Հարավային Կովկասը` գորդյան հանգույցում


Հարավային Կովկասը, որն իրականում Մերձավոր Արևելք կոչվող մեծ ու անհանգիստ տարածաշրջանի անբաժանելի մասն է, հայտնվել է տեղի երկրներին դժվար ու վտանգավոր խնդիրներ առաջադրող աշխարհաքաղաքական գործընթացների տեղապտույտի մեջ: Այդ խնդիրները` էներգակիրների, Ղարաբաղի հարց, Հայաստան-Թուրքիա հարաբերություններ, կապված են մեկը մյուսի հետ, և դրանցից յուրաքանչյուրի լուծումն առանձին հնարավոր կամ գրեթե հնարավոր չէ: Բանն այն է, որ այդ գլոբալ խնդրում ներգրավված են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Հայաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան: Երկրներ, որոնցից յուրաքանչյուրն այս խնդիրների գորդյան հանգույցում ի°ր շահերն ունի, որոնք, մեղմ ասած, միշտ չէ, որ համընկնում են մյուսների շահերին: Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները փորձում են սեփական դիրքերն ամրապնդելով, մեկը մյուսին դուրս մղել տարածաշրջանից: Եվ այս մեծ խաղում, բնականաբար, նշյալներից ամենաթույլ դիրքերը Ադրբեջանինն ու Հայաստանինն են: Բազմիցս քննարկվել և ապացուցվել է, որ Ռուսաստանը դեմ է Հարավային Կովկասում էներգետիկ ծրագրերի իրականացմանը: Եվ Կրեմլը ջանում է հասկացնել Ադրբեջանին, որ եթե չխոչընդոտի տարածաշրջանում նոր էներգատարների կառուցմանը, կարող է այնպիսի խնդիրներ ունենալ, ինչպիսին ունեցավ Վրաստանը` հարավօսական և աբխազական բախումներում: Իհարկե, այս դեպքում Ռուսաստանն օգտագործում է ղարաբաղյան թնջուկը: Ռուսաստանը նույնն է ակնկալում նաև Թուրքիայից: Այս իմաստով պատահական չէ Անկարայի հետ Մոսկվայի սկսած սիրախաղը: Սկզբից վերջինս ողջունեց Կովկասում համագործակցության ու անվտանգության հարթակ ստեղծելու մասին Անկարայի նախաձեռնությունը, ապա քաջալերեց Հայաստանի նախաձեռնած ֆուտբոլային դիվանագիտությունը: Իսկ վերջերս, Մոսկվա կատարած այցի ավարտին Գյուլը հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները հարցերի մեծամասնության շուրջ համընկնում են կամ շատ մոտ են: Թուրքիան Ռուսաստանի հետ մերձենալով, ցանկանում է Եվրամիությանը և ԱՄՆ-ին ի ցույց դնել սեփական կարևորությունը: Միաժամանակ, Անկարան առիթը բաց չի թողնում նույնը անել նաև Մոսկվայի պարագայում: Բոլորովին վերջերս Թուրքիան առաջարկել է ԱՄՆ-ին Իրաքից դուրս հանած զորքերը տեղակայել իր տարածքում: Իհարկե, այսպիսով Անկարան փորձում է իր օգտին լուծել ևս մեկ խնդիր: Մինչ հիշյալ առաջարկությունը, վարչապետ Էրդողանը Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույցում նշել է, որ Թուրքիան ուշադրությամբ հետևում է Մերձավոր Արևելքին ու Հայաստանին վերաբերող ամերիկյան քաղաքականությանը: Նա հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգները կպահպանի արդար և օբյեկտիվ դիրքորոշումը` երկկողմանի կապերին չվնասելու համար: Ակնարկն առավել քան թափանցիկ է: Մոտենում է ապրիլի 24-ը: Իսկ Դավոսում Շիմոն Պերեսի հետ Էրդողանի ունեցած լեզվակռվից հետո ԱՄՆ-ում հրեական լոբբին հայտարարել էր, թե չի միջամտի Վաշինգտոնի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցին: Այնպես որ, իր տարածքում ամերիկյան զորքերին տեղ հատկացնելու դիմաց Թուրքիան փոխհատուցում է ակնկալում Վաշինգտոնից: Ստացվում է, որ վերոհիշյալ գլոբալ խաղում Թուրքիան փորձում է օգտվել Ռուսաստանի և Արևմուտքի շահերի հակասությունից` ամրացնելով իր դիրքերը տարածաշրջանում: Եվ որքան էլ ասվի, թե թույլ չի տրվի, որ Անկարան որպես միջնորդ հանդես գա ղարաբաղյան հակամարտության հարցում, այնուամենայնիվ, հասկանալի է, որ հայ-թուրքական հարաբերությունները վերջինս դիտարկում է հենց այդ պրիզմայով: Պաշտոնական Երևանի համար հուսադրողը, թերևս, այն է, որ Մոսկվա կատարած այցի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը քննարկել է նաև Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հարցը: Իսկ այդ երկաթուղու նշանակությունը Հայաստանի համար և° տնտեսական, և° քաղաքական առումով, դժվար է գերագնահատել:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ