատարակել: Դարձյալ բնագրով կարդացել էր Մայակովսկի և Մ. Շահինյան, հոդվածներ գրել նրանց մասին: 1968-ին խորհրդային պատվիրակության կազմում Անկարա այցելած հայ գիտնականներին հյուրընկալելիս 73-ամյա բարձրահասակ և բարեկազմ գիտնականը հիացրել էր իր աշխույժ և հաճելի բնավորությամբ, բազմակողմանի խորագիտակությամբ (Աղայանը միայն մի բան է ցավով նշում. որ Մարթայանները Անկարայում հարաբերում էին միայն 8-10 հայ ընտանիքի հետ և ապրում աքսորականի պես: «Դա մեզ վրա ծանր տպավորություն թողեց. կարծես եղեռնը շարունակվում էր»,- գրում է նա): Թվում է` հերթական տաղանդաշատ, շնորհաշատ հայի կենսագրություն է, և դա բավական է` այդպիսի ազգակցով հպարտ զգալու համար: Սակայն շարունակենք թերթել Մարթայան-հայի կյանքի` անակնկալներով լի էջերը: Իր հայագիտական աշխատությունները, որոնց վերնագրերն իրենք են խոսում դրանց արժեքի մասին, նա միշտ ստորագրում էր իր իսկական անուն-ազգանունով, երբեք չէր թաքցնում իր հայ լինելը, միշտ հպարտ էր դրանով, սակայն թուրք իրականության մեջ թնդում էր նրա մյուս անունը` «Դիլաչար»: ... 19 տարեկան էր, երբ սկսվեց Առաջին համաշխարհայինը: Թուրքական բանակ զորակոչված Հակոբին, ճակատագրի բերումով, չի վիճակվում զինաթափված և կոտորված մյուս հայ զինվորների բախտը. նա տեղափոխվում է Կովկասյան ճակատ, որտեղից որպես հայ, այսինքն` անվստահելի, տեղափոխվում Սիրիայի թուրք-անգլիական ճակատ: Անգլիացի գերի սպաները, իմանալով, որ հայ զինվորը անգլերեն գիտի, խնդրում են միջնորդել թուրք հրամանատարության առջև, որ իրենց հանդեպ հալածանք և բռնություն չգործադրվի: Երբ նա փորձում է այդ անել, թուրք սպաները նրան հայտարարում են դավաճան և շղթայակապ տանում հրամանատարի մոտ: Արդեն այստեղ էլ էր հասել ահազարհուր եղեռնի լուրը, ուստի համոզված, որ իրեն փրկություն չկա, հայ երիտասարդը հրամանատարի երեսին բացեիբաց ասում է, որ նման բարբարոսական ճանապարհով Թուրքիան չի կարող քաղաքակրթված երկիր դառնալ, որ դա վայել է ոչ թե առաջադիմության ձգտող երկրին, այլ միայն սուլթանական կարգերին և նման այլ ճշմարտություններ: Ի զարմանս բոլորի` հրամանատարը նրան առաջարկում է նստել և բոլոր մյուսներին հեռացնելով` թեյ է առաջարկում ու խնդրում պատմել առաջադիմական հասարակական կառույցների մասին: Զրույցը, որը, բնականաբար, շատ երկար է տևում, ավարտվում է ձեռքսեղմումով և հրամանատարի բարեկամական հրավեր-խնդրանքով` հաճախակի այցելել իրեն: Հայ մարտիկի «դասերը» շարունակվում են երկար: Որոշ ժամանակ անց, սակայն, Մարթայանին հաջողվում է լքել թուրքական բանակը և անցնել արտասահման, ուր նա ծավալում է բեղուն հայագիտական գործունեություն: Այս պատմության մեջ ամենաուշագրավն այն է, որ այդ հետաքրքրասեր հրամանատարը և «ուշիմ» աշակերտը ինքը` Մուստաֆա Քեմալն էր, որը մի քանի տարի անց պիտի դառնար Թուրքիայի նոր պետության ղեկավարը, պետք է թուրքերենի արաբատառ այբուբենը փոխեր լատինականի և 1932-ին, իրենց լեզուն արաբականից և իրանականից մաքրելու նպատակով, ստեղծեր թուրքական լեզվաբանական միությունը: Թուրք լեզվաբանների առաջին իսկ խորհրդակցությանը Քեմալը տեսնում է, որ նրանց մեջ շատ քիչ են գիտակ լեզվաբանները: Նա անմիջապես հիշում է իր բանակային «ուսուցչին» և Մարթայանին հրավիրում նույն տարում կայացած` թուրք լեզվաբանների առաջին համագումարին: Համագումարին հայ գիտնականի ակտիվ մասնակցությունը Քեմալին թելադրում է` նրան առաջարկել մնալ Անկարայում: Մարթայանը դառնում է նրա գլխավոր խորհրդատուն լեզվի, գիտության, մշակույթի և լուսավորության բնագավառում: Նրա կարծիքը մշտապես վճռական և անգնահատելի էր այդ լեզուն օտարաբանություններից մաքրելու և զարգացնելու, եղած բառարմատներից նոր բառեր և տերմիններ ստեղծելու գործում, նա թերթերի ու հրատարակությունների գլխավոր խորհրդատուն էր լեզվաշինության հարցում: Այչ ժամանակ էլ ծնվում է Մարթայանի տիտղոսը` Դիլաչար, որ թուրքերեն նշանակում է «լեզվի բանալի», և որը նրան «շնորհելիս» Քեմալը (նա ինքն էր իր գործիչներին անձամբ ազգանուն շնորհում) ասում է. «Ակոփ էֆենդի, դու անուն էլ ունես, ազգանուն էլ: Քեզ միայն տիտղոս պիտի տամ»: Թուրք գործիչների ներկայությամբ Հայի անուն-ազգանունը որպես փաստ հայտարարելը (երբ Թուրքիայում շատ հայեր ապրում էին և հիմա էլ ապրում են ծածկանուններով կամ ուղղակի թուրքական ազգանուն են կրում), նրա հեղինակության և վայելած հարգանքի ևս մի ակնառու ապացույց էր: Այդ նույն օրը Մարթայանն էլ «կնքում» է Քեմալին` Աթաթուրք: Հակոբ Մարթայանի աներկբա հեղինակության ևս մի գեղեցիկ դրվագ. մի անգամ Քեմալը նրան հրավիրում է Դոլմա Բախչեի իր պալատի (Պալյանների կառուցած հրաշակերտներից մեկը) աշխատասենյակը և խնդրում է կարգավորել տարբեր երկրներից ստացված ու անկարգ թափված գրքերը և սովորեցնել, թե ինչպես օգուտ քաղել դրանցից: Եվ վերջինը, որ կուզեի պատմել: Տերմինաշինությամբ զբաղվող լեզվաբանների խմբին Քեմալը հրավիրում է ճաշկերույթի: Սեղանի շուրջ նա առաջարկում է յուրաքանչ յուրին` որևէ բան պատմել կամ երգել իր մայրենի լեզվով: Երբ հերթը հասնում է Մարթայանին, նա երգում է. Ինչպես արծիվ սավառնում ես լեռ ու սար... ... Սեղանակիցները կատաղած նայել են երգող հային, աչքերը աջ ու ձախ ոլորել և սպասել, որ նախագահը հիմա իր զայրույթը կթափի նրա գլխին: Սակայն Քեմալը, որը հայտնի էր իր անփոփոխ հակահայկական դիրքորոշմամբ, որը հայտարարում էր. «Մենք պետք է ոչնչացնենք հայկական բանակը և հայկական պետությունը», այդ նույն Քեմալը դանդաղ վեր է կացել տեղից, մոտեցել է Մարթայանին և ասել. «Այդ երգը մեր թշնամու գովերգն է, բայց լավ երգ է, և դուք էլ շատ լավ երգեցիք: Անդրանիկը մեր կատաղի թշնամին էր, նրա սրից շատ թուրքեր են ընկել: Բայց ոչ ոք չի կարող նրան խլել իր ժողովրդից: Նա իր ժողովրդի հերոսն է, և բնական է, որ հայերը սիրում ու մեծարում են նրան»: Ապա Քեմալը դարձել է թուրքերին. «Անդրանիկը մեծ հերոս էր, բայց պարտվեց: Բայց կարող էր այնպես պատահել, որ մենք պարտվեինք, այն ժամանակ դուք երևի մոռանայիք մեզ և չհիշեիք: Հայերը ճիշտ են վարվում, որ մեծարում և չեն մոռանում իրենց հերոսներին»: Ես վայր եմ դնում գրիչս: Ինձ համար Անկարայում գցված այն հեռավոր սեղանը մի փոքրիկ Ավարայրի է հավասար, իսկ թուրքական ամենախոր որջում «Անդրանիկ» երգած Հակոբ Մարթայանի կերպարը սուրբ է Վարդանի ու նրա 1036 նահատակ զինակիցների հիշատակի նման: Եվ անչափ կուզենայի, որ այս պահին ինձ համակած հրճվագին հպարտության զգացումը լրագրային այս փոքրիկ ակնարկիցս դուրս հորդեր ու ողողեր հայությանս` երկրեերկիր, տնից տուն, սրտից սիրտ... Ամեն անգամ խոր ափսոսանքն է համակում ինձ, երբ մտածում եմ մեր պատմական բախտի ու բոլոր այն հանգամանքների մասին, որոնց պատճառով այս մեծ գիտնականը չկարողացավ իր ուժերը հարկ եղածին չափ ի սպաս դնել իր ազգին: Եվ գլուխ եմ խոնարհում այդ հերոսական հիշատակի առաջ, որի «հանցանքը» եղավ այն, որ թուրքական հանրագիտարանում «չափից ավելի» տեղ տվեց «Հայաստան» բառին, որի համար էլ արդեն առաջացած տարիքում պատժվեց... թուրքավարի...

Զարմիկ ՍԱՐԳՍՅԱՆ