Հա՞ որ..


ՎԵ°ՐՋ: Այլևս ոչինչ փոխել հնարավոր չէ: Հանրային ծառայությունները կարգավորողները նախօրեին հաստատել են էլեկտրաէներգիայի, գազի և ջրի նոր սակագները: Ընդ որում, քվեարկությունը միաձայն ելք է ունեցել, ու նշված հանձնաժողովում ընդգրկվածները չեն ցանկացել, չեն փորձել վիճարկել նոր սակագները: Նախորդ դեպքերում, որքան հայտնի է, հանձնաժողովն ընդվզում կամ գոնե նման փորձեր էր անում… Արդյունքում` մի քիչ էլ գին էր «գցում», ու տվյալ ծառայության համար ներկայացված սակագինը մի փոքր մեղմվում էր: Հիմա կարելի է ասել, թե իրավիճակը փոխվել է, ու ծառայություններ մատուցող ընկերությունների առաջարկներն այս հանձնաժողովում այնքան հիմնավոր են թվացել, որ մի կարգին քննարկում անգամ տեղի չի ունեցել: Զավեշտալի համերաշխություն հիշեցնող այս պատմությունը, սակայն, գործն այսքան հեշտ գլուխ բերելով միայն չի ավարտվում. սակագներն ընդունելուց հետո դժվար է ասել` դրանք վերանայած ընկերություննե՞րը, թե՞ առաջարկները հաստատած հանձնաժողովը (կամ էլ միգուցե երկուսը միասին) տեղեկատվական կատաղի քարոզչություն են ծավալել, թե իբր միջին վիճակագրական ընտանիքի համար թանկացումներն «արժենալու» են ընդամենը մի 1.000 դրամ: Վերջիններիս, իհարկե, դժվար է համոզել, որ իրենք միգուցե, բայց ժողովուրդը հաստատ նման հաստատ նման «աչքաչափով թվաբանության» անհավաստիությունն ապացուցելու անիմաստությունից այնքան է ձանձրացել, որ նախորդող շաբաթների ողջ «կռիվը» հաստատ ընդամենը 1.000 դրամի համար չէր: Մեզանից գրեթե յուրաքանչյուրը ցանկացած պահի կարող է նման գումարից հրաժարվել, միայն թե այս կամ այն ծառայության տեսուչը ինչ-որ թղթապանակներով դռան շեմին չհայտնվի ու համառորեն «գլուխ չարդուկի»: ՀԻՄԱ էլ անդրադառնանք մեզ հրամցվող ծառայությունների որակին: Ասենք, գազի պարագայում ոլորտի մասնագետները դեռ շատ վաղուց այն կարծիքին էին, թե պարսկական գազն անհամեմատ որակյալ է ռուսականից: Խնդիրն, ինչպես տեսնում ենք, մեր լուծելիքներից չէ, բայց բնակարաններում այրվող երկնագույն վառելիքը վերջին շրջանում շատ ուրիշ խնդիրներ էլ է առաջացրել: Նախ, մեր համաքաղաքացիները դարձյալ սկսել են բողոքել հավելագրումներից, և բացի այդ, շատերի պնդմամբ` գազօջախի փականը բացելուց հետո մի քանի վայրկյան նախ օդ է արտամղվում` հաշվիչին գազի չափաքանակ գրանցելով: Մենք բազմիցս ենք համոզվել, որ Երևանն, իրոք, Ռիո Դե Ժանեյրոն չէ, և էլեկտրաէներգիայի տատանումների արդյունքում մասամբ կամ ամբողջովին շարքից դուրս եկող էլեկտրասարքերի նյութական վնասը եթե ինչ-որ մեկը փորձի էլցանցի միջոցով վերականգնել, ապա առնվազն շրջապատի տարօրինակ վերաբերմունքին կարժանանա: Էլցանցի տվյալ բաժնում էլ մեր համաքաղաքացուն երևի թե հոգեգարի հետ կշոփոթեն: Մինչդեռ շատ հաճախ մեր հայրենակիցներն իրենց նման շռայլություն ամիսների, տարիների խնայողությունների արդյունքում են կարողանում թույլ տալ: Շռայլություն, որն անորակ ծառայություն մատուցող ընկերության մեղքով մեկ վայրկյանում կարող է հօդս ցնդել: Պակաս շռայլ չէ նաև Հայջրմուղկոյուղին, և եթե գազի պարագայում առայժմ միայն սովորական օդ է մղվում, ապա ջրի հետ ոչ միայն օդ, այլ ցանկացած այլ անհավանական լուծույթներ ու առարկաներ էլ են մեր բնակարաններում հայտնվում: Հաճախ էլ այդ հեղուկն այնպիսի տեսակ և բաղադրություն է ունենում, որ դրան բացի ջրից ինչ ասես` կարելի է անվանել: Այն միգուցե ոռոգման նպատակով նույնիսկ չարժե օգտագործել, բայց այնպես ստացվեց, որ Հանրային կոչվող հանձնաժողովը որոշեց մարզային բնակավայրերում ջուրն այլևս շռայլորեն օգտագործելու հնարավորությունը սահմանափակել: Չէ՞ որ հաճախ էլ մաքրամաքուր աղբյուրի ջրով հազարավոր հեկտարներ են ոռոգվում, ու այս դեպքում էլ ստացվում է, որ մարդիկ բնության բարիքը անվճար, ուստիև անխնա են օգտագործում: Սա թերևս այս պատմության միակ տրամաբանական քայլն է: ԻՍԿ ինչ վերաբերում է հարցի բարոյական կողմին, ապա երևի թե ստիպված ենք հաշտվել, որ եղածն արդեն եղած է, և մեզանում սովորաբար արդեն կայացած իրողութ յուններն այլևս անիմաստ է քննարկել: