Արտարժութային խուճապ


Երեկ, Կենտրոնական բանկի խորհրդի` արտարժույթի փոխարժեքի լողացող քաղաքականությանը վերադառնալու որոշումից հետո Երեւանի փոխանակման կետերում կատարյալ քաոս սկսվեց: ՀՀ ԿԲ նախագահը հավաստիացրել, որ լողացող փոխարժեքի քաղաքականությանը վերադարձը չի վնասի դրամային պարտավորություններ ունեցող գործարարներին եւ հայաստանյան բանկերին: Ժողովրդի խուճապը, ավելի ստույգ խուճապ հրահրողների գործոնը նա հաշվի չի առել: Մինչդեռ հնարամիտ «գործնականները» իրենց մտքի «սլացքն» էլ միացրին արտարժույթի վայրիվերումներին, և ստացվեց այնպես, որ գնման և վաճառքի միջև 40-50 դրամի տարբերություն արձանագրվեց: Խուճապից, իհարկե, անմասն չմնացին խանութպանները (հատկապես` ծայրամասերում գտնվող)` աչքաչափով 50-100 դրամով ավելացնելով մթերքները (ձեթ, շաքարավազ…): Ըստ մեքենատերերի պնդումների, անակնկալ «թռիչք» է ապրում նաև բենզինի գինը, ինչը դեռ շարունակելու է աճել: Իսկ մաքսակետերում, ինչպես պատմել են քաոսային այդ պահին այս ծառայությունից օգտվողները, պարզապես դադարեցվել են մաքսազերծման աշխատանքները: Ո՞վ է մեղավոր` չշտապենք դատապարտել, պարզապես դրամի արհեստական արժևորումը, երևի թե ի վերջո պիտի հանգեցներ նման իրավիճակի: