ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ` ԱՆՈՒՐՋՆԵՐՈՒՄ


Լևոն Տեր-Պետրոսյանն այլևս նախկին ոգևորությամբ իշխանության չի ձգտում կամ ինչպես չորս ու կես ամսվա լռությունից հետո կիրակնօրյա հանրահավաքում հայտարարեց` նախընտրում է իշխանափոխության միայն սահմանադրական ճանապարհները: Ասել է թե` այն, ինչ տեղի ունեցավ նախորդ մարտի 1-ին, առաջին Նախագահն այլևս երբեք չի ցանկանա կրկնել: Մատենադարանի շրջակայքում կայացած` թեև չարտոնված, բայց խաղաղ հանրահավաքում նա հայտարարեց, թե «ապստամբության», «հեղափոխության» գաղափարներն իրենց գործելաոճի շրջանակներում չեն կարող տեղավորվել (արդե՞ն-խմբ ), որքան էլ Հայ Ազգային Կոնգրեսի համակիրների ինչ-որ մասն ավելի ակտիվ գործընթացների կողմնակիցը լինի: - Ուժով նվաճված իշխանությունը այլ կերպ, քան ուժով հնարավոր չէ պահպանել,- հորդորելով հիշեցրեց առաջին Նախագահը: Նախկինում ժամ առաջ իշխանափոխություն պահանջող Լ. Տեր-Պետրոսյանը ներկայում խոստովանում է, թե ինքն արդեն համառ ու երկարատև պայքարի կողմնակից է: Իր այս նորացված մոտեցումը նա համեմատեց 88-ի իրադարձությունների հետ` ընդգծելով, թե այն ժամանակ էլ շտապողները քիչ չէին, բայց դեպքերի ընթացքը հաստատեց, որ իշխանափոխության լավագույն գրավականը համբերատարությունն է: Լ. Տեր-Պետրոսյանը գտնում է, որ անհանգստանալու առիթ ինքը չունի: Նրա դիտարկմամբ իր ղեկավարած միավորումն այս հանրահավաքից առաջ տևական ժամանակ պասիվ կեցվածք է որդեգրած եղել, բայց հակառակ մինչ այդ հնչած «սպառնալիքներին», որևէ քաղաքական ուժ այդպես էլ չի ձգտել արմատական ընդդիմության տեղն զբաղեցնել: Ինչ վերաբերում է իշխանության կայծակնային նվաճմանը, ապա այս հարցում ՀԱԿ առաջնորդն ակնհայտորեն ավելի հոռետես է դարձել, սպասում է ինչ-ինչ նպաստող գործոնների:Համենայն դեպս, նա հատուկ ընդգծեց իշխանության ու հանրապետության Նախագահի հրաժարականի հավանականությունը, ինչպես նաև, իր ձևակերպմամբ` ազգային փրկության կառավարության ձևավորման ու դրանում ընդգրկվելու պատրաստակամության մասին: Առաջին Նախագահին ինչ-որ բան փրկելու ինքնավստահություն է ներշնչել տնտեսական ճգնաժամի հետևանքների խորաթափանց վերլուծությունը: Նրա գնահատմամբ` առաջիկայում մեզ ավելի վատ ժամանակներ են սպասվում. ավելի վատ, քան 90-ականների դժնդակ տարիներն էին: Այդուհանդերձ, Կոնգրեսը ոչնչի խառնվել չի ցանկանում, ինչի համար էլ երկամսյա ընդմիջումից հետո միայն` մայիսի 1-ին է կայանալու հաջորդ հանրահավաքը: Աշխատավորության տոնը, որ ՀՀՇ իշխանության տարիներին թե տոնացույցից և թե գործնականում մեր իրականությունից դուրս մղվեց, երևի, ըստ ՀԱԿ առաջնորդի հաշվարկի` հիմա արդեն գործազուրկներին նույնպես հանրահավաքի կբերի: Բացի այդ, այդպես էլ «բաց» մնաց քաղաքապետի ընտրություններում Կոնգրեսի մասնակցության հարցը, ինչն էլ հուշում է, որ եթե առաջիկա շաբաթներին ՀԱԿ-ը ակտիվ քաղաքական պայքարում ներգրավելու մասին որոշում ընդունի, ապա մայիսի 1-ը ճիշտ այն օրն է, երբ պաշտոնապես մեկնարկելու է մայիսյան ընտրությունների քարոզարշավը: Այնպես որ, հաջորդ հանրահավաքի համար կարծեք թե հարմար օր է ընտրվել, իսկ թե ինչ կլինի մինչ այդ, Կոնգրեսում, կարծես, առանձնապես չեն էլ կարևորում: